Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բոլոր քաղաքական ուժերին կոչ է անում դադարեցնել ակցիաները և սկսել երկխոսություն: Այդ մասին նա հայտարարել է փետրվարի 25-ին, Հանրապետության հրապարակում իր կողմնակիցների կազմակերպված հանրահավաքի ժամանակ:
«Բոլոր քաղաքական ուժերին կոչ եմ անում դադարեցնել ակցիաները, եկեք սկսենք խոսակցություն։ Եթե շարունակեն հանրահավաքները, մենք էլ կշարունակենք», - ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ թավիշին վերջ են դնելու։ «Ես գիտեմ, որ դուք ամենաշատը դա եք ուզում լսել։ Դա նշանակում է օրինականության միարժեք հաստատում։ Ժողովուրդը գիտի, որ պարտության պատճառը բանակը թալանածներն են։ Նրանք ուզում են ներշնչել, թե մենք էլ ենք գող։ Ես ուզում եմ բոլորիցդ ներողություն խնդրել, որ թավիշին վերջ չենք տվել»,- հայտարարել է Փաշինյանը։
Նրա խոսքով՝ պատերազմից հետո Կառավարությունը ցանկանում էր արտահերթ խորհրդարանաան ընտրություններ անցկացնել, որպեսզի «ժողովուրդը վերահաստատի իշխանությունը», սակայն, ըստ վարչապետի՝ 17 կուսակցություններն ու խորհրդարանական ընդդիմությունը մերժեցին առաջարկը։
Նա հայտարարեց, որ հրաժարական կտա միայն ժողովրդի պահանջով: «Ով վեր է կենում, հրաժարական է պահանջում։ Թող ժողովուրդը իմ հրաժարականը պահանջի, ես գնամ իմ գործերին, թող ժողովուրդը ինձ դատապարտի, գնդակահարի», - ասաց նա։
Վարչապետի կարծիքով՝ զինված ուժերում ստեղծված իրավիճակը պիտի հանգուցալուծվի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հրաժարականով։
«Ես հեռախոսազրույցում նախագահին ասել եմ, որ ԳՇ ազատումների իմ միջնորդությունը պիտի ստորագրվի, եթե չի ստորագրում, միանում է հեղաշրջմա՞նը։ Ես հիմա հետահայաց հասկանում եմ, որ հարյուր տոկոս վստահությամբ եմ վերաբերվել Օնիկ Գասպարյանին։ Օնիկ Գասպարյանը թող հրաժարական տա, գնա», - ասաց նա։
Նա կոչ արեց զինված ուժերի զինվորներին, սպաներին, գեներալներին զբաղվել իրենց ծառայությամբ։ «Օնիկ Գասպարյանը հեռանում է, ես որոշել եմ ու այդ որոշումը պետք է կյանքի կոչվի։ Իսկ Օնիկ Գասպարյանը հեռանում է կամ նախագահն է ստորագրում հրամանագիրը, որովհետև նա չի կարող բանակը հանել ժողովրդի դեմ, ես դա թույլ չեմ տալու»,- նշել է Փաշինյանը։