Հայաստանն անցում է խիստ խնայողության ռեժիմի և փնտրում ոչ ստանդարտ լուծումներ
«Քառօրյա պատերազմը ստիպեց բոլորիս վերաիմաստավորել մեր կատարած աշխատանքը և մեկ անգամ ևս անդրադառնալ Հանրապետության Նախագահի փետրվարի 12-ի ելույթին: Արդյո՞ք մենք զարգանում ենք, արդյո՞ք պայքարում ենք կոռուպցիայի դեմ, արդյո՞ք ունենք մարտունակ բանակ: Պատասխանը` այո: Բայց արդյո՞ք այդ ամենը բավարար է, որպեսզի մենք դիմակայենք նորանոր մարտահրավերների: Կարծում եմ բոլորի կարծիքը կարտահայտեմ, եթե ասեմ` ոչ», - Այս մասին կառավարության այսօրվա նիստին հայտարարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Նրա խոսքով, պետք է ավելի արդյունավետ պետություն դառնալ՝ կրկնապատկելով, եռապատկելով ջանքերը: «Այո, մեր ռեսուրսները սահմանափակ են, բայց իմ խորին համոզմամբ ռեսուրսների պակասը կարող է փոխհատուցվել երկու գործոնով՝ առաջինը արդյունավետ մոդելների կիրառումն է, իսկ երկրորդը՝ դրանց կյանքի կոչելու արագությունը: Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ ես նշեցի, որ պատրաստվում ենք նախաձեռնել քննարկումների շարք՝ ներգրավելով պատգամավորների, այդ թվում՝ ընդդիմադիր թևից, ինչպես նաև հասարակության այլ կարող ուժերի: Եվ խոսքը միայն քննարկումների մասին չէ: Լուծումները, որոշումները, որոնց մենք կհանգենք պետք է արագ կյանքի կոչվեն», - նշեց կառավարության ղեկավարը՝ հավելելով, որ քննարկման առարկա ահրցերը բազմապիսին են. «Դրանց մեջ են թե՛ տնտեսության զարգացումը, թե՛ առողջապահության և կրթական ոլորտների արատների դեմ պայքարը և թե՛ բազում այլ հարցեր»:
Այնուհետև նա հայտարարեց, որ մայիսի 14-ից կսկսվեն պարբերական շաբաթական քննարկումներ: «Քանի որ հնարավոր չի լինի բոլոր ցանկացողներին ներգրավել այդ գործընթացում, ուստի, խնդրում եմ բոլոր նրանց, ովքեր ունեն առաջարկություններ, դրանք համառոտ ներկայացնել կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին: Նրա էլեկտրոնային փոստի հասցեն կա կառավարության պաշտոնական կայքում», - մանրամասնեց նա՝ հավելելով, որ Հայաստանի զարգացման ուղիների վերաբերյալ կան ուշագրավ հետազոտություններ նաև Սփյուռքում:
«Դրա վառ օրինակն է Գյուլբենկյանի հիմնադրամի կողմից վերջերս հրապարակված «Հայերը 2115-ին» զեկույցը: Նման հետազոտությունները ևս պետք է դառնան խորը ուսումնասիրության առարկա: Քննարկումներն, անշուշտ, ինքնանպատակ չեն: Յուրաքանչյուր քննարկման արդյունք կարճ ժամկետում վերածվելու է կոնկրետ գործողությունների, կառավարության որոշումների կամ օրենսդրական նախաձեռնությունների», - ասաց Հովիկ Աբրահամյանը:
Սակայն մինչև նշված քննարկումների մեկնարկ, վարչապետի խոսքով, վեր են հանվել մի շարք տեսանելի խնդիրներ և մշակվել դրանց լուծման ուղիները, որոնց վերաբերյալ ցանկանում եմ այսօր հնչեցնել որոշ մոտեցումներ: «Առաջինը: Թեև մենք ունենք հաստատված բյուջե, սակայն պետք է անցնենք խնայողության առավել խիստ ռեժիմի: Պետք է ձևավորենք առավել քիչ ծախսատար պետական կառավարման ապարատ: Պետք է կրճատենք այն ծախսերը, որոնք չունեն էական ազդեցություն իրական արդյունքի վրա: Դրանց շրջանակը փոքր չէ` գործուղումները, ներկայացուցչական ծախսերը, վերանորոգումները, ծառայողական մեքենաները և այլն: Որոշ քայլեր մենք կձեռնարկենք արդեն այսօր», - նշեց վարչապետը, ով անգամ պաշտոնական հայտարարգրերով հանդիսանում է Հայաստանի պետական համակարգում ամենահարուստ պաշտոնյաներից մեկը:
Այս կապակցությամբ նա հանձնարարեց ֆինանսների նախարարությանը և կառավարության աշխատակազմին մինչև կառավարության հաջորդ նիստը ներկայացնել լրացուցիչ առաջարկություններ: Իսկ միջոցները, որոնք կառաջանան այդ խնայողություններից, կուղղվեն առաջնահերթ խնդիրների լուծմանը, հավելեց նա:
«Երկրորդ: Պետական կառավարման ապարատը պետք է դառնա ավելի կոմպակտ: Դա, իհարկե, մեկ օրվա խնդիր չէ, սակայն մենք օպտիմալացման նպատակով պետք է մինչև 2017 թվականի բյուջետային քննարկումների մեկնարկը ունենանք մանրամասն վերլուծություն: Խոսքը ոչ միայն նախարարությունների աշխատակազմերի մասին է, այլ նաև տարբեր ՊՈԱԿ-ների, ԾԻԳ-երի, առընթեր մարմինների, առանձնացված ստորաբաժանումների: Ակնկալում եմ պետական մարմինների սթափ և նշված հանգամանքներով պայմանավորված իրատեսական և էական առաջարկություններ: Որպեսզի այդ աշխատանքները կրեն համատարած և համակարգված բնույթ, առաջարկում եմ փոխվարչապետին ներկայացնել վարչապետի որոշման նախագիծ՝ իր ղեկավարությամբ համապատասխան աշխատանքային խումբ ձևավորելու մասին:
Կարծում եմ, որ այս մոտեցումը կորդեգրեն նաև իշխանության այլ ճյուղերի մեր գործընկերները», - թվարկեց Աբրահամյանը:
Աբրահամյանը նշեց, որ գիտակցում է այն հանգամանքը, որ հնչեցրած առնվազն այս երկու մոտեցումների արդյունքում կարող է առաջանալ որոշակի սոցիալական լարվածություն՝ պայմանավորված պետական համակարգում աշխատատեղերի կրճատմամբ: «Բայց լինենք անկեղծ, երկար տարիներ մենք նման քայլերի չէինք գնում հենց սոցիալական լարվածություն չստեղծելու պատճառով: Բայց այսօր Արցախի և Մայր Հայրենիքի առջև ծառացած անվտանգության խնդիրներն այլ են: Ստեղծված իրավիճակն, իսկապես, ոչ ստանդարտ է, և մենք չպետք է խուսափենք ոչ ստանդարտ քայլեր կատարելուց ու որոշումներ կայացնելուց», - ասաց նա:
«Երրորդ ուղղությունը, որտեղ ես տեսնում եմ հնարավորություն արագ շոշափելի արդյունքներ գրանցելու համար` կոռուպցիայի դեմ պայքարն է: Նախևառաջ, մենք պետք է սահմանենք երկու կարևոր սկզբունք: Առաջինը` կոռուպցիոն երևույթներն ըստ մարմինների պետք է դառնան առանձին չափման առարկա, այդ թվում՝ սոցիոլոգիական հարցումների միջոցով: Թե՛ մարմինների ղեկավարները և թե՛ կոռուպցիայի դեմ պայքարող իրավապահները պետք է հանրային հաշվետվություն ներկայացնեն այդ ցուցանիշների դինամիկայի հետ կապված: Վատթարացող կամ անփոփոխ վիճակի պարագայում մենք հետևություններ կանենք, այդ թվում՝ կադրային հարցերում:
Այս կապակցությամբ հանրության ակնկալիքները, ինչպես նաև մեր կողմից առաջարկվող լուծումների իրականացման մանրամասները ենթադրում ենք քննարկել առաջիկա հանդիպումների ժամանակ: Երկրորդ սկզբունքը վերաբերում է շահերի բախման երևույթին: Համարում եմ, որ մենք պետք է շատ արագ կոշտ մեխանիզմներ ներդնենք, որոնք կբացառեն հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և նրանց հետ փոխկապակցված ազգականների մասնակցությունը պետական գնումներին և պետական միջոցներով իրականացվող ծրագրերին», - հավելեց նա:
Միևնույն ժամանակ Աբրահամյանը նշեց, որ ամբողջությամբ գիտակցում և հասկանում է, որ վերը հնչեցված բոլոր լուծումներն արդյունավետ չեն լինի, եթե մեր երկրում չկարողնանք ապահովել կայուն և երկարատև տնտեսական աճ: «Այն պետք է բերի լրացուցիչ ֆինանսական ռեսուրսների ներգրավմանը, ստեղծի նոր աշխատատեղեր և մեղմի սոցիալական լարվածությունը: Վերջին երկու տարիներին բազմիցս բախվել եմ հանրային քննադատության, թե պետությունը չի պայքարում ձևավորված մենաշնորհների դեմ: Միևնույն ժամանակ ընդունում եմ, որ կառավարությունը բավարար հետևողական չի եղել այդ խնդրի էության ամբողջական բացահայտման հարցում և ժամանակին չի նախաձեռնել բաց հանրային երկխոսություն: Թերությունը ուղղելու ժամանակն է», - ասաց նա հանձնարարեց էկոնոմիկայի նախարարին և առաջարկեց տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովին, Հայաստանում գործող տարբեր միջազգային կառույցների ներգրավմամբ, ամենասեղմ ժամկետում՝ առավելագույնը երեք շաբաթվա ընթացքում, վերլուծել Հայաստանում առկա մենաշնորհները, դրանց ազդեցությունն ազատ մրցակցային պայմաններ ունենալու վրա և առաջարկել արդյունավետ լուծումները:
Այդ լուծումներն ըստ վարչապետի պետք է կարողանան շտկել ստեղծված իրավիճակը, իսկ նոր վերակազմավորված Պետական եկամուտների կոմիտեին՝ շարունակել ակտիվ և հետևողական աշխատանքներ իրականացնել՝ ուղղված բյուջեի հարկային եկամուտների ապահովմանը, ՓՄՁ-ների նկատմամբ մեղմ վարչարարության իրականացմանը, մաքսային և հարկային ոլորտներում ռիսկերի արդյունավետ կառավարմանը, տնտեսվարող սուբյեկտների գործունեության անհարկի միջամտության երևույթների վերացմանը, տնտեսվարման հավասար պայմանների ապահովմանը: Վստահեցնում եմ, որ այս հարցում բացի տնտեսական նպատակահարմարությունից մենք որևէ այլ չափորոշիչով չենք առաջնորդվելու», - եզրափակեց նա: