Միլանում դատարանը Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի նախկին անդամ Լուկա Վոլոնտեին մեղավոր է ճանաչել Ադրբեջանում քաղբանտարկյալների մասին զեկույցի ընդունումն արգելափակելու համար կես միլիոն եվրո ստանալու մեջ: Քաղաքական գործիչը դատապարտվել է 4 տարվա ազատազրկման։
Ինչպես գրել է kavkaz-uzel-ը, 2016 թվականի հունիսին հայտնի դարձավ, որ Իտալիայում Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովում Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբակցության նախկին ղեկավար Լուկա Վոլոնտեն մեղադրվում է ադրբեջանցի պաշտոնյաներին աջակցելու համար 2.39 մլն եվրո ստանալու մեջ: Միլանի դատախազությունը նրան կոռուպցիայի եւ հանցավոր ճանապարհով ստացված միջոցների լվացման մեղադրանք է ներկայացրել: Ընդ որում, Վոլոնտեի փաստաբանները կտրականապես հերքել են այդ մեղադրանքները՝ անվանելով դրանք բացարձակ անհիմն։
2016 թվականի դեկտեմբերի 17-ին European Stability Initiative (ESI) կայքում հրապարակվել է «Խավիարային դիվանագիտություն–2»-ի հետաքննությունը, որը վերաբերում է ադրբեջանցի քաղաքական գործիչների կողմից ԵԽԽՎ պատգամավորներին կաշառելու պրակտիկային՝ պաշտոնական Բաքվին շահավետ որոշումներ ընդունելու նպատակով:
Ըստ այդ զեկույցի, Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովում Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբակցության ղեկավար Լուկա Վոլոնտեն նշել է եվրոպացի շատ քաղաքական գործիչների անունները, որոնք անշահախնդիր կերպով լոբբինգ էին անում ադրբեջանական իշխանությունների շահերը: Հարցաքննությունների ժամանակ նա հաստատել է, որ իր հաշվեհամարներին գումար են ստացել Ադրբեջանից, որոնք, ESI-ի կարծիքով, կաշառել են Իտալիայի եւ Եվրոպայի այլ երկրների պատգամավորներին: Այդ պատգամավորները դեմ են քվեարկել ԵԽԽՎ բանաձեւերին եւ զեկույցներին, որոնք դատապարտում են Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումները, հայտարարել է ESI-ն:
Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի նախկին անդամ Լուկա Վոլոնտեն հունվարի 11-ին կոռուպցիայի մեղադրանքով դատապարտվել է չորս տարվա ազատազրկման, գրում է իտալական La Repubblica պարբերականը:
Միլանում դատարանը Վոլոնտեին մեղավոր է ճանաչել Ադրբեջանից երկու քաղաքական գործիչներից կես միլիոն եվրո ստանալու մեջ։ Այդ գումարը Վոլոնտեն, ինչպես պնդում է դատարանը, ստացել է 2013 թվականին Ադրբեջանում քաղբանտարկյալների մասին ԵԽԽՎ զեկույցի ընդունումը արգելափակելու համար:
Մեղադրող կողմը կարծում է, որ Վոլոնտեին Ադրբեջանի պետական միջոցներից 10 մլն եվրո է խոստացվել երկու հիմնադրամների հաշվին: Միջոցները ձևակերպվել են որպես վճար խորհրդատվական ծառայությունների համար: Այդ գումարից Վոլոնտեն ստացել է մոտ 2,4 մլն դոլար։ Ապացուցել, սակայն, հաջողվել է միայն կես միլիոն դոլար ստանալու փաստը:
Վոլոնտեի պաշտպանությունը գոհունակություն է հայտնել, որ նախկին պատգամավորն արդարացվել է մեղադրանքի կետերի մեծամասնությամբ, բացառությամբ նշված կաշառքի հանգամանքը։ «Մենք վստահ ենք, որ բողոքարկումից հետո նույնիսկ մեղադրանքի այս փոքր մասը կվերանա, եւ լիովին կճանաչվի Լուկա Վոլոնտեի անմեղությունը», - պարբերականը մեջբերում է փաստաբան Դոմենիկո Պուլիտանոյի խոսքը:
Լուկա Վոլոնտեն չորս անգամ ընտրվել է Իտալիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի անդամ, վերջին անգամ ՝ 2008 - ին։ ԵԽԽՎ-ում Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբակցության ղեկավարը եղել է 2010-ի հունվարից մինչև 2013-ի հունիսը։