VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին Միքայել Մինասյանն ուշագրավ տեղեկություն էր հաղորդել, թե «ԱԱԾ-ն մի քանի ամիս առաջ գաղտնալսել է Օնիկ Գասպարյանին եւ ձայնագրել Գլխավոր շտաբի պետի եւ Սերժ Սարգսյանի հեռախոսազրույցը․․․ այն շուտով հրապարակվելու է»։ Մենք փորձեցինք ճշտել, թե ինչի մասին է խոսքը։ Պարզվում է՝ այդ խոսակցությունը եղել է դեկտեմբերին՝ Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիք մեկնելու օրերին։ Սերժ Սարգսյանին տեղեկացրել են, որ Օնիկ Գասպարյանը՝ Փաշինյանի Սյունիք մեկնելուց առաջ՝ դեկտեմբերի 19-ին, այցելել է Սյունիք, որպեսզի կազմակերպի, որ դեկտեմբերի 21-ին կատարվելիք վարչապետի այցը չխոչընդոտեն։ Նախօրեին արդեն հայտնի էր, որ սյունեցիները Փաշինյանին չեն թողնելու մարզ մտնել, ուստի այդ հարցը միայն ուժայինները կարող էին կարգավորել։ Այս լուրը Սերժ Սարգսյանի զարմանքն է հարուցում, որ այդ ցածր առաքելությունը ստանձնել է ԳՇ պետը։ Երբ Գասպարյանին փոխանցում են Սերժ Սարգսյանի զարմանքը, նա այնքան է վրդովվում, որ ուղիղ կապով զանգում է Սերժ Սարգսյանին եւ զայրացած ասում՝ ես դրա այցի հետ կապ չունեմ, ես ո՞նց կարող եմ նման բանով զբաղվել։ Եվ այնքան է զայրացած լինում, որ անգամ հայհոյում է Փաշինյանին, թե՝ ես դրա կամակատարը չեմ։ Ահա, այս խոսակցությունն է ձայնագրել ԱԱԾ-ն, որն ուզում են հրապարակել»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ հանրության մի ստվար զանգված խորը հիասթափություն ապրեց։ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց Օնիկ Գասպարյանի հրամանագիրը, եւ նա իրավունքի ուժով կազատվի պաշտոնից: «Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները տեղեկացրին, որ Օնիկ Գասպարյանը երեկ գիշեր տուն է գնացել. մինչ օրս նա գիշերում էր ՀՀ ՊՆ գլխավոր շտաբում։ Դա, սակայն, ոչ թե նշանակում է նահանջ, այլ կարճ դադար։ ԳՇ անդամները սպասում են առավոտյան Գասպարյանի գալուն եւ նոր հրահանգներին։ Իսկ ինչ վերաբերում է Արմեն Սարգսյանի անակնկալ որոշմանը, ապա նկատենք, որ նախօրեին, երբ նախագահը հանդիպել էր վարչապետ Փաշինյանին, հանդիպումից առաջ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները սոցիալական ցանցերում եւ հարցազրույցներում իսկական գրոհ էին սկսել ՀՀ նախագահի դեմ։ ԱԺ պատգամավոր Վահագն Հովակիմյանն անգամ նախորդ օրը դիտարկում էր նախագահին անվստահություն հայտնելու տարբերակները: Դրան զուգահեռ Արմեն Սարգսյանին գովեստի խոսքեր էին հղում ընդդիմության առաջնորդները: Վարչապետը նախագահի հետ հանդիպումից հետո sms էր ուղարկել իր թիմակիցներին՝ «անջատելով» քննադատությունները, եւ զարմանալի չէր, որ երեկ արդեն իրավիճակը 180 աստիճանով փոխվեց։ Նիկոլ Փաշինյանի պահանջը կկատարվի. Օնիկ Գասպարյանը, ամենայն հավանականությամբ, կդադարի լինել ԳՇ պետ մարտի 4-ից: Մնացած քայլերը լիրիկայի ժանրից են՝ Սահմանադրական դատարան, օրենքի սահմանադրականություն եւ այլն։ Իսկ թե ինչ են պայմանավորվել նախագահը, վարչապետը, ապա նաեւ վարչապետն ու ընդդիմության լիդերները, առաջիկայում կպարզվի»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Մարտիմեկյան հանրահավաքի ելույթում կիսանախագահական համակարգին վերադառնալու իր մտադրության մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն անակնկալի է բերել «Իմ քայլի» պատգամավորներից շատերին։ Բանն այն է, որ հարցը չի քննարկվել խմբակցությունում, ավելին՝ 2020-ի հունվարին իր ամփոփիչ ասուլիսում Փաշինյանը քննադատել էր կիսանախագահական համակարգը՝ ասելով, որ այն ՀՀ երրորդ հանրապետության ամբողջ ընթացքում ձախողված կառավարման համակարգ է։ «Դա գործնականում բոլորս տեսել ենք եւ դա ապացուցված է: Հեղափոխության հաջորդ օրվանից եղել են մարդիկ, որոնք ասում էին՝ արագ կիսանախագահական համակարգը պետք է վերականգնել, բացատրում էին՝ հին համակարգում լավ էր, փաստացի բոլոր լծակները նախագահի ձեռքին էին, պատասխանատվությունը՝ վարչապետի ձեռքը: Հենց պրոբլեմ էր առաջանում, նախագահը շատ հաջող իր պատասխանատվությունը դնում էր վարչապետի վրա, իրեն գործից հանում էր, եւ բուֆեր էր առաջանում»։ Նախօրեի հայտարարությունը նախեւառաջ ուղղված է «Իմ քայլի» դեմ, Փաշինյանը պատերազմից հետո պայքարում է ոչ միայն ընդդիմության, այլեւ սեփական թիմի դեմ, որ այն ճաքեր չտա՝ պատգամավորները չմիանան ընդդիմությանը, չսկսեն իմպիչմենտի գործընթաց։ Պառլամենտական համակարգում վարչապետը կախված է խորհրդարանից, մի կողմից՝ «Իմ քայլն» է նրա պատանդը, մյուս կողմից՝ ինքը նրանց, եւ երեք ամիս է՝ ստիպված նրանց սրտով է գնում, բոլորի պահանջները բավարարում, որ իր դեմ դուրս չգան։ Եվ կարծում է, որ նախագահի պաշտոնը հնարավորություն կտա ուղղաձիգ կառավարել բոլորին»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Իմ քայլի» եւ իշխանության օրենսդիրները ԳՇ հայտնի հայտարարությունից հետո 24-ժամյա ռեժիմով աշխատել են գտնել այն բանաձեւը, որով ԱԺ-ն սահմանադրական փոփոխություններ կիրականացնի, եւ կվերադառնան բանակի ուղղաձիգ կառավարման մոդելին, երբ ԳՇ-ն ենթարկվում էր Պնախարարին, սակայն Սահմանադրության՝ զինված ուժերի վերաբերյալ գլխում փոփոխությունների միակ ճանապարհը հանրաքվեն է, ինչից հետո Նիկոլ Փաշինյանն անցել է իր սիրած զբաղմունքին՝ հիվանդատես գնալու անվան տակ նախագահ Արմեն Սարգսյանին շանտաժի ենթարկելուն։ Թե ինչով է այս անգամ փակել նախագահի բերանը, դեռեւս հայտնի չէ։ Ուշագրավ է, որ «Իմ քայլը» Արմեն Սարգսյանին պաշտոնանկ անելու ռեսուրս էլ չունի, քանի որ այն սկսելու համար պահանջվում է 88 պատգամավորի քվե»:
«Հրապարակ» թերթը գրում է. «ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր Նիկոլ Փաշինյանի հրավերով կհանդիպի նրա հետ՝ քննարկելու արտահերթ ընտրությունների հարցը։ Նախօրեին Մարուքյանը Փաշինյանին առաջարկում էր հանգիստ թողնել իր հրաժարականը պահանջող զինվորականներին, հետ վերցնել Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու առաջարկը, պաշտոնում վերականգնել ԳՇ պետի տեղակալ Տիրան Խաչատրյանին: Միայն այդ դեպքում կստորագրեն հուշագիր, որ Փաշինյանի հրաժարականից հետո Մարուքյանը չի առաջադրի իր թեկնածությունը: Այս պայմանո՞վ է գնում հանդիպման, թե՞ հրաժարվել է իր պահանջներից։ «Երեկ հայտարարել եմ, որ պատրաստ եմ բազմաթիվ փոխզիջումների, ես գնում եմ այդ հանդիպմանը, հանդիպման ժամանակ ինչ կլինի, ձեզ կտեղեկացնեմ: Կարող եք Նիկոլ Փաշինյանին հարցնել՝ ինքը գնում է այդ հանդիպման՝ ի՞նչ անելու, թող մի հատ ինքն էլ ասի՝ ինքը գնում է միայն իր պայմաննե՞րն ասի, թե՞ պատրաստ է նաեւ ընդդիմության պայմանները լսի ու ընդունի»,- ուղիղ պատասխանից խուսանավեց Մարուքյանը: Թեեւ ԼՀԿ-ականները պնդում են, որ «զադնի չեն դնելու»՝ եթե Փաշինյանը հետ չկանչի ԳՇ պետին ազատելու հրամանը, հուշագիր չեն ստորագրի»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` իշխանությունները, նպատակ ունենալով փոխել ՀՀ Սահմանադրությունը, ամեն ինչ անում են, որպեսզի խորհրդարանում կարողանան քվեարկություն ապահովել: Բանն այն է, որ խորհրդարանը պետք է 88 կողմ ձայնով քվեարկի սահմանադրական փոփոխություններին, որի համար իշխանականները, այս օրերից սկսած, որոշել են խորհրդարանի անկախ պատգամավորների հետ լեզու գտնել, լավ հարաբերություններ փորձել ստեղծել: Երեկ մեր թղթակիցը նկատել է, որ, կարծես թե, այդ գործին լծել են ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ՔՊ վարչության անդամ Արման Բոշյանին: Պատգամավորը անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հետ տեւական ժամանակ խորհրդարանի այգում քայլում ու զրուցում էր, կարծես թե ինչ-որ բան էր նրան համոզում: «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է այս հարցերի շուրջ զրուցել ԱԺ իմքայլական պատգամավոր Արման Բոշյանի հետ: «Մենք Ազգային ժողովի պատգամավորներ ենք, ովքեր ունեն մտահոգություններ տարբեր հարցերի վերաբերյալ, մենք, այո, մեր գործընկերների հետ քննարկում ենք եւ պարտավոր ենք քննարկել ընթացիկ իրավիճակը, մեր պատկերացումները, մեր մոտեցումները, համադրել դրանք իրար հետ ու փորձել լուծումներ գտնել»,- հանդիպման վերաբերյալ ասաց Արման Բոշյանը: Ըստ պատգամավորի՝ իրենք միշտ են նման քննարկումներ ունեցել իրենց գործընկերների հետ: «Քննարկումները շարունակվելու են, ու ես կարծում եմ, որ մենք անպայման լուծումներ գտնելու ենք»,-եզրափակեց պատգամավորը»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի լարված հարաբերությունների մասին խոսակցությունները չեն դադարում, դրան զուգահեռ էլ, նկատենք, Մարությանը վերջերս քաղաքապետարանում աշխատանքի է ընդունել վարչապետի կողմից աշխատանքից ազատված անձի: Խոսքն աշխատակազմի քարտուղարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արա Գաբրիելյանի մասին է, որը եղել է ՊԵԿ փոխնախագահ եւ ազատվել է աշխատանքից Նիկոլ Փաշինյանի հրամանով: Նկատենք, որ Երեւանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում բացակայում է Գաբրիելյանի մասին տեղեկությունը, չկա անգամ լուսանկար: Եվ, մեր տեղեկություններով, հենց Արա Գաբրիելյանը չի թողնում, որ իր պաշտոնական կենսագրությունն ու լուսանկարը տեղադրեն կայքում՝ հաշվի առնելով նաեւ իր ոչ այնքան մաքուր անցյալը: Երբ Փաշինյանի հրամանով Գաբրիելյանն ազատվեց այդ պաշտոնից, նշվում էր, թե ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը դժգոհ է մաքսային բլոկի ղեկավարներից ու պահանջել է, որ նրանք ազատման դիմումներ ներկայացնեն: Սակայն, բացի այդ, դժգոհություն ուներ Նիկոլ Փաշինյանը: Նկատենք նաեւ, որ Արա Գաբրիելյանն ԱՄՆ-ում դատապարտվել է GPS-ի միջոցով 35-ամյա նախկին ընկերուհուն հետապնդելու համար։ Տեղեկությունների համաձայն՝ Արա Գաբրիելյանը մինչ դատապարտվելը բնակվել է ԱՄՆ-ում, որտեղ իր կեցությունը երկարաձգել է կեղծ փաստաթղթերի հիման վրա, տարիներ շարունակ հայկական տարբեր հեռուստաընկերություններում աշխատել է որպես մոնտաժող։ Գաբրիելյանը Հայաստան է վերադարձել 2015-ին եւ սկսել աշխատել ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին պատկանող «Յուքոմ» ընկերությունում»:
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի նորընտիր անդամներ Դավիթ Խաչատուրյանն ու Գագիկ Ջհանգիրյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով են ներկայացրել պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ իրենց գույքի եւ եկամուտների հայտարարագրերը: Նշենք, որ 2021 թվականին հունվարի 22-ին Ազգային ժողովում նրանք ընտրվեցին որպես ԲԴԽ անդամներ: Դավիթ Խաչատուրյանը պաշտոնը ստանձնելու դրությամբ ըստ հայտարարագրի ունի՝ 3 անշարժ գույք՝ 3-ն էլ Արաբկիր վարչական շրջանում՝ 2 առանձնատուն եւ 1 հողամաս: Բացի այդ նա ունի «Lexus» մակնիշի ավտոմեքենա: Նրա բանկային հաշվին կա՝ 19 հազար եվրո եւ 314 հազար դրամ, իսկ կանխիկ միջոցները կազմում են՝ 200 հազար դրամ: Գագիկ Ջհանգիրյանի հայտարարագիրը գրեթե դատարկ է: Ըստ հայտարարագրի՝ նա ո՛չ անշարժ եւ ո՛չ էլ շարժական գույք ունի: Ջհանգիրյանը հայտարարագրել է միայն իր բանկային հաշվին առկա 1500 դրամը եւ կանխիկ միջոցները՝ 500 հազար դրամ:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի սահմանամերձ մարզերում բնակարանների գները նվազել են: Սա, ըստ ամենայնի, պատերազմի թողած հետեւանքն է. մարզային քաղաքներում բնակարանների պահանջարկը նվազել է, մարդիկ անհանգստացած են եւ չեն շտապում սահմանամերձ քաղաքներում բնակարաններ գնել: Արձանագրենք, որ վերջերս սահմանամերձ դարձած Գեղարքունիքի մարզի բոլոր քաղաքներում էլ բնակարանների գները նվազել են: Նույն պատկերն է նաեւ Սյունիքի մարզում. այստեղ եւս բնակարանների գների անկում է արձանագրվել: Օրինակ՝ Գորիսում անցյալ տարվա նոյեմբերին բնակարանի մեկ քմ-ն վաճառվել է 141 հազար դրամով, իսկ դեկտեմբերին՝ 140 հազար դրամով, Կապանում գինն իջել է 3100 դրամով: Մեղրիում մեկ ամսվա ընթացքում բնակարանն էժանացել է 1600 դրամով: Քաջարանում բնակարանի գինը նվազել է 1500 դրամով. այստեղ մեկ քմ-ն նոյեմբերին կազմել է 98 հազար դրամ, դեկտեմբերին՝ 96 հազար 500 դրամ: Հայաստանի մյուս սահմանամերձ Տավուշում բնակարանների գները եւս նվազել են. Դիլիջանում մեկ ամսվա ընթացքում բնակարանի գինը նվազել է 1800 դրամով, Իջեւանում` 1500 դրամով, իսկ Նոյեմբերյանում բնակարանի գինը նվազել է 500 դրամով:
«Ժամանակ» թերթը գրում է. «Ադրբեջանցիները փորձում են ամեն ինչ անել, որ Արցախի բնակչությունը զգա ադրբեջանցիների հետ խաղաղ գոյակցության շահավետությունը: Ըստ մեր աղբյուրների՝ ադրբեջանցիները արցախահայությանը ներքաշում են տարբեր առևտրային և տնտեսական գործարքների մեջ, որի շնորհիվ նրանք կկարողանան եկամուտ ստանալ և մտածել, որ համագործակցությունը երկուստեք շահավետ է՝ դրանով չեզոքացնելով թշնամությունը: Մասնավորապես՝ ադրբեջանցիները հայերին էժան բենզին են առաջարկում՝ մեկ լիտրը 150 դրամով, որը երկուսուկես անգամ ցածր է հայկական գներից»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը պատրաստվում է փոփոխություն կատարել իր որոշումներում, որը հնարավորություն կտա պարտադիր զինվորական ծառայությունից ազատել զորակոչային տարիքի՝ 18-27 տարեկան, օտարերկրացիներին՝ անկախ ազգությունից, ովքեր կստանան Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն և հանդես կգան Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերում: Շատ հաճախ օտարերկրացիները, այդ թվում՝ ազգությամբ հայեր, հրաժարվում էին ՀՀ քաղաքացիություն ստանալ և ընդգրկվել ՀՀ հավաքական թիմերում, քանի որ քաղաքացիություն ստանալը ենթադրում էր նաև զինվորական ծառայություն»: