«Իմ վերջին աշխատանքային օրն է». Հակոբ Արշակյանը հրաժարական է տվել
Հակոբ Արշակյանը հրաժարական է տվել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնից: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում՝ փաստացի հաստատելով այսօր ավելի վաղ իր հրաժարականի մասին լուրերը:
Նա նշել է, որ այսօր իր վերջին աշխատանքային օրն է որպես ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար։
Այնուհետև Արշակյանն անուղղակիորեն նշել է, որ հրաժարականի պատճառը վերջերս Երևանի սրճարաններից մեկում լրագրողի հետ տեղի ունեցած միջադեպն է:
«Որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի անընդունելի եմ համարում պաշտոնյայի կողմից որևէ քաղաքացու նկատմամբ բռնության կիրառումը, մենք պարտավոր ենք շարժվել առանց բռնության հասարակություն ունենալու ճանապարհով։
Որպես բարձաստիճան պաշտոնյա, Հայաստանի Հանրապետությունը միջազգային ասպարեզում ներկայացնող անձ, առավել ևս, պարտավոր եմ սեփական փորձով ծառայել հանրությանը որպես օրինակ։ Այսպիսով իմ անհանդուրժողականություն եմ հայտնում բռնությանը, թե հոգեբանական, թե ֆիզիկական», - ասված է Հակոբ Արշակյանի գրառման մեջ:
Նա հույս է հայտնել, որ կատարվածը որպես դաս կծառայի մեր հասարակության համար և «մենք մի փոքր ավելի կսիրենք իրար ու կհարգենք յուրաքանչյուրի անձնական, ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքը»։