Նախատեսվում է Նիկոլ Փաշինյանի հանդիպումը նաև Գագիկ Ծառուկյանի հետ. Մակունց
«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այսօր՝ մարտի 4-ին, հայտարարել է, որ առաջիկայում նախատեսվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը նաև «Բարգավաճ Հայաստան»-ի ղեկավարի հետ: «Հրավերն ուղարկվել է», - ասել է նա ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:
«Վարչապետը հանդիպում ունենալու է նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավարի հետ: Հրավերն ուղարկվել է: Թե ինչպես կընթանան զարգացումները, չեմ կարող ասել», - ասաց Մակունցն ու հավելեց՝ վարչապետի ու Էդմոն Մարուքյանի հանդիպման մանրամասներին դեռ տեղյակ չէ:
ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը, հիշեցրել է Մանուկնցը, վարչապետի հետ հանդիպումից հետո նշել է, որ ԲՀԿ-ի դիրքորոշումը պարզ լինելուց հետո հավանաբար նորից կլինեն բանակցություններ: «Առաջարկում եմ սպասել այդ բանակցությունների արդյունքների արձանագրմանը», - հայտարարել է Մակունցը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 3-ին հայտարարել էր, որ հանդիպումներ է ունենալու ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարների հետ: «Լուսավոր Հայաստան»-ի ղեկավար Էդմոն Մարուքյանը մարտի 4-ին հանդիպել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կառավարության շենքում:
Էդմոն Մարուքյանը՝ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումի ավարտից հետո, հայտնել էր ԶԼՄ-ներին, որ որևէ հարցով չունեն համաձայնություն: «Բայց մենք ունենք հասկացվածություն, որ պետք է խոսենք, ճանապարհներ գտնենք երկրում ստեղծված այս իրավիճակից դուրս գալու համար», - ասել էր նա։