24.11.2024
Վերջին զարգացումներն ընդգծեցին, որ կարիք ունենք ԵԱՀԿ ՄԽ ուժեղ համանախագահության. Այվազյան
prev Նախորդ նորություն

Ինտերպոլը Հայաստանին մեղադրել է քաղաքական հետապնդումներ իրականացնելո՞ւ համար

Անցած 30 տարիների ընթացքում առաջին անգամ Ինտերպոլը հրաժարվել է կոնկրետ հարցի շուրջ համագործակցել Հայաստանի հետ՝ գործի մեջ տեսնելով քաղաքական հետապնդման ակնհայտ նշաններ։ Այս մասին այսօր՝ մարտի 16-ին, հայտարարել է անկախ պատգամավոր, "Իմ քայլը" դաշինքի խմբակցության նախկին անդամ Թագուհի Թովմասյանը։


Պատգամավորը լրագրողներին ցույց տվեց փաստաթղթեր, որոնց համաձայն Ինտերպոլի կենտրոնական վարչությունը մերժել է Հայաստանին իր խողովակներն օգտագործել նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին ձերբակալելու և երկիր վերադարձնելու համար՝ հղում կատարելով կազմակերպության կանոնադրության 3-րդ հոդվածին (կտրականապես արգելվում է որևէ միջամտություն կամ գործունեություն իրականացնել քաղաքական, ռազմական, կրոնական կամ ռասայական բնույթի):


Կենտրոնական վարչությունը նաև հանձնարարել է իր ստորաբաժանումներին ամբողջ աշխարհում թարմացնել տվյալների բազաները և հանել Կոստանյանի անունը միջազգային հետախուզման մեջ գտնվող անձանց ցուցակից: Երկու դեպքում էլ պատճառ է դարձել այն փաստը, որ Ինտերպոլը գործում քաղաքական հետապնդման նշաններ է նկատել։ Պատգամավորի խոսքով՝ ի հեճուկս պաշտոնատար անձանց հայտարարությունների, Կոստանյանը միջազգային հետախուզման մեջ չէ արդեն անցյալ տարվա ապրիլից։


«Եկեք մի պահ հեռանանք նրանից, թե կոնկրետ ում մասին է խոսքը։ 30 տարվա ընթացքում առաջին անգամ նման հեղինակավոր միջազգային կազմակերպություն, ըստ էության, արձանագրում է Հայաստանում քաղաքական հետապնդման իրականացման փաստը և մերժում իշխանությունների հետ համագործակցությունը։ Շատ ցավալի է, որ նման բան տեղի է ունենում հենց Մարտի 1-ի գործի քննության շրջանակներում, որը բոլորիս համար շատ ցավոտ թեմա է», - հայտարարեց Թովմասյանը։


Պատգամավորը նշեց, որ 2018 թվականի հեղափոխությունից հետո հանրությունը սպասում էր այդ գործի բոլոր մանրամասների օպերատիվ բացահայտմանը, սակայն փոխարենը «Մարտի 1»-ի գործով արձանագրվել է քաղաքական հետապնդման փաստ: Նա ընդգծել է, որ Գլխավոր դատախազության եւ ՀՔԾ-ի գործողությունների պատճառով Հայաստանը «խլացուցիչ ապտակ է ստացել միջազգային հեղինակավոր իրավապահ կազմակերպությունից՝ ի դեմս Ինտերպոլի»:


Պատգամավորը չբացառեց, որ Մարտի 1-ի գործով մյուս մեղադրյալների նկատմամբ էլ կարող են լինել նման գնահատականներ։ «Ես նման տվյալներ չունեմ, բայց չեմ բացառում։ Հնարավոր է, որ մենք պարզապես մուտք չունենք մյուս անձանց մասին փաստաթղթերին», - հայտարարել է Թովմասյանը։ Նա նշեց, որ նման իրավիճակում մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն։


Թովմասյանը նաև տեղեկացրել է, որ ունի նաև այլ սենսացիոն փաստաթղթեր, որոնք մտադիր է հրապարակել ըստ անհրաժեշտության: Նա հրաժարվել է լրագրողներին հայտնել, թե կոնկրետ ինչ թեմաներ են վերաբերում փաստաթղթերին։