24.11.2024
Հանուն բարեկեցիկ ու անցնցում ապագայի. ՀԱՍԱԿ-ը մեկնարկել է մարզային այցելությունների շարք
prev Նախորդ նորություն

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը կմասնակցի արտահերթ ընտրություններին

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» ազգային-քրիստոնյա կուսակցություն մասնակցելու է 2021 թվականի հունիսի 20-ին Հայաստանում տեղի ունենալիք Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններին: Այս մասին ասված է կուսակցության նախագահ Խաչիկ Ասրյանի տարածած հայտարարության մեջ:

««Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» Ազգային-Քրիստոնյա կուսակցությունը վերահաստատում է Հայաստանում տեղի ունենալիք Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցելու իր պատրաստակամությունը:

Արտահերթ ընտրություններն օրինական և լեգիտիմ ճանապարհներից են՝ Հայաստանը ամերիկածին և թուրքահպատակ Փաշինյան Նիկոլի իշխանությունից մաքրելու, Հայաստանում ազգային-քրիստոնեական արժեհամակարգով առաջնորդվող իշխանություն ձևավորելու, որի առաջնահերթ խնդիրն է լինելու Հայաստանը նորովի՝ որպես ռազմական-սոցիալական պետություն կառուցելը, բարեկամ և ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ ազնիվ և վստահելի հարաբերություններ կառուցելու, Հայ ժողովրդին անվտանգ ու ազգային արժեհամակարգին հարիր միջավայրում ապրելու և արարելու հնարավորության ընձեռելու համար:

Առավել քան վստահ ենք, որ Հայ ժողովուրդն այս անգամ չի ընկնի օտար և թշնամի ուժերի կողմից իրագործվող քարոզչական հնարքների թակարդը, և իր վստահելի ձայնը կտա քաղաքական այն կուսակցությանը, որն, Արցախին, Հայաստանին և Հայ ազգին վտանգ սպառնալու պահին, միշտ իր կյանքը դրել է Հայրենիքի պաշտպանության զոհասեղանին, որն ունի պետության կառավարման փորձառու առաջնորդ, ում անունը երբեք կապված չի եղել որևէ կոռուպցիոն կամ այլ հանցավոր գործարքների հետ, և քաղաքական ուժեղ թիմ:

Նորանկախ Հայաստանի պետականաշինության գործում լրջագույն ներդրում ունեցած և 15 տարիների ընթացքում շուրջ 1.500 հայրենասիրական և ռազմահայրենասիրական բնույթի միջոցառումներ կազմակերպած «Սյունյաց և Հայոց Արծիվներ» հայրենասիրական կազմակերպությունների 301 մասնաճյուղերի ամուր հիմքի վրա ձևավորված «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» Ազգային-Քրիստոնյա կուսակցությունը, «ՀԱՎԱՏՔՈ՛Վ, ՈւԺԵ՛Ղ, ՄԻԱՍՆԱԿԱ՛Ն» պատգամով, մասնակցելու է 2021 թվականի հունիսի 20-ին Հայաստանում տեղի ունենալիք Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններին և Հայ ժողովրդի անմիջական աջակցության և մասնակցության արդյունքում Հայաստանում ձևավորելու է նոր՝ ազգային-քրիստոնյա իշխանություն, որն էլ ամեն օր՝ 24-ժամյա ռեժիմով, կառուցելու է Ռազմական և Սոցիալական Հայաստան»: