27.11.2024
Հայաստանն անցում է խիստ խնայողության ռեժիմի և փնտրում ոչ ստանդարտ լուծումներ
prev Նախորդ նորություն

Մամուլի տեսություն. Սերժ Սարգսյանը պատրաստվում է փոխել կառավարությունը

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան տպագիր մամուլի տեսությունը, որում ներառված է կարևոր իրադարձությունների մասին ընդգրկուն տեղեկատվություն:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ տեղի ունեցած կառավարության նիստից առաջ բավական ծավալուն ելույթով է հանդես եկել` հայտարարելով, թե իրենք որոշել են փոխել կառավարման համակարգը՝ այն դարձնելով ավելի կոմպակտ, խոստացել է ծախսերը կրճատել եւ պայքարել կոռուպցիայի դեմ: Այսինքն՝ կարելի է կարծել, որ կոռուպցիան մի անորսալի արարած է, որին բոլորը փնտրում, բայց այդպես էլ չեն գտնում: Ժամանակին Ռոբերտ Քոչարյանն էր կոռուպցիայի դեմ պայքարում: Այնքան պայքարեց, որ իր ընտանիքը դարձավ միլիարդատեր: Քոչարյանի թիմի անդամները, որոնց թվում էին ներկա պաշտոնյաները, դարձան միլիոնատեր: Հետո Սերժ Սարգսյանն ու Տիգրան Սարգսյանը սկսեցին կոռուպցիայի դեմ պայքարել, արդյունքում՝ նրանց ունեցվածքի մասին եւս այժմ լեգենդներ են շրջանառվում: Հովիկ Աբրահամյանը, որը կոռուպցիայի դեմ պայքարի դրոշակակիր չի եղել, բայց մշտապես «մարտիկների» շարքերում է եղել, այս ընթացքում հասցրել է դառնալ Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկը: Առաջին հայացքից կարող է թվալ, որ ՀՀ գործող վարչապետը նախորդներից ետ չմնալու համար է «ռեֆորմատոր» ձեւանում, սակայն իրականությունն այլ է: Իշխանական կուլիսներում շրջանառվող լուրերի համաձայն՝ Սերժ Սարգսյանը իշխանության վերնախավին տեղեկացրել է, որ պատրաստվում է փոխել կառավարությունը, քանի որ հին դեմքերից ազատվելու հանրային պահանջը գնալով ուժգնանում է: Հովիկ Աբրահամյանն էլ որոշել է հարձակման անցնել եւ «ռեֆորմատորի» կերպարով հանդես գալ՝ ցույց տալով, որ իրեն փոխելն այնքան էլ ճիշտ չէ: Ի վերջո, սիրուն չի լինի պաշտոնանկ անել մի պաշտոնյայի, որը հայտարարում է կոռուպցիայի դեմ պայքար սկսելու մասին: Բայց մյուս կողմից՝ Հովիկ Աբրահամյանը բոլոր նախադրյալները ստեղծել է, որպեսզի Սերժ Սարգսյանը կառավարության անդամներին, իրենից բացի, պաշտոնանկ անի:

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հարկային նոր օրենսգիրքը, որի որոշ դրույթները պետք է կյանքի կոչվեն 2017-ից, իսկ բուն օրենսգիրքն ամբողջությամբ՝ 2018-ից, պարզվում է՝ 700 էջ է։ «Էդ պտի հա կարդաս ու կարդաս», – ասաց օրենսգրքի ԱԺ «պատասխանատու», տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը։ «Տնաշենն էնքան երկար ա, մինչև սեպտեմբեր հազիվ էլ կարդանք»։ Ի դեպ, ըստ մեր աղբյուրների, հայոց «պատասխանատուների» համար ոչ միայն դժվար հաղթահարելի է 700 էջանոց «գիրքը», այլև այն, որ Արևմուտքը հարկային դաշտը լրջորեն բարեփոխելու պահանջներ է դրել, այդ իսկ պատճառով «մերոնք» չեն շտապում նոր խաղի կանոններով օրենսգիրքը խաղի մեջ մտցնել, այդ իսկ պատճառով միմյանց հորդորում են՝ «նե տառապիս», ու պատասխան ստանում՝ «չէ, պտի՜ տառապեմ»»:

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Քառօրյա պատերազմը ծանր է անդրադարձել հայ հասարակության հոգեբանության վրա, սրել էմոցիաներն ու դարձրել առավել դյուրագրգիռ։ Հասարակական քննարկումների օրակարգն այսօր ձեւավորվում է հիմնականում Ղարաբաղի ու բանակի շուրջ։ Սահմանին կանգնած զինվորը դարձել է բոլորի զավակը, եւ ով երբ ինչպես կարողանում է՝ գուրգուրում է, հոգ տանում։ Հավանաբար, այդ գերհոգատարությունն է պատճառը, որ բանակին վերաբերող որեւէ քայլ հիվանդագին արձագանքի է արժանանում եւ նսեմացվում, հաճախ՝ անարդարացի։ « Հասարակությունը հստակ արտահայտում է իր վրդովմունքն այն թալանի ու կոռուպցիայի վերաբերյալ, ինչը կապ ունի վերջին պատերազմում այդքան զոհերի հանգամանքի հետ, ինչպես նաեւ ռազմական ոլորտում՝ նյութական բազայի տեսանկյունից մեր՝ Ադրբեջանին զիջելու հանգամանքի հետ։ Բավական խորն ու լուրջ է այդ մտահոգությունը, ինչը շատ լավ գիտակցում են նաեւ իշխանությունները»։

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «ՀՀ կառավարության երեկվա նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտնի ելույթը պետք է գնահատել որպես պատմական, և այստեղ ոչ մի չափազանցություն չկա։ Իհարկե, վարչապետը ասում էր պարզ ճշմարտություններ, թե պետք է պայքարել մոնոպոլիաների ու կոռուպցիայի դեմ, պետական միջոցները ավելի արդյունավետ ծախսեք, պաշտպանել փոքր բիզնեսը…։ Բայց միայն այն փաստը, որ մինչ օրս բարձրաստիճան որեւէ պաշտոնյա չի խոսել այս մասին, ընդ որում՝ այսպիսի խիստ տոնով, վարչապետի երեկվա ելույթը դարձնում է պատմական։ Անշուշտ, բոլոր հիմքերը կան պնդելու, որ վարչապետի այս հայտարարությունները այդպես էլ գործի չեն վերածվի։ Ուղիղ երկու տարի առաջ՝ 2014թ. մայիսի 14-ին, այն ժամանակ դեռ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հավաքեց խոշոր բիզնեսի ներկայացուցիչներին եւ հայտարարեց «գիծ քաշելու» մասին։ Ասաց, թե ինչ եղել է նախկինում, մոռանում ենք ու վերացնում ենք ստվերային տնտեսությունը։ Այն ժամանակ էլ որոշակի ոգևորություն կար, շատերը պնդում էին, որ մեր երկրի պատմության մեջ նոր էջ կբացվի։ Սակայն ընդամենը մի քանի ամիս անց պարզ դարձավ, որ ոչինչ չի փոխվել: Դե, իսկ Սերժ Սարգսյանի հայտնի ելույթների մասին՝ «Մենք պետք է խոշորների գլխից բռնենք» խորագրով, հիշեցնելու կարիք թերևս չկա։ Սակայն հիմա կա մի հանգամանք, որը հաշվի չառնել չենք կարող։ Ապրիլյան հայտնի դեպքերից հետո իրավիճակ է փոխվել։ Բոլորը հասկացան, որ մեր տնտեսությունը չի կարողանում համարժեք արձագանքել ռազմաճակատի կարիքներին։ Հասկացան, որ ուժեղ սահման ունենալու համար պետք է ուժեղ տնտեսություն։ Եվ այս ընկալումը հասարակական սուր պահանջարկ ստեղծեց երկրի կառավարման արդյունավետության շեշտակի բարձրացման նկատմամբ։ Իսկ դա ենթադրում է այն ամենը, ինչի մասին երեկ խոսում էր վարչապետը՝ պայքար մոնոպոլիաների ու կոռուպցիայի դեմ, պետական ապարատի ծախսերի նվազեցում, փոքր բիզնեսի պաշտպանություն և այլն»։