23.11.2024
Թուրքերի հետ եղբայրության կոչ անողը կասկածի տակ է դնում իր ծագումնաբանությունը. Գրիգորյան
prev Նախորդ նորություն

Մամուլ. Փաշինյան-Միրզոյան-Ավինյան եռյակն ակտիվացել է

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի եւ Արարատ Միրզոյանի հարաբերություններում վերջին օրերին կտրուկ շրջադարձ է նկատվում: Տեւական ժամանակ անկյուն քշված Միրզոյանի հետ Փաշինյանն իր մոսկովյան այցից հետո ավելի սերտ է շփվում: Որոշ տեղեկություններով, ամեն օր կառավարության ամառանոցում Նիկոլ Փաշինյան-Արարատ Միրզոյան-Տիգրան Ավինյան եռյակը քննարկում է նախընտրական հարցեր՝ Աննա Հակոբյանի աչալուրջ հայացքի ներքո։ Մասնավորապես, նախընտրական ծրագիր են գրում, լոզունգներ մշակում, քննարկում են քաղաքական ուժի բրենդի փոփոխության հարցը: Երբեմն այլ կուսակիցներ էլ են միանում, բայց ուղեղային կենտրոնն այս եռանկյունին է: Իշխանական աղբյուրների վարկածով, այս ջերմացումը պայմանավորված է արտաքին մարտահրավերներով, մասնավորապես, ՌԴ այցից հետո Նիկոլ Փաշինյանը որոշել է, որ թիմը պետք է միակուռ լինի, որպեսզի արտաքին ուժերը չկարողանան ֆորսմաժորային իրավիճակ ստեղծել եւ մինչեւ ընտրությունները լուծել իշխանափոխության հարցը: Մոսկովյան այցը որոշակի փոփոխություններ է առաջացրել նաեւ իշխանությունների լրատվական քաղաքականությունում։ Դրա մասին է վկայում հակառուսական ալիքը, որը բարձրացել է վերջին օրերին, ինչը կառավարվում է իշխանության կողմից: Այս թեմայի շրջանակներում են նաեւ մեղադրանքները՝ ուղղված Ռուսաստանին, որ գերիների վերադարձի պատասխանատվություն կրում է Մոսկվան»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ երեկ ԲՀԿ քաղխորհրդի նիստ է կայացել: Կուսակցության փոխնախագահ է ընտրվել պատգամավոր Շաքե Իսայանը՝ փոխարինելով Սերգեյ Բագրատյանին, ով ամիսներ առաջ դուրս եկավ ԲՀԿ-ից: Հիշեցնենք, որ կուսակցությունը եւս չորս փոխնախագահ ունի՝ Վարդան Վարդանյան, Վահե Էնֆիաջյան, Միքայել Մելքումյան եւ Արմեն Արզումանյան: Ինչ վերաբերում է Շաքե Իսայանին, ապա վերջին տարիներին նա վայելում է Գագիկ Ծառուկյանի համակրանքը, եւ ԲՀԿ-ում այլեւս չեն կասկածում, որ նախընտրական ցուցակի առաջին կինը հենց Շաքեն է լինելու»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշել է մինչեւ ԱԺ հավանական արտահերթ ընտրությունները հանդիպում ունենալ իր թիմի յուրաքանչյուր անդամի հետ: Լավատեղյակ աղբյուրներից տեղեկացանք, որ Փաշինյանն այժմ հանդիպումներ է ունենում իշխանական ֆրակցիայի ներկայացուցիչների հետ առանձին-առանձին: Վարչապետը փորձում է իր թիմակիցներից մեկ առ մեկ պարզել, թե ով ինչ խնդիր ունի: Փաշինյանը նաեւ փորձում է հասկանալ՝ եթե այս կամ այն պատգամավորը հաջորդ խորհրդարանում չլինի, ապա իրեն որ ոլորտում է պատկերացնում, որ գերատեսչությունում կցանկանա աշխատել եւ ինչ նպատակներ ունի: Նա խոստանում է կատարել բոլորի նպատակները՝ հորդորելով հանգիստ լինել, պատրաստվել ընտրությունների եւ մնալ «Իմ քայլը» խմբակցությունում։ Այլ կերպ ասած, Նիկոլ Փաշինյանը փափուկ բարձ է դնում պատգամավորների գլխի տակ ու հավաստիացնում, որ եթե ԱԺ-ում չլինեն, ապա իրենց համար ցանկալի ոլորտում կլինեն: Մենք տեղեկացանք նաեւ, որ Նիկոլ Փաշինյանն իր թիմին հավաստիացրել է, թե վստահ է՝ իրենք 50 տոկոս ձայն են հավաքելու, առանց որեւէ կեղծիքի նորից ընտրվելու են ու իշխանության գան: Պատգամավորների մեծ մասը երջանկացել է, որ հնարավորություն է ունեցել 3 տարվա մեջ գոնե մի անգամ դեմ առ դեմ հանդիպել վարչապետին եւ նրանից հավաստիացում ստանալ, որ ընտրություններից հետո անգործ չեն մնալու»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Ըստ մեզ հասած տեղեկությունների, Երեւանի «Դվին» հյուրանոցը, որը միջազգային շուկայի համար ներկայանում է Hayastan Hօtel Resort անվամբ, ՀՀԿ-ական իշխանության լավագույն ավանդույթների ուժով սկսել է քաղաքական ուժերին միջոցառումների համար տարածք կամ դահլիճ չտրամադրել: Ընդ որում՝ մի քանի շաբաթ առաջ նման դիրքորոշում չեն ունեցել, «Դվինի» դահլիճը վարձակալելու հարցով դիմած ՀԱԿ-ին, օրինակ, չի ասվել, թե քաղաքական միջոցառումների համար տարածք չեն տրամադրում: Թե մի քանի շաբաթում ինչ է փոխվել, արդյոք «Դվինի» սեփականատեր Արտակ Թովմասյա՞նն է որոշել մերժել «կոնկուրենտ» քաղաքական ուժին, որ ինքը միակ քաղաքական էլեմենտը լինի «Դվինի» տարածքում, թե՞ նրան ՀՀ իշխանությունից ցուցումներ կամ ընդդիմության այլ թեւերից հորդորներ են եղել` դժվար է կռահել: Փաստ է, որ Թովմասյանն իր քաղաքական ամբիցիաների մասին է բարձրաձայնել, փաստ է, որ «Դվինը» բազմիցս ընտրվել է որպես իշխանական միջոցառումների անցկացման վայր` ՔՊ-ի քաղաքական միջոցառումներից մինչեւ Francophonie-ի ճաշկերույթ ու Աննա Հակոբյանի արկածախնդիր դրամահավաքներ, եւ հիմա առնվազն արտառոց է, որ մերժում են վճարովի ծառայություններ մատուցելու առաջարկը: ՀԱԿ-ից հաստատեցին մեր տեղեկությունը, որ դիմել էին «Դվինի» դահլիճում մայիսի 1-ին ՀԱԿ համագումարն անցկացնելու համար, նախնական համաձայնությունը կայացվել է, ապա հրաժարվել են դահլիճը վարձակալությամբ տրամադրել իրենց` քաղաքական միջոցառումներից ձեռնպահ մնալու պատճառաբանությամբ»:


«Իրավունք» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետարանի կուլիսներում ակտիվորեն շրջանառվում են խոսակցություններ, թե մինչեւ արտահերթ ընտրություններն իշխանությունը մտադիր է ազատվել քաղաքապետ Հայկ Մարությանից: Խնդիրն այն է, որ Սուպեր Հայկոն լիովին մտել է դերի մեջ եւ փորձում է սուպեր քաղաքապետ խաղալ, ինչը բոլորովին իմքայլականների սրտով չէ: Նրանք այս շրջանում Մարությանից ակնկալում են ընտրական ձայներ եւ քաղաքական դիվիդենտներ, իսկ վերջինս ամեն կերպ փորձում է առանձնանալ եւ նույնիսկ ինչ-ինչ հարցերում հակա­ռակվել Փաշինյան Նիկոլին: Դրա համար էլ իմքայլական իշխանության վերին օղակնե­րի համբերության բաժակը լցվել է եւ իրար հերթ չտալով՝ Փաշինյանին խորհուրդ են տալիս քայլ անել, մերժել Հայկոյին»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ապրիլի 12-ին Ադրբեջանի նախագահի մասնակցությամբ Բաքվում բացվեց արցախյան պատերազմին նվիրված «պուրակ», որտեղ հայկական զինվորական տեխնիկայի հետ մեկտեղ ցուցադրված են հայկական զինված ուժերի ծառայողների կերպարներ (մանեկեններ), Հայաստանի ու Արցախի զինվորների անձնական իրեր եւ զոհված հայ զինվորականների սաղավարտներ: Երեկ խորհրդարանում տարբեր հարցերի քննարկման ընթացքում թիվ մեկ թեման ալիեւյան «պուրակն» էր, եւ պատգամավորները դատապարտեցին Իլհամ Ալիեւի նման վարգագիծը, հայտարարություններ տարածեց նաեւ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ՀՀ եւ Արցախի ԱԳՆ-ները: «Միջազգային հանրությունը պետք է պատշաճ գնահատական տա Ադրբեջանի կատարած ոճրագործություններին եւ պատասխանատվության ենթարկի 44-օրյա պատերազմի ընթացքում գործած մարդկության դեմ ուղղված հանցագործությունների համար»,- հայտարարում է Արցախի օմբուդսմենը: Իսկ ի՞նչ է ասում աշխարհը. Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր, «Եդինայա Ռոսիա» խմբակցության անդամ Վիտալիյ Միլոնովը, որը 44-օրյա պատերազմի ժամանակ նաեւ Արցախ էր այցելել, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ այս քայլով Ադրբեջանը եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ պատերազմի ընթացքն իր համար հաջողություն է համարում: «Ադրբեջանը հպարտանում է պատերազմով եւ դա չի ընդունում որպես ողբերգություն, որը տեղի է ունեցել երկու ազգերի միջեւ: Պարոն Ալիեւը փորձում է հայերի սպանությունն օգտագործել որպես քաղաքական քայլ: Բոլորը շատ լավ հասկանում են, որ Ալիեւն այս պատերազմում շարժվել է Էրդողանի խորհրդով, եւ ինձ համար շատ ողբերգական է, որ հենց նա է սկսել այս ամենը»: Խոսելով միջազգային հանրության լռության մասին՝ նա նշեց. «Իսկ մի՞թե միջազգային հանրությունը կանգնեցրել է Թուրքիային եւ Ադրբեջանին, երբ նրանք ռմբահարում էին Արցախը. իհարկե ոչ: Ես կարծում եմ, որ Թուրքիան եւս մեկ անգամ ապացուցում է, որ Ադրբեջանին ընկալում է միայն որպես իրեն հպատակ երկիր»: Հավելենք, որ նախօրեին այս եւ առհասարակ հայ ռազմագերիների վերադարձի հարցով մեծ քննարկում է տեղի ունեցել նաեւ Եվրոպայի խորհրդում»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.  «Մեր տեղեկություններով՝ ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետի աշխատասենյակը զբաղեցնող Արտակ Դավթյանի գլխավորությամբ շարունակում են մանր ու միջին կալիբրի զինվորականներին իրենց ենթարկեցնելու գործընթացները: Ընդ որում, դա արվում է հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ, քանի որ ոչ ոքի համար էլ գաղտնիք չէ՝ բանակը շատ մեծ ռեսուրս է, և պետք է իշխանությունը վստահ լինի, որ կարող է անհրաժեշտ ձայներ ապահովել: Հենց դա է պատճառը, որ այժմ ԳՇ-ից կանչում են զինվորականներին, մասնավորապես՝ զորամասերի հրամանատարներին, և նրանց խոստումներով կերակրում, թե կլուծեն նրանց հարցերը, օրինակ՝ կմարեն վարկերը կամ կներեն նախկինում արված ինչ-որ սխալներ, կօգնեն անտոկոս վարկեր ստանալ, հողամաս ձեռք բերել կադաստրային էժան գներով: Եվ այս ֆոնին շարունակվում են նաև հետապնդումներն Օնիկ Գասպարյանի հետ վարչապետի հրաժարականը պահանջած զինվորականների նկատմամբ, նրանք, ովքեր չեն ենթարկվում, բացի կաշառելու դեպքերից, նաև սպառնում ու վախեցնում են հնարավոր քրգործերով: Մի խոսքով՝ բանակում վերադասավորումներ են ընթանում Արտակ Դավթյանին ենթարկեցնելու շուրջ, այլ ոչ հայոց բանակի մարտունակությունն են բարձրացնում կամ վերազինում»:


«Ժամանակ» օրաթերթը գրում է․ «Ուկրաինայի ուղղությամբ իրադարձությունների զարգացումը կարծես թե մոտենում է կուլմինացիային, երբ տեղի կունենա այս կամ այն հանգուցալուծումը: Համենայնդեպս, իրավիճակի լարումը ծավալվում է այն դինամիկայով, որ առնվազն առերևույթ դիտարկման պարագայում դժվար է պատկերացնել, թե դա ունի երկար ձգվելու հեռանկար: Ինչպես առիթ ենք ունեցել ասելու, ուկրաինական իրադարձությունները, մեղմ ասած, կտրված չեն կովկասյան իրողություններից, եթե անգամ հեռու են թվում Կովկասից: Ավելին, մենք արդեն իսկ տեսնում ենք դրանց որոշակի հաղորդակցության առկայությունը, այն իմաստով, որ Ուկրաինայում իրավիճակի լարմանը զուգահեռ՝ Կովկասում նկատելիորեն աճում է թուրք-ադրբեջանական ճնշումը Ռուսաստանի ուղղությամբ: Սրան մենք անդրադարձել ենք և անդրադառնում ենք պարբերաբար, տարբեր ասպեկտներով։ Ավելին, ադրբեջանական ռեսուրսներում բավականին անթաքույց ակնկալիքներ ունեն, որ ուկրաինական հարցում ՌԴ ձախողումը կարող է իրենց հնարավորություն ընձեռել Ռուսաստանի հանդեպ հաջողության հասնել նաև Կովկասում: Ավելին, իրադարձությունների այդպիսի զարգացման դեպքում, ինչպես ցույց է տվել փորձը, չկարողանալով դիմակայել մի քանի ճակատով, Ռուսաստանը գերադասում է մեկ ճակատում գնալ զիջման: Ու քանի որ Ուկրաինան ՌԴ համար ունի թերևս անհամեմատ առավել առանցքային նշանակություն, քան Կովկասը, ապա պետք չէ բացառել, որ ՌԴ-ն որոշի հերթական անգամ զիջման գնալ հենց Կովկասում: Այստեղ է, որ իրավիճակը ներկայումս Հայաստանի համար հրամայական է դարձնում Հյուսիսատլանտյան բևեռի ուղղությամբ սերտ և ինտենսիվ աշխատանքը, որի միջոցով Հայաստանը պետք է փորձ անի հայկական շահերը դուրս բերել Ռուսաստանի հանդեպ թուրք-ադրբեջանական ճնշման տիրույթից: Առավել ևս, որ ԱՄՆ դիվանագետները այդ առնչությամբ արդեն իսկ արել են մի քանի նախազգուշական հաղորդագրություն»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ դոլարի կուրսն էապես նվազեց․ եթե նախօրդ օրերին հասել էր ընդհուպ 540-ի, ապա մեկ օրում իջավ մինչեւ 1 դոլարի դիմաց 515 դրամ։ Պարզվեց, սա Կենտրոնական բանկի միջամտության արդյունք է։ ԿԲ-ից մեզ ասացին՝ ինտերվենցիա են արել, այսինքն՝ հավելյալ դոլար են բաց թողել շուկա, որը ոչ միայն զսպել է դոլարի բարձրացումը, այլեւ նպաստել դրամի որոշ ժամանակով արժեւորմանը։ Այդ մասին, ի դեպ, ապրիլի 8-ին հայտարարել էր նաեւ Կենտրոնական բանկը, որ «ՀՀ ֆինանսական շուկաների բնականոն գործունեության ապահովման նպատակով ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ»։ Սա, ըստ էության, ԿԲ-ի միակ ու հիմնական գործառույթն է՝ դրամի արժեզրկումը զսպելու համար, իսկ թե որքան ռեսուրս ունի ԿԲ-ն, դեռ որքան կարող է դոլարի ինտերվենցիաներ իրականացնելով զսպել դրամի արժեզրկումը, դժվար է ասել։ ԿԲ-ից էլ դժվարացան միանշանակ պատասխանել, ասացին՝ դա ավելի խոր փորձագիտական վերլուծություն է պահանջում»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վճռաբեկ դատարանը գործի է անցել և իր որոշումներով ցույց է տալիս, որ հավատարիմ է իշխանություններին և պատրաստ է նրանց քիմքին հաճո որոշումներ կայացնել: «ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` Վճռաբեկ դատարանում քրեական պալատի հա­վաքները սկսվում են իշխանությունների, հատկապես` վարչապետի մասին գովեստի խոսքերով: Բանն այն է, որ Վճռաբեկ դատարանը 10 օրվա ընթաց­քում կայացրել է արդեն երկու որոշում, որով դատարկ տաշտակի առաջ չթողեց ՀՀ գլխավոր դատախազությանը և բավարարեց ՀՀ իշխանություննե­րի ցանկությունները: Եվ դա ամենևին էլ պատահական չէ, քանի որ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ, հայտնի դատախազ Զելիմ Թադևոսյանի դուստրը` Լիլիթ Թադևոսյանը, Վճռաբեկ դատարանի նախագահ է ընտրվել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ջանքերով և իր առանձնասենյակում հա­ճախ շփվում է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հետ: Եվ քաղաքական պաշտոնյայի ցուցումներով՝ ՀՀ Վճռաբեկ դատարանի կողմից հայտնի գործերով մեկը մյուսի հետևից կալանավորումների որոշումներ են կայացվում: Դրանցից մեկը վերաբերում է 2020 թվականի նոյեմբերի 10-ին կառավարության, Ազգային ժողովի շենքեր ներխուժելու դեպքերին, որից հետո 2021թ. ապրիլի 2-ի որոշմամբ Արարատ Միրզոյանի նկատմամբ բռնություն կիրառած անձը կալանավորվեց: Իսկ արդեն ապրիլի 12-ին Վճռաբեկ դատարանը բավարարեց արդեն գլխավոր դատախազի տեղակալի բողոքը և Սերժ Սարգսյանի եղբորորդուն` Նարեկ Սարգսյանին, կալանավորեց: Սա իշխանությունները համարում են իրենց հաղթանակը»: