Եթե ընտրություններից առաջ «Իմ քայլը» խորհրդարանում ընդունի նոր Ընտրական օրենսգիրք, ապա ԼՀԿ-ի հետ ունեցած բոլոր գործող պայմանավորվածությունները ջուրը կլցվեն: Այդ մասին այսօր՝ մարտի 22-ին, «Ֆեյսբուքի» իր էջի ուղիղ հեռարձակմամբ հայտարարել է Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Նա նշում է, որ ընտրություններից առաջ խաղի կանոնները պետք չէ փոխել: Միևնույն ժամանակ Մարուքյանը նշում է, որ եթե օրենսգիրքը փոխվի էլ, ընտրություններին մասնակցության «մեր որոշումը չի փոխվելու, որովհետև ընտրություններն այլընտրանք չունեն, կմասնակցենք ընտրություններին»:
«Մշակված Ընտրական օրենսգիրքն ամբողջությամբ հում օրենսգիրք է, և իրենք առաջարկում են, որ այդ հում օրենսգիրքը հիմա չընտրվի, դրանով չգնան արտահերթ խորհրդարանական ընտրությունների», - ասաց նա՝ հավելելով, որ ընտրության օրը հայտարարելուց հետո չի կարելի փոխել գործող խաղի կանոնները: «Նոր խաղի կանոններ ընդունելը նշանակում է ընտրության օրը կասկածի տակ դնել, հետևաբար ճգնաժամը խորացնել երկրում»,- նշեց Մարուքյանը:
Նա դեմ է փակ ցուցակներով պարզ համամասնական համակարգին՝ նկատելով,որ այդ պարագայում կուսակցության ղեկավարները կամ գոնե կուսակցության խորհուրդներն են նշանակելու պատգամավորներ: «Հետաբար, ժողովուրդը ընտրելու է կուսակցությանը՝ լիդերի համար, սակայն ընտրվելու են պատգամավորներ, որոնց ժողովուրդը չի ընտրում»,- ասաց նա՝ հավելելով, որ ԼՀԿ-ն առաջարկել էր, որ ընտրություններն արվեին համամասնական ընտրակարգով, բայց բաց ցուցակով, սակայն այդ առաջարկը չէր ընդունվել:
«Եթե ուզենան հիմա ընդունել, հունիսի 20-ին ընտրություն չի կարող լինել»,- նշեց Մարուքյանը՝ նկատելով, որ պետք է ձեռնպահ մնալ Ընտրական օրենսգրքին ձեռք տալուց:
«Եթե Ընտրական օրենսգիրքը բերվի, և «Իմ քայլը» միաձայն ընդունի, դա կնշանակի, որ մեր հետ ունեցած բոլոր գործող պայմանավորվածությունները ջուրն են լցնելու դրանով, որովհետև մենք պայմանավորվել էինք, որ հունիսի 20-ին անում ենք ընտրություններ, և ոչ մի բանին չենք միջամտում: Եվ դրանով սպասվող ընտրությունների լեգիտիմությունը դրվելու է կասկածի տակ»,- եզրափակեց ԼՀԿ ղեկավարը: