Մանկապարտեզներում երեխաների ընդունելությունը սահմանափակող դրույթները մեղմացվել են. ԱՆ
Առողջապահության նախարարի` 2020 թվականի օգոստոսի 4-ի թիվ 17-Ն և 2020 թվականի սեպտեմբերի 18-ի թիվ 24-Ն հրամաններում կատարվել են փոփոխություններ և լրացումներ, ինչի արդյունքում մեղմացվել են որոշ սահմանափակումներ, այդ թվում՝ նախադպրոցական հաստատություններում երեխաների ընդունելությունը սահմանափակող դրույթները, միևնույն ժամանակ, սանիտարական կանոնների պահանջների պահպանմամբ։
Նախադպրոցական հաստատություններում լրացուցիչ ընդունելության կազմակերպում կարելի է իրականացնել հետևյալ դեպքերում.
այն հերթագրված երեխաների համար, որոնց տնային խնամքը գործնականում
հնարավոր չէ ապահովել` ծնողների կամ խնամակալների աշխատանքը հեռավար տարբերակով կազմակերպելու անհնարինությամբ պայմանավորված,
առաջին կամ երկրորդ կարգի հաշմանդամություն, երեք և ավելի երեխա
ունեցող կամ զինծառայող ծնողի (ծնողների) երեխաների համար,
կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող
երեխաների համար,
սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների համար:
Չնայած իրականացված փոփոխություններին և մեղմացումներին՝ նոր կորոնավիրուսային վարակով հիվանդացության վերլուծության արդյունքում պարզվել է, որ առկա է հիվանդացության աճի միտում, վերարտադրության ցուցանիշը հունվարի 30-ից աճել է՝ 0.59-ից հասնելով մինչև 0.95։ Վերջին շաբաթվա ընթացքում հիվանդացությունն առավել բարձր է եղել Տավուշի, Սյունիքի, Լոռու մարզերում, ինչպես նաև` Երևան քաղաքում:
Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման ռիսկը նվազեցնելու նպատակով առողջապահության նախարարությունը հորդորում է բնակչությանը բարձրացնել զգոնությունն անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ.
եթե տանն ունեք կորոնավիրուսային հիվանդությամբ կասկածելի կամ հաստատված դեպք, շփվելիս պահպանե՛ք առնվազն 1.5մ հեռավորություն,
կրե՛ք դիմակ, հնարավորինս խուսափե՛ք մարդաշատ վայրերից և մարդկային կուտակումներից,
տնտեսական գործունեություն իրականացնող կազմակերպություններ հաճախելիս խանութ, վարսավիրանոց, մեծածախ առևտրի կենտրոններ և այլն) պարտադիր պահպանե՛ք սոցիալական հեռավորություն, կրե՛ք դիմակ, մակերեսների հետ շփումից հետո ախտահանե՛ք ձեռքերը 70%-անոց ալկոհոլային հիմքով ախտահանիչով կամ լվացվե՛ք օճառով,
սովորեցրե՛ք Ձեր երեխային հիգիենայի կանոնները և հետևե՛ք վերջիններիս պահպանմանը,
սուր շնչառական հիվանդության ախտանշաններ (ջերմություն, հազ, հարբուխ) ի հայտ գալու դեպքում` անմիջապես կապվե՛ք Ձեր պոլիկլինիկայի բժշկի (թերապևտի կամ մանկաբույժի) հետ:
Պահպանե՛ք անվտանգության կանոնները և եղե՛ք առողջ",- հորդորում են Առողջապահության նախարարությունից: