Վարդազարյանն ընդգծել է ՀՀ-ՌԴ դատական համակարգերի նորովի փոխգործակցության կարևորությունը
Պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքում գտնվող Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի գլխավորած պատվիրակությանը հյուրընկալել են Մոսկվայի քաղաքային դատարանում:
Այցը կրել է ճանաչողական բնույթ: Մոսկվայի քաղաքային դատարանի նախագահ Միխայիլ Պտիցինը հայ գործընկերներին ներկայացրել է դատարանի կառուցվածքը, դատավորների ծանրաբեռնվածության ցուցանիշները: Հայ և ռուս գործընկերները մտքեր են փոխանակել երկու երկրների մայրաքաղաքային դատարանների գործունեության առանձնահատկությունների և ընդհանրությունների, ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման փորձի, մասնավորապես՝ պանդեմիայի պայմաններում էլեկտրոնային արդարադատության կիրառման ծավալների և արդյունավետության վերաբերյալ:
Հայկական պատվիրակության ղեկավարն ընդգծել է բարեկամ երկրների դատական համակարգերի միջև նորովի ձևավորվող փոխգործակցության կարևորությունը և վստահություն հայտնել, որ լավագույն և առաջադեմ փորձի փոխանակումը միանշանակ իր դրական ազդեցությունը կունենա դատական ինստիտուտների բարեփոխման և կատարելագործման ճանապարհին:
Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի Մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն