Փոխվարչապետը՝ ապաշրջափակման մասին. խոսքը խորհրդային կոմունիկացիաների վերականգնման մասին է
Տարածաշրջանում հաղորդակցության ուղիների ապաշրջափակման հարցում առաջընթաց կա, բայց այս պահին իրականացվում են փորձագիտական աշխատանքներ, որոնք չափազանց կարևոր են այդ հարցի ճիշտ լուծումն ապահովելու համար։ Այս մասին այսօր՝ մարտի 24-ին, խորհրդարանում կառավարական ժամի ընթացքում հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Գրիգորյանը հիշեցրել է, որ ներկայումս երեք երկրների՝ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետների մակարդակով գործում է եռակողմ աշխատանքային խումբ, որն արդեն մի քանի նիստ է անցկացրել: «Գործում են նաեւ երկու ենթախմբեր, որոնցից մեկը կոմունիկացիաների տեխնիկական լուծումներ գտնելու փորձագիտական աշխատանքներ է իրականացնում, մյուսը ուսումնասիրում է իրավական, մաքսային, բուսասանիտարական ասպեկտները եւ անվտանգության հարցերը», – հայտարարել է փոխվարչապետը:
Նա նշել է, որ մինչեւ մարտի 1-ը նախատեսվում էր ամփոփել աշխատանքները ընդհանուր զեկույցում, սակայն դա չհաջողվեց անել, քանի որ պահանջվեց փորձագիտական աշխատանքի լրացուցիչ անցկացում: Այդ աշխատանքների ավարտին, նշել է Գրիգորյանը, կկազմակերպվեն հնարավոր լուծումների հնարավորությունների եւ շրջանակի քննարկումներ:
Փոխվարչապետը նշել է, որ հաղորդակցության ապաշրջափակման քննարկման շրջանակներում քննարկվում է նաեւ երկաթուղային եւ ավտոմոբիլային հաղորդակցությունը: Ինչ վերաբերում է «Կոմերսանտ» թերթում հրապարակված քարտեզին, փոխվարչապետը տեղեկացրեց, որ այդ տարբերակը չի քննարկվում: «Ըստ էության խոսքը խորհրդային ժամանակներում գործող կոմունիկացիաների վերականգնման մասին է։ Բոլոր հնարավոր ուղղություններով», - ասել է Գրիգորյանը։