VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակ» թերթը գրում է. «Ընդդիմադիր դաշտում հույս ունեին, որ կհաջողվի համախմբել հիմնական ուժերին եւ եթե ոչ մեկ ընդհանուր ճակատով գնալ ընտրությունների, ապա գոնե մի քանի մեծ բլոկներով, ինչը նաեւ ընտրողի մոտ հույսեր կարթնացներ եւ ուժերի հավասարակշռությունը կթեքեր դեպի ընդդիմությունը։ Սակայն այս օրերին ընդդիմադիր շատ գործիչներ մեծ հիասթափություն են ապրում, քանի որ ակնհայտ է՝ մեծ համախմբում չի ստացվում, անգամ կարող է փոքր համախմբում էլ չստացվել։ Եվ ներքին քննարկումներում մատնացույց են անում դրա հիմնական մեղավորներին՝ Սերժ Սարգսյան եւ Ռոբերտ Քոչարյան։ Ասում են, որ վերջիններս ավելի շատ իրար դեմ են պայքարում, քան Նիկոլ Փաշինյանի։ Մինչդեռ եթե նրանք մի կողմ դնեին տարաձայնությունները եւ միավորվեին, ապա Նիկոլի հարցերն արագ կլուծվեին։ Ճիշտ է՝ Սերժ Սարգսյանն իշխանություն վերցնելու հավակնություններ չունի եւ առաջին հերթին իր թիմի հարցն է փորձում լուծել, բայց նաեւ ամեն ինչ անում է, որ Ռոբերտ Քոչարյանն էլ չգա իշխանության։ Ինչ վերաբերում է Քոչարյանին, ապա նա էլ մեծ եւ չարդարացված ամբիցիաներ ունի, չի ուզում որեւէ մեկի հետ կոմպրոմիսի գնալ եւ կարծում է, որ ինքը պետք է դոմինանտ լինի ու ցուցակն էլ միանձնյա կազմի։ Սա է պատճառը, որ նրան միանալու պատրաստ շատ ուժեր տատանվում են եւ չեն ուզում շոգեքարշի վերջին վագոնի դերը ստանձնել։ Անգամ ՀՅԴ-ն կամուկացի մեջ է։ Ընդդիմության նման պառակտվածությունը բացառապես Նիկոլ Փաշինյանին է ձեռնտու»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Ռոբերտ Քոչարյանը առաջին եռյակում կին թեկնածուի որոնումների մեջ է: Նրան պետք է չվարկաբեկված, հանրային ճանաչում ունեցող և ակտիվ թեկնածու: Մեր տեղեկություններով՝ նրան առաջարկել են ԱԺ նախկին պատգամավոր, մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանի թեկնածությունը, սակայն Քոչարյանը կտրուկ մերժել է՝ ասելով, որ նա ո՛չ հանրային ճանաչում ունի, ո՛չ էլ քաղաքականապես ակտիվ է, որոնումները շարունակվում են»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նոր հավակնություններ ունի եւ բանակցությունների մեջ է իշխանությունների հետ: Մասնավորապես, նա, կարծես թե, չի ցանկանում հեշտությամբ հրաժեշտ տալ նախագահի իր աթոռին եւ մտադիր է երկարաձգել իր պաշտոնավարումը: Նկատենք, սակայն, որ դա հնարավոր կլինի միայն սահմանադրական փոփոխությունների պարագայում: Բանն այն է, որ ՀՀ Սահմանադրության 124-րդ հոդվածն ասում է. «Նույն անձը Հանրապետության նախագահ կարող է ընտրվել միայն մեկ անգամ»: Այսինքն՝ որպեսզի Արմեն Սարգսյանը շարունակի պաշտոնավարել 2023 թվականից հետո, սահմանադրական փոփոխություններ են անհրաժեշտ, սակայն սրանով ամեն ինչ չի ավարտվում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը իշխանությունների հետ բանակցությունների մեջ է եւ իշխանական վերնախավից պահանջել է սահմանադրական փոփոխությունների միջոցով իր լիազորությունները ընդլայնել՝ նշելով, որ այս պահին ինքը որեւէ ձեւով չի կարողանում խառնվել ինչ-որ մի պրոցեսի, ինչի համար էլ իրեն լիազորություններ են պետք: Ըստ իշխանական շրջանակներում պտտվող լուրերի՝ Սարգսյանն ասել է, որ եթե իր լիազորությունների ընդլայնման գործընթաց սկսվի, տարբեր օրենքների հարցով այլեւս Սահմանադրական դատարան չի դիմելու: Մենք փորձեցինք տեղեկությունը ճշտել նախագահի մամուլի պատասխանատու Հասմիկ Պետրոսյանից, սակայն վերջինս ասաց, որ ինքը տեղյակ չէ, պետք է գրավոր հարցում ուղարկենք»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Որոշ տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը որոշել է նախընտրական հուժկու շոուներ բեմադրել եւ ապօրինի ծագում ունեցող որոշ գույքեր վերադարձնել պետությանը՝ բավարարելով պողոսներին եւ ցույց տալով, թե թալանված գումարների վերադարձի ժամանակն է։ Այդ նպատակով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծն ամիսների ընդմիջումից հետո երկրորդ ընթերցման է ներկայացվել եւ կքննարկվի այսօր մեկնարկելիք խորհրդարանի քառօրյա նիստերին։ Հիշեցնենք, որ այդ փոփոխությամբ առաջարկվում է նշված գործերի քննությունը ոչ թե սովորական դատարաններով քննել, այլ՝ հակակոռուպցիոն։ Պատերազմից երկու օր առաջ՝ անցած տարվա սեպտեմբերի 25-ին, խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց փոփոխությունը, եւ ամիսներ շարունակ այն օրակարգ չէր բերվում»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Պաշտոնական Մոսկվան հրաժարվել է ընդունել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությանը, որը, ըստ նախատեսվածի, այսօր՝ ապրիլի 13-ին, պետք է գործուղվեր նախ Մոսկվա, հաջորդ օրն էլ Սանկտ Պետերբուրգում մասնակցեր ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստերի աշխատանքներին: Պետերբուրգյան գործուղումն ուժի մեջ է, եւ, ամենայն հավանականությամբ, ԱԺ պատվիրակությունն այսօր կմեկնի, իսկ Մոսկվայի ընդունելությունը ռուսական կողմը չեղյալ է հայտարարել։ Հիշեցնենք, որ սպասվող հյուրընկալության մասին օրերս հայտարարել էր նաեւ ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։ Թե ինչու է չեղարկվել մոսկովյան այցը, Միրզոյանի խորհրդական Վահան Կոստանյանը մեզ ասաց, որ ոչ թե չեղարկվել է, այլ՝ հետաձգվել․ «Այս պահին ժամկետները ճշտվում են, ամենայն հավանականությամբ՝ մայիսին կլինի»։ Ասաց նաեւ, թե պատճառները քաղաքական չեն, այլ հյուրընկալող կողմի օրակարգով, զբաղվածությամբ են պայմանավորված։ Մինչդեռ խիստ տարօրինակ է, որ նախապես պլանավորել են հանդիպումը, հետո պարզել, որ գրաֆիկը հագեցած է։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանի մոսկովյան այցից հետո ՀՀ իշխանությունների նկատմամբ վերաբերմունք է փոխվել․ հիշեցնենք, որ այցին հաջորդեց գերիների հետ կապված սկանդալը, Մուրադովի «ապտակը» ՀՀ իշխանություններին»:
«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Կարծում եմ, որ նրանք՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, կարող են օգտակար դեր խաղալ։ Այս «եռյակն» ունի փորձ և պատկառելի արտաքին աջակցություն։ Կարելի է վերսկսել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների կանոնավոր հանդիպումների պրակտիկան, ինչը միջազգային մեծ արձագանք կստանա»,- «Կոմերսանտ»-ի հետ զրույցում հայտարարել է ՌԴ նախկին փոխարտգործնախարար, ներկայումս ՌԴ Պետդումայի վերին պալատի արտաքին հարցերի հանձնաժողովի ղեկավար Գրիգորի Կարասինը, որը արտգործնախարարությունում աշխատանքի ընթացքում ներգրավված է եղել արցախյան թեմատիկայի շրջանակ: Կարասինի հայտարարությունը բավականին ուշագրավ է վերջին օրերի կամ շաբաթների իրողության ֆոնին, որին անդրադարձել ենք մի քանի հոդվածներով: Խոսքն այն մասին է, որ բավականին նկատելի է Ռուսաստանի ուղղությամբ թուրք-ադրբեջանական ճնշման ուժգնացման փորձ: Այդ շղթային անդրադարձել ենք՝ «Իսկանդեր»-ի պատմության թարմացում, Էրդողանի հայտարարություն Շուշի այցելելու մտադրության մասին, Բաքվում պիկետ ՌԴ դեսպանատան դիմաց՝ Արցախից հեռանալու պահանջով, նաև հայ-ռազմագերիների հարցում «օդանավային ոդիսական», ադրբեջանական կրակոցներ Արցախում Սարուշեն համայնքի ուղղությամբ:
Ակնառու է, որ կա թուրք-ադրբեջանական ճնշում: Այդ ամենի հանրագումարում Պուտինը զանգահարեց Էրդողանին: Ինչ են խոսել, որևէ բան պայմանավորվել են, թե ոչ՝ պարզ չէ, սակայն իրողությունների այդ համայնապատկերում էլ բավականին ուշադրության է արժանի Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի ներքո հայ-ադրբեջանական բանակցություն սկսելու մասին Կարասինի հայտարարությունը: Դեռևս 44-օրյա պատերազմի ավարտից անմիջապես հետո գնահատելով իրավիճակն ու զարգացման հեռանկարները՝ կարծիք ենք հայտնել, որ Թուրքիայի հետ Ռուսաստանի պայմանավորվածությանը զուգահեռ շարունակվելու են ռուս-թուրքական մրցակցությունն ու Անկարայի ճնշումը ՌԴ-ի վրա: Անկարան փորձելու է զարգացնել հաջողությունը Կովկասում: Ահա այդ ֆոնին էլ Ռուսաստանին գուցե հարկ կլինի դիմել Մինսկի խմբի եռանախագահության ձևաչափի օգնությանը՝ ռուս-թուրքական ձևաչափում Թուրքիայի աշխուժությունը սառեցնելու նպատակով: Բանն այն է, որ Անկարան ու Բաքուն բացարձակապես շահագրգռված չեն համանախագահության ձևաչափի աշխուժացումով: Ռուսաստանն էլ, քանի դեռ Թուրքիան անմիջապես կամ Բաքվի միջոցով չի ուժգնացնում քաղաքական ճնշումը: Մոսկվան Կարասինի հայտարարությամբ գուցե թե ակնարկում է, որ այդ ճնշման ներկայիս ալիքը շարունակելու դեպքում Ռուսաստանը կփորձի հակադարձել Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի աշխուժացում խթանելու քայլերով: Ամբողջ հարցն այն է իհարկե, թե այդ դեպքում ինչ կանեն ԱՄՆ-ն ու Ֆրանսիան, նրանք կաշխատեն ՌԴ-ի՞ հետ, թե՞ Թուրքիայի: Առավել ևս այն պարագայում, երբ առկա է ՌԴ դիմակայությունը ու նաև թուրքերի հետ պայմանավորվելու հարցում ՌԴ քաղաքական մտքի և «ավանդույթի» գերակայությունը:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Օրերս ԲՏԱ նախարար նշանակված Հայկ Չոբանյանի առաջին որոշումներից մեկն այն է եղել, որ նա աշխատանքից ազատել է նախարարի խորհրդական Ջահան Հովհաննիսյանին: Արտաքուստ սովորական աշխատանքային հարաբերություններ են, սակայն բանն այն է, որ այս պարագայում գործ ունենք անձի հետ, որի ավանդը մեր երկրին ու ժողովրդին բավականին մեծ է: Բոլոր իշխանություններն էլ նրա հանդեպ յուրահատուկ վերաբերմունք են ունեցել՝ իր կատարած հերոսությունների համար: Ճիշտ է, նրա մասին նաև գիրք է գրվել, սակայն նրա բազմաթիվ սխրագործությունների մասին, որպես կանոն, չի բարձրաձայնվում: «Փաստ» թերթի տեղեկություններով, ԲՏԱ նորանշանակ նախարարը Հովհաննիսյանին ասել է, թե «մեր մոտեցումները չեն համապատասխանում Ձեր մոտեցումներին»: Ուշագրավ է, որ մոտեցումների մասին խոսվել է նրանց... առաջին ու վերջին հանդիպման ժամանակ, այսինքն, մինչ այդ որևէ զրույց, առնչություն, տեսակետների փոխանակում չի եղել: Մյուս կողմից՝ խորհրդանշական է, որ պետության համար զգալի գործ արած, պետականության դիրքերից հանդես եկած մարդու մոտեցումները չեն համապատասխանում իշխանության ներկայացուցչի մոտեցումներին»:
«Իրավունք» օրաթերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկությունների համաձայն, հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ բավական լարված իրավիճակ է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շարքերում: Դեռ որեւէ մեկը չգիտի, թե ով կհայտնվի կուսակցության նախընտրական ցուցակի հնարավոր անցողիկ տեղերում, իսկ ով` ընդհանրապես դուրս կմնա ցուցակից: Ամեն դեպքում, մեզ հասած շշուկների համաձայն, բավականին մեծ անակնկալներ են սպասվում ցուցակում` իհարկե, ում համար հաճելի, ում համար էլ` բավական տհաճ»:
«Իրավունք» օրաթերթը գրում է. «Իրավունքի» տեղեկություններով` սփյուռքյան մի շարք կառույցներ պետական մակարդակով գրություններ են ստացել Հայաստանից` խնդրանքով, որ աջակցություն ցուցաբերեն Արցախի փախստականների սոցիալական խնդիրները լուծելու համար: Սփյուռքում շատերն այս ամենը ցինիզմ են որակում` հաշվի առնելով, որ պատերազմի օրերին «Հայաստան» համահայկական հիմնադրամին իրենց ուղարկած գումարները բոլորովին էլ չծառայեցին բուն նպատակին»:
«Իրավունք» թերթը գրում է. «Ազգի ձայն» կուսակցությունը միանում է «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ՝ հանուն նոր Միության» շարժմանը: Այս մասին կուսակցության նախագահ, ՀՀ վաստակավոր արտիստ Մհեր Մեսրոպյանը տեղեկացրեց «Իրավունք TV»-ի տաղավարում: Նա նշեց, որ իրենց կուսակցության ծրագրում 4 կետ նվիրված է հայ-ռուսական հարաբերությունների էլ ավելի ամրապնդման կարեւորությանը: «Մեզ համար, որպես կուսակցություն, պատիվ է միանալ այս շարժմանը, եւ պատրաստ ենք լիովին անցնել աշխատանքային քննարկումների եւ իրականացնել մեր առաքելությունը: Ես, որպես նաեւ մշակույթի գործիչ` չեմ կարող լինել անտարբեր այն ամենի նկատմամբ, ինչ կատարվում է իմ երկրում ու իմ ազգի հետ: Դրա համար մտել եմ քաղաքականություն, որովհետեւ գիտակցում էի, որ սա միակ տարբերակն է, որպեսզի ունենաս ինչ-որ ազդեցություն եւ մասնակցություն, այլ ոչ թե միայն, որպես հանրային մարդ, հայտնես քո կարծիքը, իսկ հանրությունն այն ընդունի ի գիտություն, բայց որեւէ առաջընթաց տեղի չունենա»:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Կլինի արտահերթ ընտրություն, թե ոչ, դեռեւս հստակ չէ՝ անկախ նրանից, որ այդ մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը: Այդուամենայնիվ, քաղաքական սեկտորի հիմնական խաղացողները նախապատրաստվում են դրանց։ «Փաստ» թերթի տեղեկություններով, այս օրերին բավականին ակտիվ նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում իշխող քաղաքական ուժի նախընտրական շտաբում, որն արդեն ձեւավորված է, ճիշտ է՝ ոչ պաշտոնապես։ Ավելին, մեր տեղեկություններով, նշանակված են նաեւ մարզային պատասխանատուները: Մեր աղբյուրի փոխանցմամբ, իշխանությունները մտադրություն ունեն փոխել իրենց նախընտրական միավորի անվանումը, եթե, իհարկե, ընտրություններ լինեն։ Մենք տեղեկություն ունենք, որ այս առիթով արդեն մի քանի քննարկումներ են եղել որոշ PR մասնագետների հետ: Ասում են, թիմում այս հարցում կարծես թե առկա է կոնսենսուս։ Բանն այն է, որ Փաշինյանը փորձում է հանրության շրջանում առկա ծայրահեղ բացասական դիրքորոշումը մեղմելու քայլեր գտնել, որոնցից մեկն էլ անունը փոխելն է, քանի որ «Իմ քայլը» եւ «Քաղաքացիական պայմանագիր» անուններն ինքնին հակակրանք են առաջացնում հասարակության շրջանում։ Մեզ հետ զրույցում քաղաքագետներից մեկն ասաց, թե ինքը տեղյակ չէ նման մտադրությունների մասին, սակայն կոսմետիկ քայլերը չեն կարող վիճակ փոխել: «Հակակրանքն անվան հետ կապ չունի, այլ իրենց»,- ասաց մեր զրուցակիցը: Ի դեպ, մեր աղբյուրները փոխանցում են, որ Նիկոլ Փաշինյանն իր թիմի պատասխանատուներին պարտադրել է նույն այս կոնտեքստում նախընտրական ծրագրում գոնե որոշ շեշտադրումներ անել ազգային արժեքների վրա»:
«168 ժամ» թերթը գրում է. «Մեր իրականության խնդիրների պատճառները շատ ավելի խորն են, քան թվում է առաջին հայացքից։ Քաղաքականությունն այն ինտեգրալ ասպարեզն է, որում այդ պրոբլեմներն արտահայտվում են իրենց ողջ թշվառությամբ։ Բայց խորքում դրանք, քաղաքական լինելուց առաջ, նախ արժեբանական են ու աշխարհայացքային։ Տասնամյակներ շարունակ մենք՝ որպես հասարակություն, չենք ձեւավորել այնպիսի արժեքային համակարգ, վարքագծային այնպիսի գրված, բայց առաջին հերթին՝ չգրված կանոններ, որոնք առնվազն կոնֆլիկտի մեջ չեն հանրային բարոյականության պարզագույն իմպերատիվների հետ։ Ճիշտ հակառակը՝ մեր արժեքային համակարգը խեղվել է այնպես ու այնքան, որ համամարդկային նշանակություն ունեցող բարոյական նորմերը մեր անհատական ու հանրային վարքագծում վաղուց որեւէ գործառույթ չունեն։ Չարի ու բարու, ազնիվի ու անազնիվի, վեհության ու ճղճիմության, բարոյականության ու ապաբարոյականության առանցքները մեր գիտակցության ու հոգեբանության մեջ խարխլված են անկարելիության աստիճանի։ Մենք ապրում ենք պետության մեջ, որում գրեթե չեն գործում մի կողմից՝ հանրային կյանքի կանոնակարգման ֆորմալ ինստիտուտները՝ սահմանադրությունը, օրենքները եւ այլն, մյուս կողմից՝ իրենց ազդեցությունը կորցրել են կենցաղավարության, համակեցության մշակույթի համար կենսական նշանակություն ունեցող չգրված օրենքները, բարոյական նորմերը, վարքագծային արգելակները։ Հենց այս հարթությունում են ժանտախտի ժամին խրախճանք հիշեցնող գռեհիկ հարսանիքների անցկացման պատճառները։
Հասարակության գրեթե բոլոր անդամներն օգտվում են ֆորմալ ու ոչ ֆորմալ ինստիտուցիաների, արգելքների բացակայությունից՝ ամեն մեկը՝ իր կարողությունների, սոցիալական դիրքի ու, ի վերջո, այլասերվածության աստիճանին համապատասխան։ Իշխանություն ու ֆինանսական կարողություններ ունեցող անձանց, խմբերի մոտ դա հասնում է սանձարձակության, ամբարտավանության, քանի որ կարգավիճակն ու փողը հնարավորություն են տալիս առավելագույնս օգտվել իրականում անիշխանության այդ իրավիճակից։ Դա առաջացնում է հանրային ընդվզում, առաջին հայացքից՝ արդարացի, իրականում, սակայն, անազնիվ ընդզվում, որովհետեւ չկա վստահություն, որ ընդվզողների գերակշիռ մեծամասնությունն ունենալով համանման հնարավորություններ՝ չէր դրսեւորի այն նույն վարքագիծը, որի համար ընդվզում է այսօր։ Լայն իմաստով՝ մեր հասարակությունը հաշտ ու ներդաշնակ է ապրում ապաբարոյական մթնոլորտում՝ ժամանակ առ ժամանակ բողոքի լոկալ ճիչեր արձակելով այս կամ այն ցցուն օրինակի առթիվ։ Ճիչերն արձակվում են, դժգոհությունը պարպվում է, եւ մարդիկ շարունակում են հանդուրժել այն խորքային անբարոյականությունն ու հակարժեքայնությունը, որոնք ծնում են այս կամ այն գռեհիկ երեւույթը։ Եվ եթե հասարակությունն արցախյան պատերազմում կրած խայտառակ պարտությունից 6 ամիս անց հանդուրժում է գործող իշխանությանը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ապա պարտավոր է հանդուրժել նաեւ առանձին անձանց ու խմբերի լպիրշ կենսակերպն ու հրավառության ժայթքումները գերեզմանի վերածված երկրում։ Այդպես առնվազն ավելի ազնիվ կլինի»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ապրիլի 7-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից արված հայտարարությունը շարունակում է բուռն քննարկման թեմա մնալ: Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահի հարցին, թե «Սպուտնիկ-V»-ն Հայաստանում գրանցված է արդյոք, Հայաստանի վարչապետը դրական պատասխան էր տվել։ Սակայն ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը երեկ հերքեց Փաշինյանին՝ ասելով, թե այս պահին պատվաստանյութերի գրանցում չի իրականացվում: Մամուլի ասուլիսի ժամանակ նախարարը բացատրեց. «Այս պահին պատվաստանյութերի գրանցվում չի իրականացվում, բայց «Սպուտնիկ-V» պատվաստանյութին արտակարգ իրավիճակներում օգտագործման թույլտվություն տրված է։ Օրենքը մի քանի մեխանիզմ ունի: Այդ մեխանիզմներից մեկն էլ թույլտվությունն է, որպեսզի այդ պատվաստանյութը օգտագործվի»:
Ըստ Ավանեսյանի՝ այս փուլում գրանցված, թե օգտագործման թույլտվություն ստացած, նույն բանն է։ Իհարկե, հասկանալի է, որ այս բառախաղով փորձեց նախարարն արդարացնել Փաշինյանին, բայց փաստ է, որ վարչապետը ՌԴ նախագահի հարցին անտեղյակ պատասխան է տվել եւ ասել մի բան, որը իրականությանը չի համապատասխանում: Հետաքրքիր է՝ ՌԴ գնալուց առաջ վարչապետին չեն բացատրել արդյոք, որ կորոնավիրուսի պատվաստանյութերը չեն գրանցվում. ինչո՞ւ էր նա վստահ պնդում, որ գրանցված է: Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ վարչապետին սխալ են զեկուցել հերթական անգամ։ Եթե այդպես է, ապա ովքե՞ր պետք է պատասխանատվություն կրեն վարչապետին նորից մոլորեցնելու համար: Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանն ուղղակի անհետացել է, չի պատասխանում հեռախոսազանգերի եւ անգամ չի պատասխանում դեմ առ դեմ տրված հարցերին, առողջապահության նախարարը եւս չպատասխանեց մեր զանգերին: Ամեն դեպքում, արձանագրենք, որ իրավիճակն ավելի տհաճ դարձավ, երբ ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինն ապրիլի 9-ին հայտարարեց, որ «Սպուտնիկ V»-ն արդեն գրանցված է 60 երկրում։ «Ժողովուրդ» օրաթերթը, ուսումնասիրելով ցանկը, պարզեց, որ այդ երկրների թվում են Բելառուսը, Իրանը, Արգենտինան, Սերբիան»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Այս տարվա ապրիլի դրությամբ ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտները եւ պետական տուրքերը 2020թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշին զիջել են շուրջ 2.8 %-ով կամ 10.4 մլրդ դրամով: Այն ապրիլի դրությամբ կազմել է 2021թ. առաջին կիսամյակի հաստատված ցուցանիշի 53.4 %-ը: Միեւնույն ժամանակ այս տարի արդեն հաստատված ցուցանիշը 2019թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշին գերազանցել է 10.2 %-ով կամ 32.8 մլրդ դրամով, իսկ 2018թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցել է 40.7%-ով կամ 102.7 մլրդ դրամով: Ապրիլի տասի դրությամբ հարկերի անցումային գերավճարը կազմել է 28.9 մլն դրամ՝ 2020 թվականի 136.0 մլն դրամի, 2019 թվականի 136.0 մլրդ դրամի եւ 2018 թվականի 54.7 մլրդ դրամի դիմաց։ Եվ չնայած այս տարվա տվյալներն այնքան էլ հուսադրող չեն, նախորդ հինգշաբթի տեղի ունեցած կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատել էր. «Բյուջեի հարկային եկամուտները պլանավորվածից գերակատարվել են 22,3 մլրդ դրամով, եւ առաջին եռամսյակի արդյունքներով՝ Ֆինանսների նախարարությունն առաջարկում է, որ մենք պետական բյուջեի եկամուտների կանխատեսումն ավելացնենք 40 մլրդ դրամով»: Սակայն հաշվի առնելով իրողությունները՝ կառավարությունը թերեւս մի փոքր շտապել է»: