Երևանը ծանուցվել է ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման գործընթացի ավարտի մասին. ԱԳՆ
Եվրոպական միությունը ծանուցել է Հայաստանի Հանրապետությանը՝ ԵՄ և ԵՄ անդամ երկրների կողմից ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացի ավարտի մասին։ Այս մասին հայտարարություն է տարածել Արտաքին գործերի նախարարությունը:
«2021թ. փետրվարի 10-ին Եվրոպական միությունը ծանուցել է Հայաստանի Հանրապետությանը՝ ԵՄ և ԵՄ անդամ երկրների կողմից ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացի ավարտի մասին։ Համաձայնագիրը լիարժեքորեն ուժի մեջ կմտնի ս.թ. մարտի 1-ից:
Համաձայնագիրը, որը ստորագրվել է 2017թ. նոյեմբերի 24-ին Բրյուսելում կայացած Արևելյան գործընկերության գագաթաժողովի շրջանակներում, նոր՝ գործընկերային մակարդակի է բարձրացնում Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության երկկողմ հարաբերությունները և կանոնակարգում է երկխոսությունը քաղաքական և տնտեսական բնագավառներում, ինչպես նաև ոլորտային համագործակցությունը և առևտրային հարաբերությունները։
ՀԸԳՀ համընդգրկուն փաստաթուղթ է, որը կուռ իրավական հիմք է ստեղծում ՀՀ-ԵՄ գործընկերության համար՝ ուրվագծելով համագործակցությունն ամենատարբեր ոլորտներում, ինչպիսիք են արդարադատությունը, անվտանգությունը, տնտեսությունը, գյուղատնտեսությունը և ենթակառուցվածքները, շրջակա միջավայրը և կլիման, կրթությունը և գիտությունը, մշակույթը, առողջապահությունը և այլն։
Համաձայնագրի արդյունավետ կիրարկումը շոշափելի արդյունքներ կբերի մեր քաղաքացիներին՝ լայնածավալ բարեփոխումների միջոցով խթանելով ժողովրդավարության, քաղաքական, տնտեսական և սոցիալական կայունության ամրապնդումը և ժամանակի ընթացքում իր ազդեցությունը կունենա մեր քաղաքացիների բարեկեցության և կենսակերպի վրա։
Հարկ է ընդգծել, որ ՀԸԳՀ-ն անդրադառնում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցին՝ վերահաստատելով ԵՄ հայտարարված հանձնառությունը՝ աջակցելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին ու մոտեցումներին, որոնք ուղղված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության հանգուցալուծմանը, մասնավորապես՝ ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի հիման վրա։
Հայաստանի կառավարությունը բազմիցս ընդգծել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի արդյունավետ կիրարկումն ապահովելու իր հանձնառությունը, որը լիովին համապատասխանում է Հայաստանի բարեփոխումների ընդարձակ օրակարգին»,- ասված է հայտարարության մեջ: