Հայաստանը պահպանել է տեղը ՌԴ նոր քաղաքացիների հիմնական «մատակարարների» հնգյակում
2020 թվականին ավելի հաճախ Ռուսաստանի քաղաքացիություն են ստացել Ուկրաինայի, Տաջիկստանի, Ղազախստանի եւ Հայաստանի քաղաքացիները: Այս մասին հայտնում է RT-ն՝ վկայակոչելով Ռուսաստանի ՆԳՆ-ն։
Մոսկվայի պետական համալսարանի տնտեսական ֆակուլտետի ազգաբնակչության եւ ժողովրդագրության լաբորատորիայի վարիչ Օլգա Չուդինովսկու խոսքով՝ տվյալ երկրները նախկինում էլ առաջատարների թվում են եղել:
«Եթե նայենք միգրացիոն հոսքերին, մշտական բնակության ժամանածների քանակին, սկզբում ժամանակավոր բնակության թույլտվություն ստացածների քանակին, ապա բնակության թույլտվություն ստացածների քանակին, ընդհանուր առմամբ, մոտավորապես նույն երկրները առաջատարների մեջ են», - հայտարարել է նա:
Չուդինովսկին միաժամանակ նշել է, որ Ուկրաինայի վերաբերյալ գոյություն ունի որոշակի առանձնահատկություն, քանի որ 2019 թվականից ընդունվել են քաղաքացիության մասին օրենքի փոփոխությունները՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ հումանիտար նպատակներով քաղաքացիություն տրամադրելու հրամանագրերի համաձայն:
Ինչպես նշել է փորձագետը, «նոր քաղաքացիների հիմնական մատակարարների» հնգյակում միշտ եղել են Ղազախստանը, Հայաստանը, Տաջիկստանը:
«Բայց դրանք մարդիկ են, որոնք տեղափոխվել են Ռուսաստան, ապրել են որոշ ժամանակ ժամանակավոր բնակության թույլտվությամբ, բնակության իրավունքով, աշխատում են այստեղ, հարկեր են վճարում եւ այդ հիմքով քաղաքացիություն են ստանում»,-եզրափակել է Չուդինովսկին:
ՆԳՆ վիճակագրության համաձայն՝ ընթացիկ տարվա առաջին երկու ամիսներին Ռուսաստանի քաղաքացիություն է տրվել գրեթե 100 հազար օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց: 2020թ.-ի նույն ժամանակահատվածում այն ստացել է ավելի քան 107 հազար մարդ։