Թուրքի հետ միայն թուրքը կարող է եղբայրություն անել, մենք չենք կարող: Ամենայն պատասխանատվությամբ ասում եմ՝ յուրաքանչյուրը, ով Հայաստանում կոչ է անում թուրքերի հետ եղբայրություն անել, կասկածի տակ է դնում իր ծագումնաբանությունը: Այս մասին VERELQ-ի հետ զրույցում ասաց «Արար» հայ ազգային արվեստի պահպանման և հանրահռչակման ծրագրի, «Գութան» ազգային-ավանդական երգի, պարի փառատոնի հիմնադիր, ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանը:
- Պարոն Գրիգորյան, երկրում ստեղծված իրավիճակը հաճախակի է դարձրել այն հարցադրումը, թե ո՞ւր են մշակութային գործիչները, ինչո՞ւ չեն միավորվում, ինչու այս կամ այն քաղաքական հարթակում չեն: Ի՞նչ պետք է անի, ըստ Ձեզ, արվեստագետն այսօր, որ չի անում:
- Մեր հասարակության մեջ շատ հակասական ընկալում կա՝ երբ չես խառնվում, ասում են՝ ո՞ւր են մեր արվեստագետները, երբ փորձում ես քո ներդրումն ունենալ, թեկուզ մի քանի նախադասություն ասել, որ սա ճիշտ չէ, ապազգային է և այլն, ասում են՝ ի՞նչ գործ ունի արվեստագետը քաղաքականության մեջ: Իմ պատկերացմամբ՝ տարբերություն չկա՝ դու արվեստի մարդ ես, բժիշկ, ճարտարապետ, թե կոշկակար, վաճառող կամ հավաքարար, քո մասնակցությունը պետք է ունենաս պետությանդ հզորացման գործում: Ես երբեք չեմ եղել անտարբեր, բայց ոչ էլ մեծ-մեծ խոսացել եմ: Իմ գործով փորձել եմ ներդրում ունենալ ազգային պետություն ունենալու և ազգային ինքնությունը պահպանելու գործում: Պետք է ազգային մշակույթը պահես, որ ազգային ինքնությունդ պահպանվի, և այս ամենը պահպանելով՝ կերտես ազգային պետություն:
- Անհրաժեշտություն տեսնո՞ւմ եք մասնակից դառնալու նաև քաղաքական գործընթացներին:
- Մենք՝ ես և ինձ նմանները, տարիներ շարունակ արել ենք մեր գործն ազնիվ ու նվիրված՝ փորձելով մեր ծառայությունը մատուցել մեր ազգային մշակույթին և առհասարակ ազգային պետություն ունենալու գործում: Բայց ստացվում է այնպես, որ գալիս է ինչ-որ X իշխանություն և զրոյացնում մեր արածը: Ու մենք նորից ենք սկսում: Այսօր, իսկապես, արդեն հնարավոր չէ չմասնակցել այս ամենին: Ընդ որում՝ մասնակցելով հանդերձ այս գործընթացներին՝ սա քաղաքականություն չէ, այլ մեր կյանքն է և մեր գոյության խնդիրը:
Եթե մեր գոյությունն ու անվտանգությունը պաշտպանված լիներ, տեղի ունեցող գործընթացներին որևէ մասնակցություն կարելի էր դիտարկել՝ իբրև քաղաքական, բայց այսօր ամեն ինչն է քաղաքականացված: Ես չեմ դժգոհում այս կամ այն վարած քաղաքականության ինչ-որ մի դրույթից, բայց ընդհանրապես այսօր չգիտենք, թե ուր ենք գնում: Այնպիսի վիճակ է ստեղծվել, որ ազգային ինքնություն ու մշակույթ և, առհասարակ, ամեն ինչ հարցականի տակ է դրված, որովհետև գոյության խնդիր կա: Այնպես է ստացվել մեր կյանքը, որ հնարավոր չէ անտարբեր լինել, ու ամեն մեկն իր մասնակցությունը պետք է ունենա այս գործում:
- Որտե՞ղ եք Ձեզ տեսնում:
- Կան մարդիկ, ովքեր ազնվորեն իրենք իրենց «ես»-ը մի կողմ են դրել և իրենց ապրելաձևով նվիրվել են պետությանը: Նրանք ամեն ինչ են արել թե՛ պատերազմի ժամանակ, թե՛ հետո: Իսկ եսակենտրոն մարդիկ միշտ էլ պետության դժվարությունների ժամանակ թաքնված են եղել: Համենայնդեպս, ես երբեք թաքնված չեմ եղել և ոչ էլ դրոշակ եմ սարքել, թե ապրիլյանին ու այս պատերազմում, որտեղ ևս եղել եմ:
- Ի՞նչ անել այսօր, հետպատերազմյան այս շրջանում, որպեսզի չընկնենք հայտնի երգի քաջ Արամի օրն ու վերջին անգամ «կախաղանեն» չգոոռանք՝ «կեցցե անկախ Հայաստան...»:
- Քաջ Արամի կոչը շատ մեծ գաղափար է իր մեջ պարունակում ու վերջին անգամ չէր, երբ հենց կախաղան հանելու ժամանակ նա ասում էր՝ կեցցե անկախ Հայաստան: Մենք 1,5 միլիոն զոհ տվեցինք, և բոլորը լույս դարձան մեզ համար, այդ թվում և Արամը, որպեսզի հասկանանք, թե ինչ պետք է անենք: Եվ այսօր էլ պետք է գիտակցենք, որ մեր երիտասարդների զոհվելով՝ մի շատ կարևոր գենետիկայի մաս կորցրեցինք, և նրանք լույս պետք է դառնան մեզ համար: Իրենք իրենց զոհողությամբ՝ մեզ ճանապարհն են ցույց տալիս:
Գիտեք, մենք չունենք երիտասարդ, որը մեջքից է խփված, շատ շատերի որդիները փորձել են անել ամեն ինչ՝ պահպանելու մեր հայրենի հողը, մեր գոյությունը՝ որպես ազգ: Ես տեսել եմ այդ երեխաների աչքերի մեջ հաղթանակի փայլը ու երբեք չասեք, թե անիմաստ տեղը զոհվեցին: Ո՛չ, իմաստավոր է եղել նրանց զոհողությունը: Նրանք արյուն են թափել իմաստավորված, մեր խնդիրն է, որ իմաստավորենք մեր ապրելը, որ արժանի լինենք մեր տղաների թափած արյանը: Եվ ես միշտ ասել եմ, որ ապրիլի 24-ը մեզ համար սգո օր չպետք է լինի, այլ՝ զգաստության, որ պետք է հզորանաս ու ուժեղանաս:
- Մինչդեռ պետական մակարդակով այսօր ճիշտ հակառակն են քարոզում, թե հիմա «լավ շանս կա, որ Թուրքիայի հետ թշնամանք չլինի»:
- Դե թուրքը թուրքի հետ եղբայրություն կարող է անել, բայց մենք չենք կարող: Ամենայն պատասխանատվությամբ ասում եմ՝ յուրաքանչյուրը, ով ՀՀ-ում կոչ է անում թուրքերի հետ եղբայրություն անել, կասկածի տակ է դնում իր ծագումնաբանությունը: Կան մարդիկ ովքեր ասում են՝ ցեղասպանությունը եթե ճանաչեն, հետո ի՞նչ: Բայց իմ ամբողջ գերդաստանն են կոտորել և այսօր էլ շարունակում են: Ընդամենը մի քանի տարի առաջ մեր սպային քնած տեղը մորթեց ադրբեջանցի թուրքը, այս պատերազմի ժամանակ խաղաղ բնակիչներին էին գնդակահարում, միթե՞ այս ամենը չեն տեսնում այդ նույն հարց տվողները: Ինչի՞ հետևից ենք ընկել, ի՞նչ եղբայրություն, ո՞ւմ հետ:
- Ինչպե՞ս դուրս գալ ստեղծված իրավիճակից:
- Դուրս գալու միակ ճանապարհը փոխելն է այն տրամաբանությունը, որը կա: Մենք անընդհատ իրավունքների մասին ենք խոսում, բայց չենք խոսում մեր պարտականությունների և պատասխանատվության մասին: Յուրաքանչյուր հայ, որը ստանձնում է պաշտոն, պետք է պատասխանատվություն զգա, ոչ թե արտոնություն: Եթե այս բանաձևն իրագործենք, կունենանք ազգային իշխանություն, որը նախևառաջ կերաշխավորի ազգի գոյությունն ու անվտանգտությունը, իսկ այդ դեպքում կզարգանան բոլոր ոլորտները՝ թե՛ տնտեսությունը, թե՛ առողջապահությունը, թե՛ մշակույթը: Եվ երկրորդ՝ եթե չես պահպանում ազգային ինքնությունդ, զարգացումը սուտ է: Մինչդեռ այսօր անընդհատ խոսում են, թե սահմանները բացենք, որպեսզի զարգանանք: Քո գոյությունը պետք է պահպանես, որ կարողանաս զարգանալ: Իսկ որևէ մեկը հարց բարձրացնո՞ւմ է, թե այդ ո՞ր սահմանն են բացելու, Հայաստանն ընդունո՞ւմ է այդ սահմանը:
Խոսքը միայն հայ-ադրբեջանական սահմանի մասին չէ, այլև՝ հայ-թուրքական: Եթե բացում ես սահմանն, ուրեմն՝ ցեղասպանությունից, միլիոնավոր հայերի հայրենազրկման փաստից հրաժարվում ես: Այս ամենը փորձում են քողարկել տնտեսական խնդիր անվանելով, բայց սա շատ լուրջ հարց է: Ընդհանրապես տեսլականն են ոչնչացնում մեր այն Հայրենիքի, որը զավթված է: Դրա համար մեզ ազգային իշխանություն է պետք, որպեսզի կարողանանք մեր բոլոր խնդիրները լուծել:
- Իսկ հայաստանյան քաղաքական ներկապնակում այսօր տեսնո՞ւմ եք նրանց, ովքեր կարող են ստեղծել այդ ազգային իշխանությունը:
- Կարծում եմ՝ դեռ ի հայտ կգան: Մեր ժողովուրդը պետք է չշտապի. կլինեն նոր ուժեր, որոնք որևէ կախվածություն չունեն որևէ մեկից: Ես հավատում եմ և պետք է անեմ ամեն ինչ, որ ունենանք հզոր, ազգային պետություն: Դրա համար պետք է նախևառաջ մեր գենետիկ անվտանգությունը պաշտպանել, իրականացնել հայրենադարձություն, որը կարող է սնել մեր կյանքի բոլոր ոլորտները՝ տնտեսությունից սկսած մինչև բանակ:
Լիա Խոջոյան