Ես երբեք չեմ լքի խրամատը, որը պաշտպանում է հայկական պետականությունը: Սրանում կարող եք վստահ լինել: Այս մասին այսօր դատարանի բակում հայտարարեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ դիմելով այստեղ հավաքված իր աջակիցներին:
Նրա խոսքով, բոլոր նրանք, ովքեր համարում են, որ Արցախի կարգավիճակի հարցը լուծված է, լինեն նրանք Հայաստանի ներսում, թե դրսում, պետք է հասկանան, որ Արցախը, ավելի ճիշտ այն, ինչ մնացել է Արցախից, երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում:
"Ցավոք սրտի՝ հնարավոր չէր ողբերգությունը կանխել... բայց ես տեսնում եմ այդ ողբերգությունից հառնելու ճանապարհը: Կապիտուլյանտները պետք է հեռանան, ժողովուրդը պետք է ընտրի պետականամետ կառավարություն, որն օր առաջ պետք է լծվի Հայաստանի անվտանգության և մեր քաղաքացիների բարեկեցության մակարդակի բարձրացման գործին. այլ ճանապարհ չկա, այլընտրանք չկա",- հայտարարեց նա:
Սերժ Սարգսյանի խոսքով, այս երեք տարիների ընթացքում Հանրապետականը նաև կուսակցական կորուստներ է ունեցել, բայց նաև փոխվել են: Ու թեև իրենց շարքերը բյուրեղացել են, բայց այսօր ևս ունեն պրոֆեսիոնալ և մրցունակ թիմ, և, նախկին նախագահի խոսքով, պայքարելու են "մեր ազգային և ուժեղ պետության համար".
"Ես քաղաքական խրամատը չեմ լքելու, ես խրամատ լքող չեմ ու իմ անցած կյանքով ես դա ապացուցել եմ: Ես կարող եմ հեշտությամբ պաշտոն զիջել, ես կարող եմ հանուն ՀՀ ժողովրդի զիջել մի ողջ իշխանություն, բայց ես երբեք չեմ լքի խրամատը, որը պաշտպանում է հայկական պետականությունը: Սրանում կարող եք վստահ լինել",- ընդգծեց նա:
Սարգսյանը հավաստիացրեց, որ ՀՀԿ-ի ձայնը եղել է հնչեղ և այդպես էլ մնալու է, իսկ իրենց գործողությունները լինելու են հստակ, հաշվարկված, համակարգված, նպատակաուղղված և ազնիվ:
Միևնույն ժամանակ, լրագրողի հարցին ի պատասխան, որը վերաբերում է հնարավոր արտահերթ ընտրություններին, Սերժ Սարգսյանը չհստակեցրեց՝ արդյոք ՀՀԿ-ն մասնակցելու է դրանց և ինչ ձևաչափով:
VERELQ-ը հիշեցնում է, որ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր մեկնարկել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական հերթական նիստը: