Ինչպես պաշտպանել ուրիշին պատկանող սեփականությունը ոտնձգությունից. կառավարության որոշումը
Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 21-ի նիստում որոշեց ամրապնդել ուրիշին պատկանող սեփականության նկատմամբ ոտնձգությունից պաշտպանության մեխանիզմները:
Այդ նպատակով փոփոխոթյուն կատարվեց «Ներխուժումը կանխելու կամ վերացնելու նպատակով անշարժ գույքի օրինական տիրապետողի կողմից ոստիկանությանը լիազորելու կարգն ու պայմանները սահմանելու մասին» որոշման մեջ:
«Այս փոփոխությամբ վերանայել ենք ֆիզիկական անձի կողմից առանց օրինական տիրապետողի թույլտվության անշարժ գույքի տարածք ներխուժելու դեպքում սեփականության իրավունքի պաշտպանության մեխանիզմները: Մասնավորապես, խնդիր էր առաջանում ներկայումս ոստիկանության կողմից այդ ներխուժումը վերացնելու լիազորության հետ կապված, որովհետեւ առաջանում էին փոխկապակցված այլ հարցեր:
Հաճախ ներխուժումն ուղեկցվում էր նաեւ շարժական գույքի տեղադրմամբ եւ խնդիր էր առաջանում, թե ինչպես պետք է այդ հարցերը կարգավորվեն: Այս նախագծով մանրամասն կարգավորել ենք թե ոստիկանությանը դիմելու, թե լիազորելու կարգն ու պայմանները, թե մանրամասնել ենք իրավունքներն ու պարտականությունները ներխուժումը վերացնելիս», - հարցը ներկայացնելիս ասաց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ այս ընթացքում բախվել են դեպքերի, երբ ուրիշին պատկանող սեփականության նկատմամբ կատարվել է ոտնձգություն: «Բոլորը սա ընդունում են, այսինքն չկա բանավեճ, որ այդ սեփականությունը պատկանում է X մարդուն, բայց Y մարդը որոշակի ոտնձգություն է կատարել նրա նկատմամբ, բայց սեփականությունը վերադարձնելու հետ կապված առաջանում են բազմաթիվ ընթացակարգային խնդիրներ»:
Փաստացի, ընդգծեց նա, ստացվում է, որ լուռ համաձայնություն կա, որ ապօրինություն է տեղի ունեցել, բայց այդ ապօրինությունը վերացնելու համար կարող են երբեմն տարիներ պահանջվել՝ դատական ընթացակարգերով եւ այլն: «Հիմա փորձում ենք հնարավորինս հեշտացնել հարցը, որ նման բարդություններ չծագեն»,-նշեց Փաշինյանը: