24.11.2024
Ադրբեջանի խաղաղասիրական վարքագիծը վտանգավոր ծուղակ է մեզ համար. պատգամավոր
prev Նախորդ նորություն

Փաշինյանն ընդունել է Իրաքի պաշտպանության նախարարին ու խոսել ԼՂ հիմնախնդրի մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրաքի Հանրապետության պաշտպանության նախարար Ջումա Ինադ Սաադունի Խատաբի գլխավորած պատվիրակությանը: Այդ մասին հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից:


Վարչապետը ողջունել է Իրաքի պաշտպանության նախարարի այցը Հայաստան և նշել, որ մեր երկիրն Իրաքը դիտարկում է որպես վստահելի գործընկեր՝ հիմնված ամուր պատմամշակութային կապերի վրա: Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել Իրաքի իշխանությունների կողմից տեղի հայ բնակչության նկատմամբ ցուցաբերվող մեծ ուշադրությունը, ինչը հնարավորություն է տալիս հայկական սփյուռքին պահպանել կրոնական արժեքներն ու նպաստել երկրի զարգացմանը:


Ջումա Ինադ Սաադունի Խատաբի խոսքով՝ Իրաքի կառավարությունը շահագրգռված է Հայաստանի հետ հարաբերությունների հետագա ընդլայնմամբ: Իրաքի պաշտպանության նախարարը կարևորել է Զինված ուժերի ոլորտում փոխգործակցության զարգացումն ու փորձի փոխանակումը:


Այս համատեքստում, զրուցակիցները քննարկել են ռազմատեխնիկական, ռազմաբժշկական ոլորտներում համագործակցության սերտացմանը վերաբերող մի շարք հարցեր և կարևորել Երևանում երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջև համապատասխան հուշագրի ստորագրումը:


Վարչապետ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը բարձր է գնահատում Իրաքի իշխանությունների կողմից Լեռնային Ղարաբաղի հարցում ցուցաբերվող հավասարակշռված դիրքորոշումը:


Վարչապետն անդրադարձել է Իրաքի հետ տնտեսական կապերի զարգացմանը և հույս հայտնել, որ այս տարի նախանշված երկկողմ միջկառավարական հանձնաժողովի նիստի արդյունքներով հնարավոր կլինի նոր ազդակ հաղորդել նաև առևտրատնտեսական կապերին:


ՀՀ վարչապետն ու Իրաքի պաշտպանության նախարարը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային նշանակության այլ թեմաների շուրջ: