ՌԴ-ն խստացնում է միգրացիոն քաղաքականությունը. ՀՀ քաղաքացիները ևս կառնչվեն դրանց
Օրերս հայտնի դարձավ, որ Ռուսաստանը խստացնում է միգրացիոն օրենսդրությունը: Հայաստանի միգրացիոն ծառայության հանրայիկ կապերի պետ Նելլի Դավթյանն ասուլիսում այսօր տեղեկացրեց, որ ՀՀ քաղաքացիների մի ստվար զանգված ևս առնչվելու է այս խստացումներին: Մասնավորապես, ՀՀ-ից 61 հազար միգրանտերի մուտքը համարվել է անօրինական։
«Նախազգուշացվել է, որ ՌԴ-ն պատրաստում է սանկցիաներ, որ պետք է կիրառվեն այս թիրախային խմբի նկատմամբ: Հորդորում են, որպեսզի մինչև հունիսի 15-ը երկրի տարածքը լքեն անօրինական միգրանտի կարգավիճակում գտնվող քաղաքացիները»,- ասաց նա։
Այդ մասին, հիշեցնենք, անցյալ ուրբաթ ՌԴ ՆԳ նախարարի առաջին տեղակալն էր հայտարարել, որից հետո հայտարարությունը տարածվեց նաև Հայաստանում:
Այլ կոշտ խստացումներ ևս կան: Օրինակ, հուլիսի 7-ին ուժի մեջ կմտնի միջազգային փոխադրումների իրականացման նկատմամբ կիրառվող վերահսկողության մասին օրենքը, որը ենթադրում է, որ օտարերկրյա փոխադրողը, երբ ՌԴ սահմանը հատում է, և նա կամ իր ներկայացրած կազմակերպությունը, եթե սահմանահատման պահին ունի չվճարված տուգանք, ապա այդ պահից սկսած նա 3 ժամ ունի տուգանքը վճարելու և շարունակելու ճանապարհը։ Հակառակ դեպքում նրա մուտքը կարգելվի։ Իսկ ՌԴ տարածքում էլ երթևեկության կանոնները խախտելու դեպքում սահմանի վրա վարորդը խնդիր է ունենալու և ստիպված է լինելու նախ տուգանքը վճարել, ապա շարունակել ճանապարհ:
Նշենք, որ Պետական դուման քննարկում է միգրացիոն խստացումների մեկ այլ փաթեթ, որոնք առաջարկում են, օրինակ, որ եթե նախկինում քաղաքացիները ՌԴ-ում կարող էին 180 օրվա ընթացքում Ռուսաստանում գտնվել 90 օր, ապա այժմ նույնքան՝ 90 օր կարող են գտնվել մեկ ողջ տարվա ընթացքում։ Իսկ առանց գրանցման անձը կարող է Ռուսաստանում մնալ 30 օր, ավելի ժ-ամկետով մնալու համար նրա գրանցումը պարտադիր կդառնա։