Անկախ պատգամավորները մտադիր են խորհրդարանում ներկայացնել Արցախի շահերը
Անկախ պատգամավորներ Թագուհի Թովմասյանը, Աննա Գրիգորյանը և Սոֆյա Հովսեփյանը հայտարարել են «Արցախ» նախաձեռնության ձևավորման մասին։ Այս մասին այսօր՝ մարտի 19-ին, ԱԺ արտահերթ նիստում հայտարարել է պատգամավոր Թագուհի Թովմասյանը։
«Ես և իմ գործընկերներ Աննա Գրիգորյանն ու Սոֆյա Հովսեփյանը ձևավորում ենք «Արցախ» նախաձեռնությունը։ Թեև արդեն կարճ ժամանակ է մնում, բայց մենք այս գումարման խորհրդարանում ներկայացնելու ենք Արցախի ձայնը։ Մենք ունենք Հայաստան-Արցախ բարեկամության խումբ, բայց նման խմբեր գործում են նաև այլ երկրների հետ, իսկ Արցախի պարագայում, կարծում եմ, պետք է առանձնահատուկ ընդգծված մոտեցում լինի։ Որովհետև, եթե մինչև պատերազմը մենք բոլորս կարծում էինք, որ Հայաստանը Արցախի անվտանգության երաշխավորն է, ապա պատերազմից հետո պարզ դարձավ, որ հենց Արցախն է այս տարիների ընթացքում եղել Հայաստանի անվտանգության երաշխավորը։
Գեղարքունիքի եւ Սյունիքի պարագայում մենք դա ակնհայտորեն զգում ենք, քանի որ տեսնում ենք, թե որքան հեռու է մեր սահմաններից Արցախը պահել մեր թշնամիներին», - հայտարարել է Թովմասյանը։ Նա ցավով նշեց, որ Արցախն աստիճանաբար դուրս է բերվում խորհրդարանի քաղաքական օրակարգից։