Չենք մոռացել, որ Նիկոլին իշխանության են բերել այսօր ընդդիմադիր հանդես եկող ուժերը. Ասրյան
Հայաստանում վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունները հստակ ցույց են տալիս, որ հայ ժողովուրդը խստագույնս մերժում է ինչպես Հայաստանի նախկին իշխանությունների կոռումպացված, թալանչի, Հայրենիքի պաշտպանությունից փախած մորթապաշտներին, այնպես էլ ներկայումս գործող ամերիկահպատակ, թրքապաշտ, նույնպես Հայրենիքի պաշտպանությունից փախած Փաշինյան Նիկոլին և նրա լակոտակրատիային: Այս մասին հայտարարություն է տարածել «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ Խաչիկ Ասրյանը:
"Հայ ժողովրդը չի մոռացել և չի մոռանալու, որ 2018 թվականի մայիսի 8-ին Հայաստանի Ազգային Ժողովում իրենց քվեարկությամբ պետական հեղաշրջմանը մասնակցել ու ապազգային Փաշինյան Նիկոլին իշխանության են բերել այն կուսակցությունները, որոնք այսօր հանդես են գալիս որպես ընդդիմադիրներ՝ պահանջելով Փաշինյան Նիկոլի հրաժարականը:
Իմաստուն Հայ ժողովուրդն, առաջնորդվելով սեփական բանականությամբ, այլևս թույլ չի տալու, որ իրեն ներքաշեն հողատու ներկայի ու մերժված անցյալի արատավոր շրջապտույտի մեջ:
Իմաստուն Հայ ժողովուրդն ուղղակի պահանջո՛ւմ է, որ իրեն առաջնորդեն Ազգային Քրիստոնեական արժեքներ դավանող, սոցիալական-ռազմական պետություն կառուցելու հրամայականով առաջնորդվող, Հայրենիքի պաշտպանության համար կյանքները մշտապես զոհասեղանին դրած Հայածին ուժակիրներն, ովքեր էլ, Հայ ժողովրդի աջակցությամբ և մասնակցությամբ, հաստատապես ձևավորելու են Հայաստանի հաջորդ՝ Ազգային-Քրիստոնյա իշխանությունը և կառուցելու են Քրիստոնյա, ուժեղ, միասնական Հայաստան, ասել է թե՝ Օրենքի ու Արդարության Պետություն:
Հայաստանում 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին պետական հեղաշրջմանը մասնակից քաղաքական կուսակցությունները Հայաստանում ոչ թե նոր՝ Ազգային-Քրիստոնյա իշխանության մեջ գտնվելու հույս պետք է փայփայեն, այլ պետք է ապաշխարեն և քաղաքական պարտադիր պատասխանատվություն կրեն՝ մեր Սուրբ Հայաստանն այսօրվա դառնալի վիճակին հասցնելու համար:
Հայաստանի հաջորդ իշխանությունը պետք է ձևավորեն միայն Ազգային Քրիստոնական արժեհամակարգ դավանող այն ուժակիրներն, ովքեր Հայաստանի ներքին քաղաքականության դաշտում չեն քարոզել եվրոարժեքներ ու չեն նպաստել հայ հասարակությանն իր ազգային-քրիստոնեական արժեքներից օտարվելուն, Հայաստանի արտաքին քաղաքականության դաշտում երբևէ չեն եղել և՛-և՛-ի քաղաքականության կողմնակիցներ, այլ մշտապես եղել են հայ-ռուսական անխախտ բարեկամության և եղբայրության ջատագովն ու նվիրյալը",- ասված է հայտարարության մեջ: