23.11.2024
Հաշվարկը հետևյալն է՝ ապրիլի 25-ին կամ մայիսի 2-ին կլինեն ընտրություններ. Մարուքյան
prev Նախորդ նորություն

Քոչարյանը Ռուսաստանի մեծ բարեկամն է. Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին բարեկամական քաղաքական գործիչ է անվանել, սակայն աբսուրդ է համարել այն միտքը, որ նա համաձայնեցնում է իր գործողությունները Մոսկվայի հետ Հայաստանի քաղաքական կյանքին մասնակցելու իր ցանկության վերաբերյալ:


Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», այս մասին նա հայտարարել է պատասխանելով այն հարցին, թե արդյոք Քոչարյանն իր որոշումը համաձայնեցրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, եւ ինչպես է Ռուսաստանի Նախագահը վերաբերվում Հայաստանի քաղաքական կյանքին մասնակցելու Քոչարյանի ցանկությանը:


Ավելի վաղ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր, որ պատրաստ է կրկին հավակնել Հայաստանի ղեկավարելուն:


«Հայաստանում քաղաքական գործընթացի մասնակիցները կարիք չունեն իրենց որոշումները համաձայնեցնել Ռուսաստանի նախագահի հետ։ Սա միանգամայն աբսուրդ հարցադրում է։ Ինքը՝ Ռոբերտ Սեդրակին, իհարկե, Ռուսաստանի մեծ բարեկամն է։ Նա համոզված է, որ Հայաստանի համար օգտակար կլինի հետագայում ևս զարգացնել և խորացնել փոխգործակցությունը ՌԴ-ի հետ։ Սա այն մարդն է, ով մեծ ջանքեր է գործադրել իր երկրի զարգացման համար, և մենք, ընդհանուր առմամբ, գոհունակությամբ արձանագրում ենք, որ Հայաստանի քաղաքական գործիչների ճնշող մեծամասնությունը կողմնակից են մեր երկրի՝ Ռուսաստանի, հետ հարաբերությունների հետագա ամրապնդմանը։ Մեզ համար դա գլխավորն է», - ասել է Պեսկովը լրագրողներին։


Նա հստակեցրեց, որ այդ քաղաքական գործիչներից է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


«Մենք կենտրոնանում ենք նրա համապատասխան հայտարարությունների վրա։ Դուք գիտեք, որ շատ ակտիվ երկխոսություն է ընթանում իր և Ռուսաստանի նախագահի միջև։ Դուք գիտեք, թե ինչ լարված աշխատանք է նախորդել եռակողմ փաստաթղթի ստորագրմանը, որը վերջ դրեց ղարաբաղյան պատերազմին։ Այդ պատճառով այդ հարաբերությունները, իրոք, նույնպես շատ արժեքավոր են», - եզրափակել է Պեսկովը։