Խորհրդարանն առաջին ընթերցմամբ սկսել է քննարկել «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրինագիծը, որը նախատեսում է փոփոխություններ կատարել 20-ից ավելի օրենքներում:
Ներկայացնելով օրինագիծը՝ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանը տեղեկացրել է, որ նոր օրենքի հիմնական նպատակներն են հավասարության ապահովումը եւ խտրականության բացառումը, կրթության եւ գիտության ոլորտում թափանցիկության եւ հրապարակայնության ապահովումը: Օրինագծի նպատակն է բարձրացնել բուհերի ինքնավարության և ակադեմիական անկախության մակարդակը, ապահովել հայաստանյան բուհերի և հետազոտական ինստիտուտների եվրոպական համակարգին ինտեգրման գործընթացի շարունակականությունը:
Օրինագծով նախատեսվում է գիտահետազոտական կազմակերպությունների եւ բուհերի ինտեգրման համար հիմքերի ստեղծում՝ ՀՀ ԳԱԱ գիտահետազոտական ինստիտուտներին ինքնուրույն աշխատելու, գիտական ցանցեր մտնելու կամ բուհերին միավորվելու հնարավորություն ընձեռելու միջոցով:
Նախատեսված է երկաստիճան անցում բուհական կրթության որակավորման եռաստիճան համակարգի՝ բակալավր, մագիստրոս, դոկտոր։ Նա պարզաբանել է, որ ասպիրանտուրան, գործող օրենսդրությանը համապատասխան, համարվում է հետբուհական կրթություն: Մինչդեռ Եվրոպայում այս աստիճանը մտնում է բուհական կրթության համակարգ, եւ ավարտելուց հետո տրվում է դոկտորի աստիճան:
Օրինագծով առաջարկվում է հրաժարվել հեռակա ուսուցման համակարգից, քանի որ այդ համակարգն անարդյունավետ է համարվում: Դրա փոխարեն առաջարկվում է ներդնել ուսանողների լրիվ եւ մասնակի ծանրաբեռնվածության համակարգ, որի դեպքում բուհերի սովորողներն իրենք են որոշում իրենց ուսուցման ինտենսիվությունը՝ ըստ ունակությունների, զբաղվածության եւ ֆինանսական հնարավորությունների: Ապահովվում է ուսանողների ավելի լայն մասնակցությունն իրենց ուսումնական պլանի կազմման գործընթացին:
Հնարավորություն է ընձեռվել համատեղ ուսումնական ծրագրեր իրականացնել, նշել է Դումանյանը՝ հավելելով, որ դա խթան կհանդիսանա կրթության միջազգային համակարգին Հայաստանի կրթության ոլորտի ինտեգրման գործընթացն առաջ մղելու համար:
Դրա հետ մեկտեղ, բոլոր բուհական կրթական ծրագրերը պետք է անցնեն պարտադիր սերտիֆիկացման գործընթաց: Թույլատրվում է ուսումնական ծրագրերի իրականացում կամ օտար լեզուներով առանձին առարկաների ուսուցում։ Նախատեսվում է բուհեր ընդունվելու նոր սկզբունքների և մեխանիզմների ներդրում։ Ընդ որում, բուհ ընդունվելու համար հայոց լեզվի քննությունը մնում է պարտադիր։
Կառավարման արդյունավետության բարձրացման նպատակով բուհերի կառավարման խորհուրդների կազմը կսահմանափակվի մինչև 9 հոգի, որոնցից 5–ը կնշանակվեն պետական լիազորված մարմնի կողմից, իսկ 4-ը՝ բուհից: «Պետական կամ քաղաքական գործիչների անդամակցությունը բուհերի կառավարման խորհուրդների կազմում կարգելվի», - հավելել է Դումանյանը:
Նախարարը նշեց նաև, որ պետբյուջեից հատկացվող կրթաթոշակները կբաշխվեն ոչ թե համալսարաններում, այլ ակադեմիական ոլորտներում: Բացի այդ, բուհեր ընդունվելու մրցույթին կարող են մասնակցել ընդունելության պահանջներին համապատասխանող անձինք, ովքեր կունենան վկայական որոշակի քննական առարկաների վերաբերյալ: