Տարածաշրջանում ստեղծվել են բոլորովին նոր իրողություններ, որոնք պարունակում են ինչպես մարտահրավերներ, այնպես էլ հնարավորություններ Հայաստանի համար։ Այս մասին այսօր՝ փետրվարի 10-ին, հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը։
«Իրավիճակը բարդ է, բայց մեր նպատակն է անել հնարավորը՝ Հայաստանի և Արցախի անվտանգությունն ամրապնդելու համար։ Դա հեշտ խնդիր չէ, քանի որ ներկայիս իրավիճակը աշխարհաքաղաքական գործընթացների դրսեւորում է», - հայտարարել է նախարարը։ Նա կարևորել է տարածաշրջանում իրավիճակի դեէսկալացիայի միջոցառումները, ինչը կհանգեցնի Հայաստանի անվտանգության մակարդակի բարձրացմանը:
«Ինչպես արդեն նշել եմ, երկրի անվտանգության ամրապնդումը գերակա խնդիր է։ Այդ խնդիրն ունի բազմաթիվ տարրեր՝ սկսած երկրի ներսում հանգստություն հաստատելուց, ավարտելով այլ ամբիոններով եւ Հայաստանի շուրջ բարենպաստ մթնոլորտի ստեղծմամբ», - ընդգծել է Այվազյանը։
Խոսելով Կարսում ընթացող զորավարժությունների մասին՝ Այվազյանը նշել է, որ, բնականաբար, դա մտահոգիչ է։ «Մի կողմից մենք ականատես ենք լինում զորավարժությունների, մյուս կողմից՝ որոշակի մեսիջներ ենք ստանում Թուրքիայից։ Ես կարծում եմ, որ Թուրքիայի դեպքում եկել է ոչ թե մեսիջներով, այլ գործողություններով առաջնորդվելու ժամանակը», - կարծում է նախարարը։
Նա վստահ է, որ Թուրքիան միջազգային հանրության ճնշման տակ ստիպված կլինի վերադառնալ «բնական գործընթացներին»։ «Այստեղ ես առաջին հերթին նկատի ունեմ, որ Հայաստանի հետ սահմանը փակելու պատճառ այլևս չկա։ Երկար տարիներ Թուրքիան արգելափակում է Հայաստանի հետ սահմանը ՝ պահանջելով Արցախյան հակամարտության ստատուս քվոյի փոփոխություն, ստատուս քվոն փոխվել է ուժի կիրառման միջոցով։ Այլեւս պատճառ չկա փակ պահել Հայաստանի հետ սահմանը», - հայտարարեց Այվազյանը։
Նախարարը վստահեցրել է, որ այս պահին որևէ գործողություն այդ ուղղությամբ չի ձեռնարկվել։ Սակայն արտաքին քաղաքական գերատեսչությունը մտադիր է գործուն քայլեր ձեռնարկել «Հայաստանի շուրջ մթնոլորտի բարելավման» և երկրի անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ։