ՀՀ դատախազը «Պերմյակովի գործով» դիմել է ռուսաստանցի գործընկերոջը
Հայաստանի գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը փետրվարի 3-ին դիմել է Ռուսաստանի իր գորընկերոջը՝ Գյումրիում մեկ ընտանիքի 7 անդամների դաժան սպանության դեպքով «հարուցած քրեական գործի վարույթը ՀՀ իրավապահ մարմիններին փոխանցելու վերաբերյալ միջնորդությամբ»:
«Հայաստանի գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, ղեկավարվելով ՀՀ և ՌԴ միջև ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմական բազայի գտնվելու հետ կապված գործերով իրավասության և փոխադարձ իրավական օգնության հարցերի վերաբերյալ Համաձայնագրի 6-րդ հոդվածով, հունվարի 12-ին Գյումրի քաղաքում ՀՀ յոթ քաղաքացիների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը ՀՀ իրավապահ մարմիններին փոխանցելու վերաբերյալ միջնորդությամբ դիմել է ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկային», - հայտնում են Հայաստանի գլխավոր դատախազության մամլո ծառայությունից:
Հետաքրքրական է, որ նույն օրը ռուսական Interfax գործակալությունը, հղում կատարելով իր աղբյուրներին, հայտնել էր, թե Ռուսասատնի 102-րդ բազայի զինծառայող Վալերի Պերմյակովի դատը, որը մեղադրվում է Գյումրիում մեկ ընտանիքի սպանության մեջ, կանցկացվի Հայաստանում ռուսական ռազմակայանի կայազորային դատարանում:
Նման որոշում, ըստ գործակալության աղբյուրների, կայացվել է Գյումրիում տեղակայված ռազմակայանի կարգավիճակի մասին երկկողմ պայմանագրի հիման վրա: Գործակալության մեկ այլ աղբյուր տեղեկացրել է, որ կողմերը համաձայնեցնում են համատեղ մեղադրական եզրակացությունը՝ «ՌԴ օրենսդրության հիման վրա»:
«Քանի որ Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով քրեական գործը միաժամանակ հետաքննում են և ռուսական, և հայկական կողմերը, ներկայում լուծվում է ՌԴ քրեական օրենսդրության հիման վրա միասնական համաձայնեցված մեղադրական եզրակացության ընդունման հարցը», - հայտնել է գործակալության աղբյուրը: Նույն աղբյուրի փոխանցմամբ, հայ քննիչների պատրաստած նյութերը կփոխանցվեն ռուսական կողմին և կկցվեն գործին:
Ռուսական կողմի՝ Հայաստանի գլխավոր դատախազի միջնորդության վերաբերյալ դիրքորոշման մասին դեռ տեղեկատվություն չի հայտնվում: Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Գյումրիում տեղի ունեցածը, հայտարարել էր, որ «Պերմայկովի գործը» պետք է քննի ռուսական դատարանը:
Նշենք, որ սպանությունից օրեր անց Կոստանյանը ժամանեց Գյումրի, որտեղ և բողոքի ակցիայի մասնակիցերին հավաստիացրեց, որ կգնա ընդառաջ նրանց պահանջին և կդիմի Ռուսաստանի իր գործընկրոջը՝ սպանության մեջ մեղադրող Վալերի Պերմյակովին հայկական արդարադատությանը հանձնելու միջնորդությամբ:
Գյումրիում հունվարի 12-ին կատարված Ավետիսայանների ընտանիքի դաժան սպանությունը ստացավ մեծ հասարակական հնչեղություն: Գյումրիում և Երևանում միաժամանակ անցկացվեցին մի քանի մասսայական բողոքի ակցիաներ, որի մասնակիցները պահանջում էին սպանության մեջ մեղադրվող Պերմյակովին հանձնել Հայաստանի արդարադատությանը:
Գյումրեցիները շարունակում են ստորագրահավաքը Պերմյակովին հայ իրավապահներին հանձնելու՝ Հայաստանի նախագահին ու Ազգային ժողովին ուղղված պահանջով: Տասն օրվա ընթացքում հավաքվել է մոտ ութ հազար ստորագրություն:
Նշենք, որ 1997թ. օգոստոսի 29-ին Հայաստանի և Ռուսաստանի կողմից ստորագրված ռազմաբազայի տեղեկայման մասին միջազգային պայմանագրի 4-րդ հոդվածը հստակ սահմանում է, որ ռուսաստանյան ռազմական բազայի կազմում ընդգրկվող անձանց կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում հանցագործություն կատարելու գործերը ենթակա են ՀՀ իրավասու մարմինների քննությանը` ՀՀ օրենսդրության կիրառմամբ:
Ավելին, Իրավասության մասին համաձայնագիրը (հոդված 11), ի տարբերություն 1992թ. պայմանագրի, սահմանում է, որ եթե գործը ենթակա է ՀՀ իրավասու մարմինների քննությանը, ապա դատապարտվելու դեպքում հանցագործը պատիժը ևս պետք է կրի ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: