Պետությունը կհոգա հայրենիքի պաշտպանությանը մասնակցած անձանց վերականգնողական բուժումը
Կառավարությունը ՀՀ-ում հայտարարված ռազմական դրության արդյունքում տուժած որոշակի խումբ անձանց սոցիալական աջակցություն կցուցաբերի:
Խոսքն այն մասին է, որ հայրենիքի պաշտպանությանը մասնակցած անձանց վերականգնողական բուժման ծախսերը պետությունը վերցնում է իր վրա:
Գործադիրի նիստում ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հիշեցրեց, որ տարեսկզբին նման բան արվել է, երբ զինծառայողների և փրկարար ծառայողների ու նրանց ընտանիքի անդամներին բժշկական օգնության ծառայությունների մատուցված ծրագրի մեխանիզմը փոխվել էր: Խոսքը բաց պայմանագրերի մասին է, երբ տարեկան բյուջեները բուժհաստատությունների սահմանափակված չէին:
"Այս ծրագրում, սակայն, բացակայում էր վերականգնողական բուժօգնությունը զինծառայողների մարտական գործողությունների ժամանակ ստացած վիրավորումների արդյունքում: Համապատասխան որոշման փոփոխությամբ առաջարկում ենք տեղափոխել այս ծառայությունները բաց պայմանագրերի դաշտ, որպեսզի մերժումների և մրցակցության սահմանափակման հարց չունենանք: Այսինքն ցանկացած ԲԿ, որն ունի նման ծառայություններ մատուցելու կարողություններ, կկարողանա դրանք մատուցել և հերթերի, հերթագրման կամ մերժումների խնդիր չի առաջանա»,- ասաց նախարարը: