25.11.2024
Զինված ուժերի դեմ ներքին պատերազմ վաղուց է տարվում. Աբրահամյան
prev Նախորդ նորություն

Հանքահումք և մեքենաներ. ի՞նչ է արտահանել և ներմուծել Հայաստանը 2020-ին

Անցյալ տարի Հայաստանի արտահանման և ներմուծման ծավալները նվազել են: Ներմուծումը նվազել է կտրուկ՝ 17,7 տոկոսով՝ կազմելով 4,5 մլրդ դոլար, իսկ արտահանումը նվազել է 3.9 տոկոսով՝ կազմելով 2,5 մլրդ դոլար:


Ինչպես վկայում են ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները, 2020-ին արտահանման ծավալում ամենամեծ բաժինն ունեցել են հանքահումքային արտադրանքը, պատրաստի սնունդը և թանկարժեք ու կիսաթանկարժեք քարերը, իսկ ներմուծման ծավալներում՝ մեքենաները, սարքավորումները և մեխանիզմները, ինչպես նաև հանքահումքային արտադրանքը:


Արտահանման ծավալներում անցյալ տարի շարունակել է առաջատարը մնալ հանքահումքային արտադրանքը՝ 2020-ի հունվար-դեկտեմբերին արտահանվել է 828 մլն դոլարի հանքահումքային արտադրանք, ինչը 2019-ի նույն ժամանակի համեմատ ավելի է 11,5 տոկոսով: Երկրորդ տեղում պատարստի սննդի արտադրանքն է, որը 2020-ին 2019-ի համեմատ նվազել է 12.8 տոկոսով՝ կազմելով 559 մլն դոլար: Թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի, թանկարժեք մետաղների և դրանցից իրերի արտահանման ծավալը 2020-ին կազմել է 365 մլն դոլար՝ 2019-ի համեմատ պակաս է 11.8 տոկոսով:


2020-ին Հայաստանի արտահանման հիմնական ուղղությունը շարունակել է մնալ Ռուսաստանը: Դեպի Ռուսաստան է արտահանվել 676 մլն դոլարի ապրանք, որը սակայն 2019-ի համեմատ նվազ է 9 տոկոսով: Ըստ արտահանման ծավալների՝ երկրորդ տեղում Շվեյցարիան է՝ 467 մլն դոլար: Ընդ որում դա 2019-ի համեմատ աճել է 2.1 տոկոսով: Երրորդ տեղում Չինաստանն է: Հայաստանից Չինաստան արտահանումը 2020-ի հունվար-դեկտեմբերին կազմել է 290 մլն 039.9 հազար դոլար: Ընդ որում Հայաստանից Չինաստան արտահանման ծավալը 2019-ին աճել է 49.7 տոկոսով:


Հատկանշական է, որ էապես աճել է Հայաստանից դեպի Սլովակիա արտահանմանը ծավալը՝ շուրջ 20.8 անգամ: Դեպի Կորեա արտահանումը 2020-ին աճել է 77.2 տոկոսով, իսկ դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ արտահանումը՝ 67 տոկոսով:


Ըստ ներմուծման ծավալների՝ առաջտարը մնում է Ռուսաստանը, որին բաժին է ընկնում ընդհանուր ներմուծման ծավալի 32 տոկոսը:


Ներմուծման ծավալներում ամենամեծ մասը բաժին է ընկնում մեքենաներին, սարքավորումներին և մեխանիզմներին՝ 874 մլն դոլարի: Երկրորդ տեղում հանքահումքային արտադրանքն է՝ 744 մլն 957.7 հազար դոլարի: Քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանքի ներմուծումը եղել է 414 մլն 539.4 հազար դոլարի: