23.12.2024
Վարդազարյանն ընդգծել է ՀՀ-ՌԴ դատական համակարգերի նորովի փոխգործակցության կարևորությունը
prev Նախորդ նորություն

Պատերազմի մասնակից ևս 2840 ուսանողի ուսման վարձ կփոխհատուցվի

ՀՀ կառավարությունն ընդունել է որոշում, որի նպատակը 2020 թ. սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակիցների, ինչպես նաև պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից անձանց ուսանող երեխաների և ամուսինների ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ուսման վարձի փոխհատուցումն է:


Այսօրվա դրությամբ կառավարության համապատասխան որոշմամբ ուսման վարձի փոխհատուցման նպատակով տրամադրվել է 205 մլն դրամ՝ 1373 շահառուների:

Որոշմամբ նախատեսվում է տրամադրել ևս 590 մլն դրամ՝ 2840 շահառուների:


Անդրադառնալով որոշմանը՝ կառավարության ղեկավարը նշել է. «Այն ժամանակ, երբ ընդունում էինք որոշումը, մենք նկատի ունեինք 2020-2021թթ. ուսումնական տարվա առաջին կիսամյակը, բայց հետագայում ձևափոխվեց այնպես, որ ուղղակի մեկ կիսամյակի ուսման վարձի փոխհատուցում կտրվի, որովհետև կան ուսանողներ, ովքեր հիմա շարունակում են ծառայությունը: Նրանք ծառայությունից կվերադառնան և ուսանողի կարգավիճակը կվերականգնեն 2021-2022թթ. ուսումնական տարում: Նրանց այդ իրավունքը կպահպանվի, այսինքն` դա ժամանակի հետ կապված չէ»:


Վարչապետ Փաշինյանը նշել է, որ այս որոշման ընդունումը բխում է նոյեմբերի 18-ին իր կողմից հրապարակած ճանապարհային քարտեզից: «Մենք ֆինանսավորումն ավելացնում ենք ծրագիրը շարունակելու համար և այն կիրականացվի այնքան, ինչքան կպահանջվի, որպեսզի բոլոր 7000 շահառուներին մեկ կիսամյակի ուսման վարձն ամբողջությամբ փոխհատուցենք»,-ընդգծել է վարչապետը: