24.11.2024
Շարմազանով. Քվեարկությունը ցույց տվեց, որ Ընտրական օրենսգրքի շուրջ կա բարձր կոնսոլիդացիա
prev Նախորդ նորություն

Վահրամ Բաղդասարյանն այդպես է ասում, որ Ալիևը չհերոսանա

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը շարունակում է զարմացնել: VERELQ-ի հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե ինչպես կմեկնաբանի ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի այն հայտարարությունը, որ կորցրած 800 հա տարածքը «ամրագրված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքներում», մինչդեռ ինքը դրանք որակել էր իբրև ամայի և հորդորել դրանց վրա չծանրանալ, ՀՀԿ-ական պատգամավորն ասաց.

«Ես նորից եմ կրկնում՝ այս պահին նպատակահարմար է այդ ձևով ասել, քանի որ այդ տարածքները գտնվում են նրանց հսկողության տակ, ապա և այդ տարածքները մեզ համար անմարդաբնակ են և ամայի: Նպատակը նա է, որ բռնապետ Ալիևը չհերոսանա, թե ինքը տարածքներ է գրավել»,- բացատրեց Բաղդասարյանը: Բայց, շտապեց հավաստիացնել նա, այդ տարածքները մեր հայրենիքի մի մասն են, այսինքն՝ ուշադրության կենտրոնում են և քաղաքական իրադարձությունների, զարգացումների շրջանակում այդ հարցին պետք է անդրադառնան:

«Աստված ոչ անի, որ վերահսկողությունից դուրս գա իրավիճակը, պատերազմական գործողություններ սկսվեն, այդ ժամանակ մենք պատրաստ ենք նաև դրան: Կլինի բանակցային գործընթաց, ապա այդ տարածքները, որպես Լեռնային Ղարաբաղի անբաժանելի մի մաս, դրանց հարցը կդրվի բանակցային սեղանին: Բայց այս պահին ես խորհուրդ կտամ չծանրանալ այդ թեմայի վրա և համբերել, թե ինչպիսին կլինեն քաղաքական զարգացումները»,- հավելեց Վահրամ Բաղդասարյանը:

Վիեննայից վերադառնալիս ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ինքնաթիռում հարցազրույց է տվել, որում խոստովանել էր, որ հայկական ուժերը կորցրել են 800 հա տարածք, սակայն այժմ նրանց առջև խնդիր է դրված, արժի՞ արդյոք այդ 800 հա համար զոհել 30, 40 կամ 80 զինվորների կյանք: «Այդ տարածքները ռազմավարական իմաստով ոչ մի նշանակություն չունեն, իսկ ինձ համար ավելի կարևոր են իմ զինվորների ու սպաների կյանքը»,- ասել էր նա:

Մինչ օրս այդ տարածքների մասով տարբեր մեկնաբանություններ են հնչում: Այդպես, ԼՂՀ նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանն ասել էր, որ 800 հեկտար տարածքի գերակշիռ հատվածը չեզոք տարածքում է։ Պարզապես ադրբեջանցիները որոշ մասերում իրենց հենակետերը չեզոք գոտու հաշվին առաջ են բերել։