Զալբեր. ԵՄ-ը դատապարտում է ապրիլյան պատերազմի վայրագությունները
ԵՄ-ն դատապարտում է ԼՂ հակամարտության գոտում բռնության աճը եւ քաղաքացիական բնակչության հանդեպ իրականացված վայրագությունները: Այս մասին հայտարարել է Երեւանում մայիսի 10-ին ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանի հանդիպումից հետո հայտարարել է Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերը:
Նրա խոսքով, ստեղծված իրավիճակում շատ դժվար է միանշանակ գնահատականներ տալ, քանի որ կեղմերը մեղադրում են միմյանց: «Շատ դժվար է գնահատական տալ, քանի որ կողմերը մեղադրում են միմյանց: Մենք կողջունեինք հետաքննություններ անցկացնելու հնարավորությունը, ինչը թույլ կտար պարզել մեղավորներին եւ պատժել նրանց, ովքեր իրականացնել են նման վայրագ գործողություններ», - ասել է ԵՄ հատուկ ներկայացուցիչը, հայտնում է
Մեդիամաքսը։
Հերբերտ Զալբերի խոսքով, հանդիպման նպատակն էր ավելի լավ պատկերացում կազմել տարածաշրջանում կատարված վերջին իրադարձությունների մասին: Պատասխանելով հարցին այն մասին, թե ինչո՞ւ է նա հրաժարվում այցելել Արցախ եւ տեղում ծանոթանալ իրավիճակին՝ Հերբերտ Զալբերը մասնավորապես ասել է. “Ես չեմ հրաժարավում այցելել Լեռնային Ղարաբաղ: Ես իսկապես ցանկանում եմ այցելել եւ կազմել իմ սեփական տպավորությունները: Ես համագործակցային անվտանգության կողմնակից եմ, եւ դրանից բխում է, որ ես շատ եմ ցանկանում նման այց կատարել, որը համաձայնեցված կլինի բոլորի հետ: Մենք փորձում ենք աշխատել այս ուղղությամբ, եւ երբ մենք համաձայնություն ձեռք բերենք, ես անպայման կանեմ նման այց”:
ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանն իր հերթին նշել է, որ ադրբեջանական իշխանությունների դիրքորոշման պատճառով ԵՄ-ի եւ միջազգային այլ կառույցների ներկայացուցիչներ չեն կարողանում այցելել Արցախ: “Մեր դիրքորոշումն այն է, որ սա արհեստական խոչընդոտ է: Եթե միջազգային հանրությունը շահագրգիռ է ունենալու համակողմանի եւ հավասարակշռված պատկերացում իրականության մասին, նրանք անպայման պետք է այցելեն Արցախ, որովհետեւ Արցախն է հակամարտության հիմնական կողմը”,- ասել է
Կարեն Միրզոյանը:
Նախարարի փոխանցմամբ, հանդիպման ընթացքում նա տեղեկացրել է Հերբերտ Զալբերին ապրիլի սկզբին տեղի ունեցած դեպքերի՝ տարածաշրջանային անվտանգության եւ ԼՂ բանակցային գործընթացի վրա ունեցած ազդեցության մասին: “Ես հատկապես շեշտեցի, որ ագրեսիայի ընթացքում Ադրբեջանը ձեռնարկել է մի շարք ռազմական հանցագործություններ: Մեր նպատակն է իրազեկել միջազգային հանրությանը կատարվածի մասին”,- ասել է Կարեն Միրզոյանը: