Հանուն բարեկեցիկ ու անցնցում ապագայի. ՀԱՍԱԿ-ը մեկնարկել է մարզային այցելությունների շարք
«Հանուն սոցիալական արդարության» կուսակցությունը մեկնարկել է մարզային այցերի շարք. շաբաթ օրը առաջին հանդիպումը Արմավիրում էր:
Քննարկում-հանդիպման ընթացքում ՀԱՍԱԿ նախագահ Արման Ղուկասյանն արմավիրցիներին ներկայացրեց քաղաքական ուժի անցած ճանապարհը, անդրադարձ կատարեց նաև ներքաղաքական իրավիճակին: Նշվեց, որ ՀԱՍԱԿ-ը հանդես է գալիս որպես երրորդ ուժ, որի հիմքում քաղաքացիների բարեկեցիկ կյանքի ապահովումն է ու սոցիալական արդարությունը, իսկ դրան հասնելու ճանապարհը մի քանի կոնկրետ գործողություն է ենթադրում՝ սկսած բանկային տոկոսադրույքների նվազումից, վաշխառության վերացումից մինչև դատական համակարգում բարեփոխումներ:
«Առկա քաղաքական ճգնաժամից պետք է դուրս գանք միասնական, առանց ցնցումների, սահմանադրական ճանապարհով»,- շեշտեց Արման Ղուկասյանը:
Իր հերթին, կուսակցության փոխնախագահ Ծովինար Կոստանյանն անդրադարձավ մարզային խնդիրներին ու այդ կոնտեքստում հատկապես երիտաասարդությանն առնչվող: Նրա խոսքով, մարզային կյանքի մոդելը պետք է հիմնովին փոխվի, լուծվի զբաղվածության խնդիրը, որպեսզի մարդիկ չլքեն մարզը: Ինչպես նաև անդրադարձավ ազգային արժեքներին, որոնց հիմքը վերջին ժամանակներս խարխլված է, բայց որի պահպանման համար պայքարը կուսակցության գաղափարախոսության հիմնասյուներից է.
«Ազգային արժեքներն են հենց այն հիմքը, որի վրա պետք է կառուցվի պետությունը: Մենք կարծես շեղվել ենք այս ուղուց, բայց վստահ եմ, որ միասնական ուժերով կարող ենք նորից վերագտնել մեզ»,- ասաց ՀԱՍԱԿ փոխնախագահը:
Կուսակցության խորհրդի անդամ, քաղաքագետ Գրիգոր Բալասանյանն էլ նշեց, որ մարզային կյանքն աշխուժացնելու համար անչափ կարևոր է զարգացնել թե՛ գյուղատնտեսությունը, թե՛ արդյունաբերությունը և որ այդ իմաստով Արմավիրի մարզը մեծ պոտենցիալ ունի: Նա ուշադրություն դարձրեց քաղաքացիների աշխատանքային իրավունքների պաշտպանության հետ առկա բացերին՝ նշելով, որ մարդիկ շատ աշխատում են, բայց քիչ վաստակում և սա համատարած խնդիր է Հայաստանում: Այս կոնտեքստում նա Աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների անհրաժեշտությունը, քանի որ այսօր աշխատաշուկայում քաղաքացին գրեթե օրենքով պաշտպանված չէ և արժանապատիվ եկամուտ ասվածը մեծամասնության համար ուղղակի բառեր են, այլ ոչ թե իրականություն:
Մարզային այցերը շարունակվելու են:
Նշենք, որ «Հանուն սոցիալական արդարության» կուսակցությունը հիմնադրվել է 2016 թվականին: Կուսակցության գլխավոր նպատակն է պայքարել Հայաստանում սոցիալական անարդարության մթնոլորտի վերացման և ժողովրդի բարեկեցիկ կյանքի համար: