Խորհրդարանական կառավարման ձևը չարիք է երկրի համար. Գոռ Գեւորգյան
Վերջին ներքաղաքական իրադարձությունները ցույց տվեցին, որ ի հեճուկս սահմանադրական կարգավորման՝ խորհրդարանը առաջնային ամբիոն չէ երկրի համար կարևոր որոշումներ կայացնելու համար։ Այս մասին այսօր՝ մարտի 19-ին, հայտարարել է անկախ պատգամավոր Գոռ Գեւորգյանը։
Նրա խոսքով, անհրաժեշտ է խորհրդարանի արտահերթ նիստ հրավիրել՝ քննարկելու այնպիսի կարեւոր հարցեր, ինչպիսիք են անվտանգության ապահովման խնդիրները եւ առաջիկա ընտրությունների անցկացման ձեւաչափը: «Անհրաժեշտ է քննարկել եւ հասկանալ, թե որքանով են այս ընտրություններն իրականում ապահովելու քաղաքացիների արդար եւ ազատ կամարտահայտությունը, ինչպես նաեւ այդ ընտրությունները կհանգեցնեն երկրում կայունության եւ հասարակական հաշտեցման», - հայտարարել է պատգամավորը:
Նա վստահ է, որ պետք է ընդունել, որ Հայաստանում խորհրդարանական կառավարման ձևը սպառել է իրեն։ Ավելին, կառավարման այս ձևը իսկական չարիք է երկրի համար, հայտարարել է Գևորգյանը։ Նրա գնահատմամբ՝ պետք է սկսել քննարկումներ նախագահական կառավարման համակարգին վերադառնալու մասին մինչև արտահերթ ընտրություններ։