Խորհրդարանը քննարկում է ՀԾԿՀ անդամի թեկնածությունը
Ազգային ժողովն այսօր՝ ապրիլի 13-ին, սկսել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի պաշտոնում Լեւոն Բունիաթյանի թեկնածության քննարկումը:
Ներկայացնելով թեկնածուին՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Բաբկեն Թունյանը տեղեկացրել է, որ Բունիաթյանը մասնագիտությամբ ինժեներ է և երկար տարիներ աշխատել է էներգետիկ ոլորտում, այդ թվում՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում: 2019 թվականի հուլիսից մինչ օրս «Energy Group» ընկերության տեխնիկական տնօրենն է։ Անկուսակցական է, քաղաքականությամբ չի զբաղվել, ամուսնացած է, ունի դուստր:
Բունիաթյանն իր հերթին նշել է, որ խորհրդարանի ընտրության դեպքում իր փորձն ու գիտելիքները կներդնի ՀԾԿՀ-ի շրջանակներում կարգավորվող գործընթացներում: Նա վստահեցրել է, որ իր գործունեության շրջանակներում հատուկ ուշադրություն է դարձնելու էներգամատակարարման որակի ցուցանիշների վերահսկողությանը, բաժանորդների դիմում-բողոքների ուսումնասիրությանը եւ ոլորտի բոլոր բացահայտված խնդիրների ինստիտուցիոնալ լուծմանը: