24.11.2024
Ստեղծվել է ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմում-բողոքների քննարկման հանձնաժողով
prev Նախորդ նորություն

Ռիսկերը մնում են՝ ռազմական գործողությունների վերսկսում, պետականության կորուստ. Գևորգյան

Արցախի հարցում «արագ և խաղաղ լուծման» միտքը Փաշինյանի և իր մտերիմ շրջապատի գլխում միանգամից չէր ծնվել։ Այսպես կոչված հեղափոխական իրադարձությունների սկզբում, կարծում եմ, ո´չ Փաշինյանը, ո´չ իր հովանավորները վստահ չէին երկրում իշխանության գրավման հաջողության մեջ։ Այդ իսկ պատճառով Արցախի հարցում հստակ ծրագիր չունեին։ Այս մասին «Այլընտրանքային նախագծեր» խմբի կայքում հրապարակված հոդվածում գրել է ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը:


Հոդվածը ներկայացնում ենք կրճատումներով:


Ըստ նրա, այն սկսեց ձևավորվել երկրում և նրա շուրջ ծավալվող իրադարձություններին համընթաց։ Այստեղից ծագեցին առաջին անհասկանալի հայտարարությունները, թե Արցախը պիտի դառնա բանակցող կողմ, քանի որ ՀՀ իշխանությունները լիազորված չեն բանակցելու Արցախի անունից և այլն։ Հետո տեղի են ունենում իրադարձություններ, որոնք դրդում են Փաշինյանին՝ անխուսափելիորեն գնալ կոնֆլիկտի «արագ ու խաղաղ կարգավորմանը». «Ինչպես միշտ՝ սրա հիմքում մերկանտիլ հաշվարկներն ու սպասումներն էին, այլ կերպ ասած՝ փողը: Նա հրաշալի հասկանում էր, որ Հայաստանում լատենտ հանրային տրամադրությունները մեծամասամբ կրում են ընդծված մերկանտիլ բնույթ, և նվազագույնը, որ ինքը պետք է անի, պետք է ձևավորի համապատասխան հանրային սպասումներ և փորձի հետո դրանք իրացնել։ Բայց, ի զարմանս Փաշինյանի, նրա արևմտյան գործընկերները հրաժարվեցին խոստումներ տալ միլիոնավոր դոլարների անհատույց ներարկման մասին, և սա դարձավ Փաշինյանի առաջին շոկը։ Նա փաստացի չկարողացավ կապիտալիզացնել իր հեղափոխությունը, ինչպես դա արեց Սահակաշվիլին Վրաստանում։ Նրան հասկացնել տվեցին, որ հայերը հեղափոխությունն իրականացրել են իրենք իրենց համար, այլ ոչ՝ եվրոպացիների կամ ամերիկացիների։ Առավելագույնը, որ խոստանում էին Փաշինյանին, երկարաժամկետ և էժան վարկերն էին։ Այդպես եղավ 2018թ-ի հուլիսին՝ Փաշինյանի բրյուսելյան այցի ժամանակ, այդպես եղավ նույն 2018-ի օգոստոսին՝ կանցլեր Անգելա Մերկելի երևանյան այցի ժամանակ»,- գրել է Գևորգյանը։


Նրա խոսքով, կոնկրետ Արցախի հարցում կային մի շարք տարօրինակ ազդակներ, օրինակ այն, որ Փաշինյանն և իր թիմը թաքցնում էին բանակցային գործընթացը հասարակությունից ու, ըստ էության, հասարակական տրամադրությունները չէին պատրաստում խաղաղ համաձայնագրին։ 


«Արցախյան հարցի «խաղաղ արագ լուծման» առանցքային պահը դարձավ 2018թ․-ի սեպտեմբերը։ Հենց սեպտեմբերին Փաշինյանն անցավ իր ծրագրի իրագործմանը, որի հիմնական էտապներից մեկը Պուտինի աջակցությունը և միջնորդությունն էր՝ Ալիևի հետ հարաբերությունները կարգավորելու հարցում, ներքաղաքական կյանքի թեժացումը «նախկինների» նկատմամբ հանրային ագրեսիվ տրամադրությունների խթանման միջոցով, արագ արտահերթ ընտրությունների անցկացումը՝ հնազանդ մեծամասնության ձևավորման համար և գերակայությունների փաթեթի ձևավորումը՝ կոնֆլիկտի «արագ և խաղաղ» լուծման դիմաց։ Մի ակնթարթ հիշեք 2018թ-ի իրադարձությունները․ սեպտեմբերի 8-ին Փաշինյան-Պուտին ամենաերկար հանդիպումը Մոսկվայում, Քոչարյանի գործով խոսակցությունների ձայնագրության հրապարակումը, Երևանի ավագանու ընտրություններում ագրեսիվ հռետորաբանություն, Պուտինի այցը Բաքու և այնուհետև Դուշանբեի վերելակային բանակցությունները։ Կարծում եմ՝ ռուսական ղեկավարությունը հենց այս էտապում հանգեց այն մտքին, որ Նիկոլի միջոցով կարելի է իրագործել այսպես կոչված Լավրովյան պլանը։


Հիմա արդեն հայտնի է դարձել, որ այդ փուլում, պետությունների ղեկավարների հանդիպումներից զատ, միմյանց հետ շփվում էին նաև երկու երկրների այլ ներկայացուցիչներ։ Դրանից հետո տեղի ունեցավ լիդերների հանդիպումը Դավոսում, և այդպես գնաց։ Հատկանշանական է, որ Փաշինյանի և Ալիևի միջև հանդիպումներն այդ պահից սկսեցին կայանալ Ռուսաստանից դուրս։ Փաշինյանն ու իր թիմը ձգտում էին ցույց տալ խաղաղության և շփման գծում լարվածության բացակայության առավելությունները։ "Նոր խորհրդարան-նոր ներդրումներ» կարգախոսն ամբողջապես տեղավորվում էր Փաշինյանի ռազմավարության տրամաբանության մեջ, իսկ իրականում թաքնված բանաձևը հետևյալն էր՝ «ներդրումներ և կոմունիկացիաներ՝ «արագ և խաղաղ լուծման» դիմաց»։ Կարծում եմ՝ 5 միլիարդ դոլարի թեման Փաշինյանի հետ կարող էր քննարկվել հենց այս կոնտեքստում»,- գրում է նախկին փոխվարչապետը։


Դեպքերի վերլուծությունը Արմեն Գևորգյանին ենթադրել է տալիս, որ հիմնական որոշումները կայացվել են ոչ պաշտոնական ֆորմատի շրջանակներում։ Եվ այստեղ է, որ Փաշինյանը թույլ է տվել հերթական սխալը՝  նա չկարողացավ ճիշտ կողմնորոշվել ստրատեգիական գործընկերոջ ընտրության հարցում իր ծրագիրը իրագործելու համար, փորձեց միանգամից երկու աթոռի վրա նստել։ Բացի այս՝ Փաշինյանը սկսեց ոչնչացնել մեր անմիջական հարևանների հետ հարաբերությունների ավանդույթները տարածաշրջանում՝ անցողիկ խոստումների դիմաց։


"Նման հավաստիացումներ նա, ըստ էության, ստացել էր իր արևմտյան հովանավորներից։ Օրինակ՝ Բոլթոնի երևանյան այցի ժամանակ։ Հիշեք նաև վերջինիս խորհուրդները՝ Թուրքիայի հետ հարաբերությունները հարթելու մասին։ Բոլթոնը սկսեց ինտենսիվորեն համակարգել Երևանի և Բաքվի իր գործընկերներին՝ ելնելով նրանից, որ Թրամփի վարչակազմին կհաջողվի մերկանտիլ և տնտեսական մեթոդներով հասնել Արցախյան հիմնախնդրի կարգավորմանը և այդպիսով Ռուսաստանին դուրս մղել խաղից։ Այս ամենը տեղավորվում էր Թրամփի աշխատակազմի մեյնսթրիմային տրամաբանության մեջ՝ հասնել արագ և մեծ արդյունքների՝ տարածաշրջանային կոնֆլիկտներում։ Չեմ կարծում, թե ՌԴ-ն անտարբերությամբ էր այս ամենին հետևում։ Նա դադար վերցրեց և արդեն 2019-ի ապրիլին կողմերին ներկայացրեց Լավրովյան պլանը։


Այս գործընթացում հայտնվում են նոր թեզեր. Փաշինյանը բանակցությունները սեփական էջից է սկսում, հայտնվում է բանաձև, որ Արցախի խնդրի լուծումը պիտի ընդունելի լինի «Հայաստանի ժողովրդի համար, Ադրբեջանի ժողովրդի համար և Արցախի ժողովրդի համար»։ Փաշինյանի այս բանաձևն ուղղված էր արտաքին աշխարհին։ Նա հպարտանում էր, թե Հայաստանի միակ ղեկավարն է, որը խոսում է նաև Ադրբեջանի ժողովրդի շահերի մասին։ Արդեն չկար անհրաժեշտություն՝ խոսելու Արցախի՝ պաշտոնական մակարդակում բանակցային կողմ դառնալու մասին»,- գրում է հոդվածագիրը։


Հիմա արդեն հասկանալի է, շարունակում է նա, որ, Հայաստանի արտաքին գործընկերների պատկերացմամբ, Փաշինյանի հիմնական առաքելությունն Արցախի հարցը լուծելն էր, այդ իսկ պատճառով՝ երկրի ներսում տեղի ունեցող ոչ ժողովրդավարական գործընթացները համապատասխան գնահատականի և արձագանքի չէին արժանանում։ Արևմուտքի համար Փաշինյանի այդ առաքելությունն ուներ մի նպատակ, արևելքի համար՝ այլ նպատակ։


"Արևմուտքի հիմնական նպատակը Արցախյան հիմնահարցը նման միջոցով լուծելու արդյունքում Ռուսաստանի դերակատարման թուլացումն էր տարածաշրջանում՝ որպես հիմնական խաղացողի, և դրա փոխարեն Թուրքիայի դիրքերի ամրապնդումը՝ տրանսպորտային միջանցքների և ենթակառուցվածքային նախագծերի միջոցով։ Ընդհանուր առմամբ՝ արևմուտքում Փաշինյանի վարչակազմի համար անգամ դետալներով են գծել Արցախյան խնդրի կարգավորման ռազմավարությունը։  


Ռուսաստանին Արցախյան խնդրի կարգավորումը պետք էր՝ Ադրբեջանին սեփական տնտեսական ինտեգրացիոն նախագծերում, օրինակ՝ ԵԱՏՄ-ում տեսնելու համար, այստեղ իր նոր ռազմական կոնտինգենտը տեղակայելու և տարածաշրջանային հիմնական գործընթացների զարգացումը սեփական վերահսկողության ներքո պահել։ Ռուսաստանի համար սա կարևոր էր նաև սեփական մահմեդաբնակ ռեգիոններում ազգայնականության, անջատողականության և թյուրքական էքսպանսիայի ռիսկերը առավելագույնս նվազեցնելու համար։


Անձամբ Փաշինյանի համար Արցախի խնդրի «արագ և խաղաղ լուծումը» դարձավ իր քաղաքականության անկյունաքարը։ «Իզմեր» չունեցող մարդը «տարածքներ փողի դիմաց»-ը դարձրեց իր հիմնական բանաձևը։ Բայց ինչ-որ բան այնպես չգնաց։ 


.... Մոսկվայում տեղի ունեցած վերջին բանակցությունները պարզ ցույց տվեցին, որ երկարաժամկետ խաղաղության և անվտանգության երաշխիքների լոզունգների ներքո Հայաստանին շահագրգռելու են տարածաշրջանային նոր ենթակառուցվածքներով (գազամուղներ, նավթամուղներ, երկաթգծեր և այլն), որոնք դժվար թե ստեղծվեն։ Այն ամենը, ինչը պոտենցիալ ուներ կառուցվելու, արդեն կառուցվել է։ Չեմ կարծում, թե թուրքական կոալիցիան առաջարկի այնպիսի նախագծեր, որոնք լցնելու են Հայաստանի բյուջեն, նաև՝ դժվար թե արևմուտքը ցանկանա, որ այդ եկամուտներից զրկվի վրացական բյուջեն։ Մեզ առաջարկվելու են բացառապես այն նախագծերը, որոնք առաջին հերթին ձեռնտու են Թուրքիային, օրինակ՝ Սյունիքի միջով անցնող միջանցքը՝ սեփական երթուղին հեշտացնելու համար։ Բացի այդ, ՀՀ-ից ՌԴ պոտենցիալ բեռնափոխադրումների աշխարհագրության ճնշող մեծամասնությունն անցնելու է Ադրբեջանի տարածքով, որի հետ մենք պաշտոնական հարաբերություններ չունենք. ո՞վ է ապահովելու մեր բեռների անվտանգությունը, մի՞թե հարավկովկասյան երկաթուղային ընկերությունը։ Իսկ ահա Մեղրիի միջանցքում թուրքերի համար այդ անվտանգությունն ապահովելու են ռուս խաղաղապահները։


...Հետպատերազմական օրակարգի ակտուալ հարցերը որոշվում են Հայաստանից դուրս դեռ սահմանափակ թվով խաղացողների (Ռուսաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի) կողմից։ Որոշումները փաստացիորեն կայացվում են Փաշինյանի փոխարեն։ Փաշինյանն իրենց դեռ անհրաժեշտ է կոնֆլիկտի «արագ խաղաղ լուծման» ծրագիրը մինչև վերջ հասցնելու համար։ Սակայն այդ սխալը կարող է տեղի ունենալ, երբ շատ շուտով սահմանափակ թվով խաղացողների շարքում ակտիվորեն ձգտի տեղ զբաղեցնել ԱՄՆ նորընտիր վարչակազմը։


Ստացվում է՝ 5000 զոհի, 10000 վիրավորի, իրենց հայրենիքն ու տները կորցրած մարդկանց, Արցախի 7 շրջանների, Շուշիի և Հադրութի կորստի և Հայաստանի վտանգված սահմանների գնով Փաշինյանը մեզ համար բացում է երկաթգիծ դեպի Ռուսաստան՝ Ադրբեջանի միջով։ Այսքանով հանդերձ, եթե ուշադիր նայում ենք քարտեզին, այդ ճանապարհն առաջին հերթին ձեռնտու է թուրք-ադրբեջանական կոալիցիային։ Իսկ մենք մնում ենք՝ հարյուրավոր գերիներով Ադրբեջանում, առանց երկարաժամկետ խաղաղության, Արցախի և Հայաստանի անվտանգության իրական երաշխիքների, Արցախի և իր ժողովրդի անհասկանալի ապագայով, լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսման վտանգով և Հայաստանի պետականության կորստի՝ հնարավոր մեծ ռիսկերի առաջ",- գրել է Արմեն Գևորգյանը։