22.11.2024
ՀՀ դատախազը «Պերմյակովի գործով» դիմել է ռուսաստանցի գործընկերոջը
prev Նախորդ նորություն

Սերժ Սարգսյանը քննարկել է ապօրինի միգրացիայի խնդիրը Բորդյուժաի և Ռոմոդանովսկու հետ

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան և Ռուսաստանի դաշնային միգրացիոն ծառայության ղեկավար Կոնստանտին Ռոմոդանովսկին քնարկել են անօրինական միգրացիայի դեմ պայքարի հետ կապված խնդիրները:

Հայաստանի նախագահի մամլո ծառայութնունից հաղորդում են, որ հունվարի 5-ին Սերժ Սարգսյանը ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային և ՌԴ դաշնային միգրացիոն ծառայության ղեկավար Կոնստանտին Ռոմոդանովսկուն, ովքեր Հայաստան են ժամանել մասնակցելու անօրինական միգրացիայի դեմ պայքարի հարցերով ՀԱՊԿ անդամ պետությունների իրավասու մարմինների ղեկավարների կոորդինացիոն խորհրդի նիստին:

Նախագահը ողջունել է նիստի անցկացումը Երևանում, կարևորել օրակարգի շրջանակներում նախատեսված հարցերի համատեղ քննարկումը և անօրինական միգրացիայի դեմ պայքարում միասնաբար արդյունավետ միջոցներ գտնելը:

Հանդիպման ընթացքում Բորդյուժան և Ռոմոդանովսկին ներկայացրել են Երևանում կայացած նիստի քննարկման արդյունքները, նշելով, որ օրակարգը բավականին հագեցած է եղել: Նրանց խոսքերով, քննարկվող հարցերը ներառել են նաև նոր իրավիճակում՝ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցելուց հետո հիշյալ խնդիրների կարգավորման հնարավորությունները:

Սարգսյանը և Բորդյուժան քննարկել են նաև 2014թ. դեկտեմբերին Մոսկվայում կայացած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում ընդունված որոշումների իրագործման ընթացքը:

Հանդիպման ընթացքում Նիկոլայ Բորդյուժան Հանրապետության նախագահին զեկուցել է կազմակերպության ընթացիկ գործունեության, համագործակցության շրջանակներում իրականացվող աշխատանքների, ՀԱՊԿ միացյալ շտաբի ընթացիկ գործունեության, կազմակերպության կանոնադրական մարմինների առաջիկա նիստերի նախապատրաստական աշխատանքների մասին:

Միևնույն ժամանակ քննարկվել են նաև ՀԱՊԿ Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում անվտանգության ապահովման հետ կապված հարցեր: