24.11.2024
Սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով միջադեպեր չեն արձանագրվել . ՊՆ
prev Նախորդ նորություն

Եվրախորհրդարանականները Բաքվին կոչ են արել անհապաղ ազատ արձակել բոլոր հայ գերիներին

Հայաստանի և Ադրբեջանի վերաբերյալ Եվրախորհրդարանի զեկուցողներն իրենց մտահոգությունն են հայտնում Ադրբեջանի կողմից հայ գերիների նկատմամբ բռնության մասին բազմաթիվ հաղորդագրությունների, մասնավորապես վերջերս Human Rights Watch-ի զեկույցում արձանագրված դեպքերի կապակցությամբ և կոչ են անում Բաքվին անհապաղ ազատ արձակել բոլոր հայ գերիներին:


Այս մասին ասվում է Հարավային Կովկասի հետ հարաբերությունների գծով պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդի, Հայաստանի հարցով Եվրախորհրդարանի մշտական զեկուցող Անդրեյ Կովաչեւի եւ Ադրբեջանի հարցով ԵԽ մշտական զեկուցող Ժելյանա Զովկոյի համատեղ հայտարարության մեջ։


«Ադրբեջանի իշխանությունները պետք է հետաքննեն բոլոր նման մեղադրանքները (Ադրբեջանի կողմից հայ գերիների նկատմամբ բռնության մասին հաղորդագրությունները – խմբ.) եւ պատասխանատվության ենթարկել մեղավորներին, ինչպես նաև հայտարարել են, որ անհրաժեշտ է ապահովել լիարժեք համապատասխանությունը միջազգային հումանիտար իրավունքին, արգելել խոշտանգումը և այլ արժանապատվությունը նվաստացնող կամ անմարդկային վերաբերմունքի գործողությունները», - ասված է հայտարարության մեջ:


Ընդ որում, Եվրախորհրդարանականները ափսոսանք են հայտնում, որ Ադրբեջանի կառավարությունը չի կատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի միջանկյալ միջոցները, որը պարտավորեցրել է տեղեկատվություն տրամադրել գերիների պահման պայմանների, նրանց առողջական վիճակի, ինչպես նաեւ նրանց վերադարձի միջոցների մասին:


«Մեկ անգամ եւս կոչ ենք անում Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել մնացած բոլոր հայ գերիներին՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի մասին համաձայնագրի դրույթների», - ասված է հայտարարության մեջ:


VERELQ-ը հիշեցնում է, որ ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Հայաստանին է փոխանցել բոլոր ռազմագերիներին՝ 2020թ.նոյեմբերի 10-ին Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի ստորագրումից հետո: Ինչ վերաբերում է մարտական գործողությունների ավարտից հետո ձերբակալվածներին, ապա Բաքուն դրանք այդպիսին չի համարում, և վերջիններս պետք է պատասխան տան օրենքի առաջ։


Մինչդեռ ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը հայտարարում է, որ Ադրբեջանում այժմ գտնվում են շուրջ 200 հայ ռազմագերիներ: Բաքուն հայտնում է 73-ի մասին, սակայն հայկական կողմն ունի 120 մարդու գերեվարման անհերքելի փաստեր։