Սոթքի ոսկու հանքավայրի մոտ 300 աշխատակցի կրճատման հարց է առաջացել. պատգամավոր
Սոթքի ոսկու հանքավայրի մոտ 300 աշխատակցի կրճատման հարց է առաջացել, նրանցից մոտ 100-ն արդեն կրճատվել է: Այդ մասին այսօր ԱԺ ամբիոնից իր ելույթում ասել է անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը:
Նա հիշեցրել է, որ Սոթքի ոսկու հանքավայրի աշխատակիցները հայտնի պատճառներով պատերազմից հետո հարկադիր պարապուրդի մեջ էին գտնվում, քանի որ ամբողջ ծավալով չի աշխատում հանքը:
«Հանքավայրի շահագործումը դադարեցվել է մի մասով, որովհետև հանքավայրի մեծ մասը մնացել է ադրբեջանական վերահսկողության տակ: Եվ հիմա մոտ 300 աշխատակիցների կրճատմամբ հարց է առաջ եկել, մոտ 100-ը կրճատվել են, մնացածն էլ ընթացքի մեջ են: Սա նշանակում է, որ Վարդենիսի և հարակից շրջանների մոտ 300 ընտանիք մնալու է առանց աշխատանքի», - ասաց Թովմասյանը:
Պատգամավորը նշեց, որ իր հետ կապվել են բազմաթիվ անձինք՝ Վարդենիսից և հարակից շրջաններից, որոնք մտադրություն ունեն իրենց բողոքը արտահայտել՝ տարբեր ակցիաներով, այդ թվում՝ փակելով երկաթգիծը, որտեղով տեղափոխվում է Սոթքի ոսկու հանքավայրի հանքանյութը՝ դեպի Արարատ:
Պատգամավորը հույս հայտնեց, որ իր հայտարարությունը կօգնի, որ կառավարությունը որևէ քայլ ձեռնարկի՝ մեղմելու այդ դժգոհությունը, առաջարկելու որևէ տարբերակ: «Քաղաքացիներին պետք է օր առաջ այլընտրանք առաջարկել», - ասել է նա: