24.11.2024
Զորամասերից մեկում հայտնաբերվել են զինծառայողների դիեր
prev Նախորդ նորություն

Հրաչի պատմությունը. Ղարաբաղում զոհվելուց մինչև նոր կյանք

Այսօր առավոտյան` ժամը 06:10-ին, Ախուրյանի Մոր ու մանկան հիվանդանոցում լույս աշխարհ է եկել Թալիշում ապրիլի 3-ին զոհված Հրաչ Գալստյանի եւ Անուշ Օհանյանի դուստրը: Հրաչի մայրը՝ Անահիտ Գալստյանը, հեռախոսով փոխանցեց, որ ծննդաբերությունը նորմալ է ընթացել, խնդիրներ չեն եղել, բայց մինչեւ երկուշաբթի կմնան ծննդատանը՝ հետծննդյան բարդություններից խուսափելու համար: Աղջնակին կոչելու են Անահիտ՝ տատի անունով, ինչպես ցանկացել էր Հրաչը, հայտնում են լրատվամիջոցները:

Երեխայի լույս աշխարհ գալուն Գալստյանները սպասում էին մայիսի 17-ին, սակայն, տատիկի կարծիքով` մայիսյան տոներին ընդառաջ սա լավագույն նվերն էր, որ արեց փոքրիկը՝ ժամկետից տաս օր շուտ ծնվելով:

Ավագ լեյտենանտ, 25-ամյա Հրաչ Գալստյանի մահվան գույժը Գյումրի ավելի շուտ էր հասել, սակայն ծնողներին պաշտոնապես հայտնել էին, թե անհետ կորած է: Տղային ողջ տեսնելու հույսն ամենաուշը մարել էր մոր՝ Անահիտի մոտ: «Էս վերջի երկու օրը մերն անընդհատ գուլար, կըսեր՝ տղես մեռած է, էլ հույս չունիմ, թե կենդանի կտեսնիմ»,-պատմեց Գալստյանների հարեւանուհին, հայտնում է Հետք-ի թղթակիցն ու ներկայացնում Հրաչի կարճ բայց իմաստալից կյանքի և մահվան պատմությունը:

"Հրաչը զինված ուժերում է 2007թ-ից, ավարտել էր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը, այնուհետեւ ծառայության անցել Թալիշում: Մի տարի առաջ ամուսնացել էր: Կինը Մատաղիսից է: Հարեւանուհին պատմում է, որ սպասել են, մինչեւ աղջիկն ավարտի դպրոցը, որ ամուսնանան: Հրաչի աներհայրը նույնպես զինվորական է, միասին ծառայում էին նույն զորամասում: Նորաստեղծ ընտանիքում համալրման սպասում էին մայիսի վերջին՝ Հրաչի կինը հղի է եւ լույս աշխարհ է բերելու առաջնեկին:

Հրաչի հոր՝ Վարդանի մտերիմ ընկերներից Գասպարյան Սամվելի խոսքերով, հոր համար սա երկրորդ երկրաշարժ էր, երկրորդ մեծ կորուստ ու վիշտ: «Ինքը, փաստորեն, երկրորդ անգամ կորցրեց իր Հրաչիկին,-նկատեց զրուցակիցս,-երկրաշարժին առաջին ընտանիքից մենակ ինքն էր փրկվել, կորցրեց կնոջը, աղջկան ու տղային: Հետո երկրորդ անգամ ընտանիք կազմեց: Տղան որ ծնվեց՝ անունը դրեց Հրաչ, մի տղա էլ ունի, անունը Աղաս է, էս երկրորդ տղեն էլ է զինվորական՝ Գյումրու չաստերից մեկում կծառայե: Համեստ, շնորհքով ընտանիք են»:

Սուրբ Նշան եկեղեցուն մոտեցող մեքենայում նկատելով զինվորականների՝ մարդիկ խառնվում են իրար՝ փորձելով հասկանալ, թե երեք զինծառայողներից ում են բերել: Լուրը շատ արագ է տարածվում՝ ավագ լեյտենանտ Հրաչ Գալստյանի դին է՝ փակ դագաղում: Եկեղեցի են հասնում նաեւ Գալստյանների ընտանիքի բարեկամները: Տղայի մորն ուղեկցողները մի կերպ են թեւատակերից բռնած պահում չտեսնող հայացքով, ծալվող ոտքերը հազիվհազ փոխող կնոջը:

Եկեղեցի մտնելուն պես մայրը փլվում է որդու դագաղին: Արտասվում են եկեղեցում ներկա բոլորը՝ կին, թե տղամարդ: Կողքիս կանգնած հարեւանուհին լացակումած ձայնով ասում է, թե Անահիտն ավագ որդուն շատ էր սիրում ու շատ էր կապված հետը: Քահանայի աղոթքից ու մխիթարական խոսքերից հետո մոր դեմքին որոշակի խաղաղություն է իջնում:

Նրա մտացրիվ հայացքը, սահելով ներկաների դեմքերի վրայով, կենտրոնանում էր միայն որդու լուսանկարի վրա: Միակ բանը, որ անհանգստացնում էր Անահիտին՝ տղայի դեմքը մշտապես աչքի առաջ ունենալն էր, ու նա մերթընդմերթ խնդրում էր տղաներից մեկին Հրաչի մեծադիր լուսանկարն այնպես տեղաշարժել, որ եկեղեցի թափանցող լույսը չարտացոլվեր նկարը ծածկող ապակու վրա:

Ես այդպես էլ քաջություն չունեցա ֆոտոխցիկն ուղղել որդեկորույս մոր կողմը", - գրում է Հետք-ի թղթակիցը: