10.12.2024
Նախարարը հայտարարել է, որ Հայաստանը շարունակելու է ձեռք բերել AstraZeneca
prev Նախորդ նորություն

ՄԱԿ-ին չի հաջողվում իրականացնել իրենց առաքելությունն Արցախում. ԱԳՆ

Մարտի 31-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված արցախահայության առջև ծառացած հումանիտար և սոցիալ-տնտեսական խնդիրների հասցեագրման ուղղությամբ միջազգային գործընկերների ներգրավման նպատակով մարդասիրական կոչի ազդարարմանը։ Միջոցառմանը ներկա էին ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների և միջազգային կառույցների ներկայացուցիչներ:

Բացման խոսքով հանդես եկան ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը:

Անդրադառնալով օրվա խորհրդին՝ նախարար Այվազյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար իրադրության, արցախահայության սոցիալ-տնտեսական կարիքների և դրանց հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի վրա:

ԱԳ նախարարը, երախտագիտություն հայտնելով Արցախում առաջնահերթ հումանիտար ծրագրերի իրականացման գործում մասնակցություն ունեցած Հայաստանի գործընկեր պետություններին ու միջազգային կազմակերպություններին, ընդգծեց, որ կարիքները դեռ զգալի են, հատկապես՝ կացարանների, ապրուստի համար անհրաժեշտ գումարների գեներացման, ինչպես նաև մտա-հոգեբանական օգնության առումով:

«Հայաստանը մշտապես Արցախի իր եղբայրների և քույրերի կողքին է՝ հումանիտար այս աղետի հասցեագրման հարցում, սակայն բավական բարդ է դա անել առանց միջազգային հանրության աջակցության», - նշեց ԱԳ նախարարը:

Միջազգային գործընկերների կողմից Արցախում մարդասիրական օգնության տրամադրման և հումանիտար ծրագրերի իրականացման համատեքստում ՀՀ ԱԳ նախարարն ընդգծեց. «Ինչպես շատերդ գիտեք, հումանիտար հասանելիության հարցը, ցավոք, շարունակաբար քաղաքականացվում է Ադրբեջանի կողմից, ինչի հետևանքով առայսօր՝ հրադադարից 5 ամիս անց, ՄԱԿ-ի մեր գործընկերներին չի հաջողվում իրականացնել իրենց առաքելությունն Արցախում:

Ցավոք սրտի, հակամարտությունները եզակի երևույթ չեն աշխարհում, սակայն եզակի երևույթ է, երբ միջազգային հանրությունը, այդ թվում՝ ՄԱԿ-ը, հնարավորություն չունի տեղում աջակցություն ցուցաբերելու հակամարտությունից տուժած մարդկանց։ Այսպիսին է այժմ իրավիճակն Արցախում։ Չնայած մեր բոլոր ջանքերին ու առաջարկներին, միջազգային օգնությունը դեռ ամբողջ ծավալով հասանելի չէ արցախահայությանը: Այս համատեքստում ուզում եմ շատ հստակ հայտարարել, որ մեզ համար այս իրավիճակն այլևս ընդունելի չէ. հումանիտար այս հարցի որևէ քաղաքական շահարկում պետք է հստակ արձագանքի արժանանա մեր միջազգային գործընկերների կողմից:


Արցախ վերադարձած մեր հայրենակիցները չպետք է զրկված լինեն միջազգային հումանիտար օգնությունից, համընդհանուր մարդու իրավունքներից: Բնակության տարածքի կարգավիճակով պայմանավորված որևէ իրավունքի օտարում միջազգային իրավունքի, այդ թվում՝ հումանիտար իրավունքի նորմերի ու սկզբունքների խախտում է: Կոչ ենք անում մեր գործընկերներին անհապաղ քայլեր ձեռնարկել ու համապատասխան ճկունություն դրսևորել՝ հումանիտար ծրագրերն առավել հասանելի դարձնելու բոլոր տուժածների համար, առանց որևէ խտրականության կամ այդ մարդկանց արժանապատվությունն անտեսելու»,- նշեց ԱԳ նախարարը։