23.11.2024
Փաշինյանը կարող է չպահել արտահերթ ընտրությունների գնալու պայմանավորվածությունը. Կոստանյան
prev Նախորդ նորություն

Մամուլ. Ո՞ր պաշտոնի մասին է երազում Վլադիմիր Կարապետյանը

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Փաստ» օրաթերթը գրում է. «Վերջին շրջանում շատ է խոսվում ԱԳ նախարար Արա Այվազյանի՝ հրաժարական տալու կամ պաշտոնից հեռացվելու մասին, որի համար հիմնական պատճառ է բերվում այն, որ նախարարն այդպես էլ չի դառնում քաղաքական թիմի անդամ, իսկ ԱԳ նախարարությունը չի պաշտպանում թիմի քաղաքական կուրսը: Դա է պատճառը, որ նախարարը եւ նախարարությունը հրապարակայնորեն հակադարձել են գրեթե բոլորին, ովքեր հանդես են եկել հակասական հայտարարությամբ: Բանը հասավ նրան, որ նախարարը ստիպված եղավ հանրային հայտարարել, որ «որեւէ մեկը, բացի իրենից» իրավունք չունի հանդես գալ արտաքին քաղաքականության վերաբերյալ դիրքորոշմամբ: Թեեւ քաղաքական թիմը որեւէ արձագանք չտվեց ԱԳ նախարարի այս հանդգնությանը, իշխանական կուլուարներում սկսել են փնտրել նոր, առավել ենթարկվող նախարարի... ու կարծես թե գտել են: Մեր տեղեկություններով գոնե ինքն իրեն որպես այդպիսին է դիրքավորում դիվանագիտության շարքերը ժամանակին լքած դիվանագետ, Փաշինյանի նախկին խոսնակ Վլադիմիր Կարապետյանը: Վերջինս շատ լուրջ է մոտեցել իր ապագա նշանակմանը, քանի որ արդեն բավական ժամանակ է՝ իր լրատվականի միջոցով թիրախավորում է հենց արտաքին գործերի նախարարությունը՝ վերջինիս հակադրելով կառավարության ընդհանուր դիրքորոշմանը: Վլադիմիր Կարապետյանը տարբեր շրջանակներում մեծ ոգեւորությամբ է նշում իր եւ ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյայի միջեւ ձեւավորված ընկերական հարաբերությունների մասին, որի հետ այս փուլում իրականացնում է տարբեր հարցերի շուրջ փակ երկխոսություն՝ շրջանցելով ԱԳՆ-ն: Այնպես որ, Կարապետյանի նշանակման դեպքում Ադրբեջանի հետ ուղիղ երկխոսությունը, որին դեմ է հանդես գալիս ԱԳՆ-ն, արդեն իսկ բաց կիրականացվի: Մնում է պարզել, թե ով է ադրբեջանցի այդ պաշտոնյան եւ ինչ է իր երազած պաշտոնի դիմաց պատրաստ անել Վլադիմիր Կարապետյանը»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը երեկ խորհրդարան էր եկել ոչ այնքան սթափ վիճակում, այդ մասին մասնավոր զրույցներում չէին հերքում անգամ նրա թիմակիցները։ Դա ակնհայտ էր ոչ միայն անադեկվատ, իրար հակասող հայտարարություններից ու պահվածքից։ Նա ոչ միայն նախկիններին էր թիրախավորել, այլեւ ինքն իրեն էլ էր հակասում։ Օրինակ, ասում էր, թե սուտ է՝ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը պատերազմի 4-րդ օրը չի ասել, թե 2-3 օրվա ընթացքում պետք է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար։ Մինչդեռ 2020 թվականի դեկտեմբերի 16-ին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում, պատասխանելով հարցին, Փաշինյանը չէր ժխտել, որ այն ժամանակ դեռ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը նման բան է ասել»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Արդար ընտրություններից, հավասար հնարավորություններից և ազնիվ ընտրապայքարում հաղթելուց խոսող Նիկոլ Փաշինյանը երեկ անսպասելի ելույթ ունեցավ Ազգային ժողովում՝ ըստ էության, ազդարարելով նախընտրական քարոզարշավի սկիզբը։ Ճիշտ է՝ դեռ հրաժարական չի տվել, երկու անգամ չընտրվելու թատրոնն էլ դեռ չեն բեմականացրել, ոչ էլ ՀՀ նախագահն ու ԿԸՀ-ն են ընտրությունների մասին հայտարարել, բայց բոլորին միանգամայն պարզ է, որ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնողը, օգտվելով իր պաշտոնի ընձեռած հնարավորություններից, նախընտրական ճառ է ասում՝ արդեն իսկ խախտելով օրենքը։ Ընդ որում, ելույթը, որը պետք է վերաբերեր կառավարության ծրագրի կատարմանը, ոչ մի կապ չուներ դրա հետ։ Անհիշելի ժամանակներից եկող ինչ-որ հիշողություններ, անգամ՝ Հոկտեմբերի 27-ի հիշատակմամբ։ Նորից նույն տեքստերը՝ նախկիններին ուղղված լուտանքներով։ Արցախյան հիմնահարցի սեփական, աղավաղված պատկերացումների շարադրանք։ Թացը՝ չորի, մեղավորին անմեղի հետ խառնելով՝ պատերազմի ու մեր կորուստների վերլուծություն։ Մշուշոտ արդարացումներ, անանուն ու անհասցե մեղադրանքներ, մեղքի ու պատասխանատվության, թշնամանքի ու բարեկամության, արդարության և պատժի մասին կասկածելի հայտարարություններ, որոնց չգիտես էլ ինչպես հակադարձես։ Եվ արժե՞ հակադարձել։ Մի անասելի զարմանք է պատում լսողին՝ լավ, այսքան սխալն ու թյուրըմբռնումը, դեմագոգիան ու երեսպաշտությունը, կեղծիքն ու ստախոսությունը, սեփական իրավացիության մեջ անխախտ համոզմունքն ինչպե՞ս են բուն դրել այս մարդու մեջ։ Մի՞թե կասկածի, զղջումի, ափսոսանքի գիտակցումն իսպառ բացակայում է, և իր շրջապատում չկա մեկը, որ բացատրի՝ այսպես չի կարելի մի ամբողջ երկիր կառավարել։ Այսպես կառավարելու արդյունքում ենք մենք այս վիճակին հասել»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երեկ խորհրդարանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց կառավարության 2020 թվականի գործունեության հաշվետվությունը, բայց ավելի շատ ինքնապաշտպանական քարոզչական ելույթ էր, որից հետո պատասխանեց նաեւ պատգամավորների հարցերին եւ մի քանի ուշագրավ հայտարարություններով հանդես եկավ: Վարչապետը մանրամասն պատմեց արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում տեղի ունեցած դեպքերի մասին, եւ հենց այդտեղ էլ թաքնված էին վրիպակները: Ընդ որում, նկատենք՝ Փաշինյանը ելույթ ունենալիս օգտվում էր թերթիկից, այսինքն՝ ելույթի տեքստը գրված էր նախապես, բայց դա չխանգարեց, որ, օրինակ, իր խոսքում նա ասի «Ֆրանսիայի նախագահ Պուտին», «2021 թվականի 44-օրյա պատերազմ» եւ այլն: Իհարկե, Փաշինյանը վրիպակներից հետո փորձում էր իրեն ուղղել: Փաշինյանի մեկ այլ հայտարարություն եւս հետաքրքիր էր: Խոսքը այն հայտարարության մասին է, որտեղ Նիկոլ Փաշինյանը «Ադրբեջանի տարածքներ» անվանեց Արցախի ազատագրված շրջանները՝ ասելով, որ հոկտեմբերի 19-ին պատրաստ է եղել վերադարձնել դրանք:


«Ես զանգահարել եմ ՌԴ նախագահին եւ ասել եմ, որ մենք հրադադար ենք ուզում՝ Ադրբեջանի տարածքները վերադարձնել՝ 5+2 ձեւաչափի պայմանով»,-ասաց նա: Այստեղ հարց է առաջանում՝ ՀՀ վարչապետն իսկապե՞ս այդպես է մտածում, այդ տարածքները Ադրբեջանի՞նն է համարում, թե՞, այսպես ասած, խոսքի սայթաքում էր: Ապա արդարացնելով սեփական ձախողումը՝ նա հերթական անգամ ԱԺ ամբիոնից հորինած պատմություն պատմեց՝ ասելով. «Կարո՞ղ է զանգել ասել են՝ տանկերը քշեք Երեւան, ձեր թշամին հրապարակում է»: Նշենք, որ նմանօրինակ կեղծիքի տարածումը նա իրականացրել է անգամ պատերազմի ժամանակ՝ գրելով, թե օդում կախված տեղեկություններ ունի, իբր, ընդդիմադիրներից ոմանք զորքին հորդորել են չկռվել, մինչդեռ ԱԱԾ-ն հայտնեց, որ նման բան չի եղել: Փաշինյանը նաեւ անդրադարձավ Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի հետ կապված իրավիճակին եւ արեց մի հայտարարություն, որը Գասպարյանն ArmLur.am-ի հետ զրույցում հերքեց: Մասնավորապես, ըստ Փաշինյանի՝ նիստին ԶՈՒ ԳՇ պետը ասել է՝ հակառակորդը առաջխաղացում չունի, բանակը կատարում է իր խնդիրը եւ մինչեւ վերջ կկատարի։ «Չի ասել Գլխավոր շտաբի պետը նման բան։ Դա արձանագրված է պաշտոնապես, այդ թվում ձայնագրությամբ է արձանագրված»։ Նա ավելի ուշ, պատասխանելով նաեւ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հարցին, ասաց անգամ, թե կարող են համապատասխան ձայնագրություն հրապարակել: Ավելի ուշ Օնիկ Գասպարյանը Armlur.am-ի հետ զրույցում հայտարարեց՝ վերահաստատում է նախկինում արած իր հայտարարությունը, իսկ Փաշինյանին մեղադրել է իրականությունը խեղաթյուրելու եւ իշխանական լծակները օգտագործելով հանրությանը մոլորության մեջ գցելու համար»։


«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը նախկին իմքայլական պատգամավոր Գոռ Գեւորգյանի հարցին չպատասխանեց։ Պատճառը ոչ այնքան այն էր, որ պատգամավորն ամոթանք տվեց իմքայլականներին՝ Փաշինյանի ելույթին հոտնկայս ծափահարելու համար, որքան այն, որոշ տեղեկություններով, նա վաղուց ատամ ուներ նրա վրա։ Մեզ պատմեցին, որ նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն փաստաթղթի ստորագրումից հետո Փաշինյանի եւ թիմակիցների առաջին հանդիպմանը Գեւորգյանն առաջինն է ելույթ ունեցել, վերլուծել իրենց եռամյա անցած ուղին եւ վերջում հիմնավորել, որ Նիկոլ Փաշինյանի հեռանալու ժամանակն է։ Բայց իմքայլականները պատմում են, որ Գոռ Գեւորգյանը ժամանակին խմբակցության նիստերից մեկի ժամանակ գործընկերներին ասել է, որ իրենք՝ բոլոր 88-ը, Փաշինյանի «վզին նստած» են եկել խորհրդարան։ Եվ երեկ վարչապետի հետ տհաճ հարցուպատասխանից հետո այդ պատմությունն էր ակնարկում իմքայլական Սիսակ Գաբրիելյանը՝ հորդորելով «հարգելի պարոն վարչապետին»՝ չանդրադառնալ նախկին թիմակիցներին, ովքեր ժամանակին խոստովանել են, որ իր «վզին նստած» են մտել խորհրդարան։ Գաբրիելյանը նաեւ ձեռքով ցույց տվեց ծոծրակը։ Եղե՞լ է նման խոսակցություն նիստի ժամանակ՝ հարցրինք Գոռ Գեւորգյանին։ Նա չհիշեց նման զրույց, փոխարենը Սիսակ Գաբրիելյանին հորդորեց իր՝ այստեղ հայտնվելու մասին պատմել, թե ինչպես է եղել․ «Ի տարբերություն ցուցակում հայտնված շատ-շատերի, իմ ընկերների հետ աշխատել եւ չարչարվել եմ իմ ստացած ձայների համար։ Թե դրանից որ մասնաբաժինն է պատկանում թիմին, առաջնորդին, որը՝ ինձ, ես անհարիր եմ համարում քննարկել»։


«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկվա ելույթի կարեւոր արձանագրումներից մեկն այն էր, որ Նիկոլ Փաշինյանը բաց տեքստով խոստովանեց, որ հայկական բանակ՝ որպես ինքնուրույն միավոր, չի լինելու, եւ որ Հայաստանի բանակը Ռուսաստանի բանակի ներքո է «բարեփոխվելու»։ «ՀՀ արտաքին անվտանգության ապահովման առանցքը հայ-ռուսական դաշինքն է։ Քննարկում ենք ռուսական ռազմաբազայի հնարավորություններն ընդլայնելու հարցը եւ Սյունիքում ռազմաբազայի հենակետ ստեղծելու հնարավորությունը»,- նշեց Փաշինյանը։ Ի դեպ, երեկ նա նիստի ընդմիջումներն անցկացնում էր ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի աշխատասենյակում, քանի որ Արարատ Միրզոյանը, ինչպես հայտնի է, Հայաստանում չէ, գործուղվել է Սանկտ Պետերբուրգ»:


«Փաստ» օրաթերթը գրում է. «Երեկ Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը նորից իր տարերքի մեջ էր՝ բղավոցներ, գոռգոռոցներ, միտինգային ոճ ու բառապաշար և, իհարկե, մշտական թեզեր, այդ թվում՝ իրենից բացի մեղավոր են բոլորը, հատկապես բանակն ու «նախկինները»: Այս ամենին գումարած՝ Արցախը հանձնածների, 5000-ից ավելի զոհ տվածների՝ հոտընկայս բուռն ու երկարատև ծափահարությունները, որոնք շատերը գնահատեցին որպես ցինիզմի գագաթնակետ: Միայն օվացիաներն էին պակասում, որ պատկերն ամբողջական դառնար: Ի դեպ, ակնհայտ էր, որ Փաշինյանը սարսափելի լարված ու նյարդային էր: Եվ ոչ միայն նա, նաև «քայլող» պատգամավորները: Վկան՝ նրանցից մի քանիսի ջղաձիգ ու հիստերիկ պահվածքը լրագրողների հետ շփվելիս: «Փաստ» թերթի տեղեկություններով, դրա գլխավոր պատճառն այն է, որ նա մարզերից ստացվել են հանրության տրամադրվածության ուսումնասիրությունների արդյունքները (ինչի մասին գրել էինք օրերս), որոնք քիչ է ասել, թե անմխիթարական են իշխանությունների համար: Դրանից զատ, Փաշինյանին նոր հուսահատություն են պատճառել նախօրեին հատուկ ծառայությունների կողմից տրամադրված վարկանիշային նոր տվյալները: Ըստ այդմ, Նիկոլ Փաշինյանի դրական վարկանիշը ներկայումս մոտ 17 տոկոս է, իսկ հակառեյտինգը («որևէ պարագայում չեմ քվեարկի»)՝ 46 տոկոս: Սրանից զատ, նրան շատ ավելի նյարդայնացրել են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վարկանիշային ցուցանիշները. դրականը՝ 31 տոկոս, հակառեյտինգը՝ 6 տոկոս: Հավելենք, որ, ըստ իշխանական կուլիսներում պտտվող խոսակցությունների, Փաշինյանը շարունակում է ակտիվորեն «դուխ» տալ իր թիմակիցներին: Բոլոր նրանց, ովքեր դեմ են ընտրություններին՝ վստահ, որ հաղթելու շանս չկա, Փաշինյանը հույս է տալիս, թե անպայման հաղթելու են, բայց եթե չհաղթեն էլ, գոնե ցույց կտան, որ հեռացան դեմոկրատական եղանակով, ոչ թե ճնշման տակ: Եվ հետո, խորհրդարանում խմբակցություն կունենան, որն իրենց համար ապահովության երաշխիք կլինի»:


«Փաստ» օրաթերթը գրում է. «Եթե իսկապես ընտրությունների թեման լուրջ է, ապա, ըստ տրամաբանության ու օրենսդրության, ԱԺ յոթերորդ գումարման խորհրդարանը պետք է ցրվի։ Նախապես հայտարարվածի համաձայն, դա պետք է լինի մինչև մայիսի կեսը: «Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանությունները, մտահոգ լինելով կառավարությունից ԱԺ ուղարկված, բայց դեռևս խորհրդարանի լիագումար նիստեր չմտած մի շարք նախագծերի հետագա ճակատագրերով, մտադիր են ամեն կերպ դրանք վավերացնել։ Մեր ունեցած տեղեկություններով, փաստացի մեկ ամսվա կտրվածքով, բացի հերթական քառօրյայից, կառավարության և խորհրդարանական մեծամասնության կողմից նախատեսվում է հրավիրել մի քանի արտահերթեր, որոնց օրակարգերը կլինեն բավականին հագեցած։ Խոսքը այն նախագծերի մասին է, որոնց «անցկացումը» պետք է հենց իշխանություններին: Հավելենք, որ վերջին շրջանում մոդայիկ է դարձել առանց խորհրդարանական ընդդիմության ԱԺ նիստեր անցկացնելու ավանդույթը, այնպես որ, թեկուզ առանց ընդդիմադիրների, իմքայլականները գործադիրի ցանկությունները օդում չեն թողնի։ Ի դեպ, չի բացառվում, որ «արագի մեջ» անցկացնեն նաև մի շարք խնդրահարույց նախագծեր»:


«Փաստ» օրաթերթը գրում է.«Ճիշտ է՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հենց հունիսի 20-ին տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրությունները, բայց թե ինչքանով են հավատ ներշնչում Փաշինյանի քաղաքական հայտարարությունները, այս երեք տարում մենք լիովին համոզվել ենք։ Շատ հաճախ իշխանությունները մի բան են հայտարարում, բայց անում են հակառակը։ Չհաշված, որ այն, ինչ իշխանական քարոզչամեքենան շտապում է հերքել, պարզվում է՝ դա է իրականությունը։ Մյուս կողմից էլ՝ չի բացառվում, որ ցանկացած պահի անկանխատեսելի զարգացումներ կարող են տեղի ունենալ։ Բայց ենթադրենք, որ արտահերթ ընտրությունները, այնուամենայնիվ, տեղի են ունենալու, ի՞նչ պատկեր կարող ենք ունենալ դրա արդյունքում։ Զարգացած քաղաքական մշակույթ ունեցող երկրներում հանրությունը առավել մեծ ուշադրություն է դարձնում քաղաքական ուժերի ծրագրերին, այնտեղ արտացոլված դրույթներին ու դրանց իրացվելիությանը, քան կուսակցություններում ներգրավված անձանց գործոնին։ Իսկ մեզ մոտ քաղաքական մշակույթն այնպիսի աստիճանի վրա է գտնվում, որ քաղաքացիներն ավելի շատ իրենց ձայնը տալիս են անձնավորություններին, քան ուշադրություն են դարձնում կուսակցությունների գաղափարախոսությանը, ծրագրերին ու դրանց իրականացման հարցին։ Այդ է պատճառը, որ պոպուլիստական գործիչները կարողանում են վստահության մանդատ ստանալ, իսկ իրենց ծրագրում արտացոլված դրույթներն այդպես էլ մնում են թղթի վրա։ Բայց հանրության վստահության քվեին արժանացած այս կամ այն քաղաքական ուժի աշխատանքի ռեալ արդյունքները պետք է որոշել նրանով, թե որքանով են նրանց նախընտրական ծրագրերն իրականություն դարձել։ Այս համատեքստում ուշագրավ է դիտարկել «Իմ քայլը» դաշինքի 2018 թ. նախընտրական ծրագիրը։


Առաջիկայում մենք դրան կանդրադառնանք ըստ տարբեր ոլորտների: Այս անգամ կխոսենք անվտանգության ոլորտին վերաբերող ծրագրային հատվածի մասին։ Չխորանալով «Իմ քայլի» նախընտրական ծրագրում արտացոլված առանձին կետերի մեջ, հարկ է ուղղակի նշել, որ բանակին ու անվտանգությանը վերաբերող ծրագրային խոստումները լիովին տապալված են։ Այդպես, օրինակ՝ ծրագրում խոսվում է արդի պահանջներին համապատասխան բանակ ունենալու մասին, բայց պատերազմի օրինակով տեսանք, թե ինչ արեցին իշխանությունները։ Այդ խնդիրը լուծելու փոխարեն իշխանությունները միայն իրենց փիառի հարցն էին լուծում։ Օրինակ՝ ո՞ւմ էր պետք, որ Փաշինյանը նկարվեր Սու-30 կործանիչների ֆոնին ու փիառվեր այն դեպքում, երբ դրանք հագեցված չէին հրթիռներով։


Իսկ զինած ուժերի կենսունակությունն ու օպերատիվությանը վերաբերող ծրագրային դրույթներն ուղղակի հեքիաթի ժանրից են, քանի որ այս երեք տարվա ընթացքում տարվել է պետության հիմնասյուներից մեկի՝ բանակի վարկաբեկման հետևողական քաղաքականություն, այն դեպքում, երբ տարիներ շարունակ բանակը հանրության համար ամենավստահելի կառույցներից մեկն է եղել։ Արդյունքում սպայակազմը և պատերազմում հերոսական ուղի անցած անձինք թիրախավորվել են, նրանցից կերտվել է «թալանչիների» իմիջ, իսկ բանակում պրոֆեսիոնալիզմի փոխարեն առաջնայնություն է տրվել իշխանությունների նկատմամբ լոյալությանը։ Հենց դրա արդյունքում է, որ հիմա մեր բանակը ծանրագույն օրեր է ապրում։ Այս ամենին զուգահեռ՝ իշխանությունների քաղաքականության արդյունքում Հայաստանի արտաքին անվտանգային միջավայրը դարձել է առավել վտանգավոր և սպառնալիքներով լեցուն։ Իրենց նախընտրական ծրագրում իշխանությունները խոսում էին Արցախը բանակցությունների կողմ դարձնելու անհրաժեշտության մասին, սակայն դրա փոխարեն մենք ունենք մի իրավիճակ, որ Արցախը բզկտված ու վիրավորված վիճակում է գտնվում։ Սրա հետ մեկտեղ իշխանություններն ուղղակի իզորու չեն նաև ՀՀ սահմանների անվտանգության հարցը լուծել, և ստիպված են ռուսական զորքերի օժանդակությանն ապավինել։ Իր նորանկախ պատմության ընթացքում Հայաստանը երբեք այսքան խոցելի չի եղել, երբ թուրք-ադրբեջանական տանդեմը ժամանակի ընթացքում նորանոր սպառնալիքներ է ստեղծում մեր պետականության համար։ Ահա թե ինքնիշխանության մասին ճառեր արտասանող իշխանություններն ուր հասցրին մեր երկիրը։ Իսկ հունիսին սպասվող ընտրություններին ընդառաջ ինչ գեղեցիկ ու կախարդական խոստումներ էլ գրեն իշխող ՔՊ-ի նախընտրական ծրագրում, ո՞վ կհավատա դրանց, եթե նույն այդ մարդկանց նախորդ ծրագրում գրվածի փաստացի հակառակն է տեղի ունեցել»:


«Փաստ» օրաթերթը գրում է. «Քաղաքական դաշտը շարունակում է հետաքրքիր վերադասավորումներ ստանալ. կուսակցությունները ակտիվորեն իրենց շարքերն են թարմացնում, արդեն ուրվագծվում են համամասնական ցուցակները: «Փաստ» թերթի տեղեկություններով, այս ընտրական մարաթոնից անմասն չի մնալու նաև հանրությանը ոչ անհայտ Արայիկ Պարոնյանը, որը մինչև անցած տարվա փետրվարի 8-ը շուրջ 12 տարի զբաղեցրել է սոցիալական ապահովության ծառայության պետի առաջին տեղակալի պաշտոնը՝ երբեմն նաև որպես ժամանակավոր պաշտոնակատար ղեկավարելով համակարգը: Պարոնյանը անցած տարի պաշտոնից հեռացել է, ըստ ամենայնի, նոր իշխանության հետ հակասությունների պատճառով՝ ֆեյսբուքյան գրառմամբ համակարգի «երեխաներին» հորդորելով հետևել Գալուստ Գրիգորիչի խորհուրդին և մեծանալ։ Այժմ Պարոնյանը, ըստ «Փաստի» տեղեկությունների, հանգրվանելու է Խաչիկ Ասրյանի «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակի բարձր հորիզոնականներից մեկում»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Պետական վերահսկողական ծառայությունը վերջերս երբ փորձել է ստուգումներ իրականացնել Երեւանի քաղաքապետարանում, դիմադրության է հանդիպել: ՊՎԾ աշխատողներին, այսպես ասած, դուրս են հանել քաղաքապետարանից եւ չեն թողել, որ նրանք ստուգումներ իրականացնեն։ «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Երեւանի քաղաքապետարանին եւ փորձեց հասկանալ, թե ինչ է կատարվել այնտեղ, ինչու է ՊՎԾ-ն ստուգումներ սկսել, եւ ինչու են քաղաքային իշխանությունները դիմադրել, սակայն այնտեղից, մեր հարցին ի պատասխան, նշեցին. «Ձեր հարցման պատասխանն առաջարկում ենք ստանալ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ստուգումներ եւ ուսումնասիրություններ իրականացնելու իրավասություն ունեցող պետական մարմիններից»: Իսկ, ահա, Պետական վերահսկողական ծառայությունից ո՛չ հերքեցին, ո՛չ էլ հաստատեցին մեր ունեցած տեղեկությունները՝ ասելով, թե չեն մեկնաբանում լուրը: Նկատենք, որ քաղաքապետարանում ստուգումներն իրականացնել, ըստ էության, չի հաջողվել, քանի որ հանդիպել են անձամբ քաղաքապետ Հայկ Մարությանի դիմադրությանը, եւ վերջինս ասել է, թե իրավունք չունեն իրենց ստուգելու: Նշենք, որ քաղաքապետարանում ստուգումներ անելու հրահանգը տվել է կառավարության աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը, քանի որ Հայկ Մարությանն այլեւս չի շփվում իմքայլականների հետ եւ վերահսկողությունից դուրս է եկել: Վերջում հավելենք, որ, չնայած այդ դիմադրությանը, ՊՎԾ աշխատակիցները շարունակում են ստուգումները»:


«Հրապարակ» թերթը գրում է. «ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանին անհայտ է «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի հետագա ճակատագիրը։ Հիշեցնենք, որ ԱԺ-ն 2 օր ուշացումով է օրենքն ուղարկել ՀՀ նախագահի հաստատմանը։ Իրավական ընթացակարգերի պահպանման դեպքում նախագահն այն նորից հետ պիտի ուղարկի ԱԺ։ Սակայն ապրիլի 2-ին նախագիծը ստացած Արմեն Սարգսյանը դեռ քայլ չի անում՝ ո՛չ ԱԺ է ուղարկել, ո՛չ ՍԴ է դիմել՝ աչք փակելով ուշացման վրա: Նախարարը թեեւ հյուրընկալվել էր Արմեն Սարգսյանին, սակայն երեկ վստահեցրեց, որ այդ հարցը չեն քննարկել։ Օրենքի ճակատագրի վերաբերյալ հարցին էլ պատասխանեց, որ իրավական ճանապարհով լուծում կստանա։ Ի՞նչ նկատի ունեք։ «Իրավական ճանապարհ, նկատի ունեմ՝ օրենքի շրջանակներում»։ Դիտարկմանը, որ օրենքով՝ ուշացման դեպքում պետք է այն հետ ուղարկվի, եւ սկսեն զրոյից, ասաց․ «Այդ հարցին ես ի զորու չեմ պատասխանել»։ Իսկ նախագահն ի՞նչ է ասել՝ ստորագրելո՞ւ է, հե՞տ է ուղարկելու, թե՞ ՍԴ է դիմելու։ «Այդ թեմայով չենք խոսել, աշխատանքային քննարկում է եղել՝ մեր ոլորտի հետ կապված»։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ապրիլի 16-ին նախատեսված Դատավորների ընդհանուր ժողովը կրկին տեղի չի ունենա, եւ օրակարգում ներառված հարցերն այդպես էլ չեն քննարկվի: Հիշեցնենք, որ այս տարվա մարտի 26-ին եւս պետք է տեղի ունենար Դատավորների ընդհանուր ժողով, սակայն այն տեղի չունեցավ քվորում չլինելու պատճառով: Այդ ժամանակ օրակարգում ընդգրկված էր երկու հարց՝ Արդարադատության ակադեմիայի խորհրդի անդամի ընտրություն եւ Դատավորների ընդհանուր ժողովի ուսումնական հարցերով հանձնաժողովի անդամի ընտրություն, սակայն, ինչպես նշեցինք, նիստը չկայացավ: Եվ, ահա, չնայած որոշվել էր, որ այն պետք է տեղի ունենար այս ամիս, սակայն մենք տեղեկացանք, որ այն կրկին չի կայանա։ Սակայն հետաքրքիր է, որ դատավորներին անգամ զգուշացրել են՝ եթե չգան նիստին, ապա նրանց նկատմամբ կարող են կարգապահական վարույթներ հարուցել: Եվ արդյունքում դատավորներն արդեն նամակներ են գրել Բարձրագույն դատական խորհրդին եւ տարբեր պատճառներ ներկայացրել, թե ինչու չեն կարող ներկայանալ նիստին եւ, օրինակ, նշել են վատառողջ լինելու, կորոնավիրուսով հիվանդ լինելու կամ այլ գործ ունենալու հանգամանքը: Եվ ստացվում է այնպես, որ դատավորներին չեն կարողանում մի վայրում հավաքել, որպեսզի քննարկեն այդ մի քանի հարցերը, եւ հիմա անհայտ է, թե երբ կկայանա հաջորդ քննարկումը»: