23.11.2024
Լավրովի այցը Երևան. իշխանությունները խոսում են «կարմիր գծերի» մասին
prev Նախորդ նորություն

Նպատակային վարկավորում. Բաքուն փորձում է կաշառե՞լ Թեհրանին

Լրջագույն ֆինանսա-տնտեսական խնդիրների հետ բախված, նավթի գներով պայմանավորված մանաթի արժեզրկման պայմաններում, Ադրբեջանը ցանկանում է հարևան Իրանին վարկ տրամադրել: Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Իրանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Մահմուդ Վաեզին, վարկը հասնելու է 500 միլիոն դոլարի, և այդ գումարներն ուղղվելու են Ռեշտ-Աստարա երկաթգծի շինարարության համար՝ Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի շրջանակներում:

Վերջին ամիսներին երկրում հզոր բողոքի ակցիաներ էին, որոնք կապված էին շարքային քաղաքացիների կենսամակարդակի անկման հետ: Ըստ երևույթին, զանգվածային բողոքի ցույցները երկրի իշխանությունները փորձեցին որոշակի չափով չեզոքացնել Լեռնային Ղարաբաղի դեմ ագրեսիայով: Քանի որ նման դեպքերում արտաքին թշնամու կերպարի ձևավորումն օգտագործվում է իշխանությունների կողմից բողոքական ալիքն այլ հուն շեղելու համար:

Հերթական անգամ ռազմա-քաղաքական ֆիասկո ապրելով ղարաբաղյան ճակատում` Բաքուն ըստ ամենայնի, մտածում է ՀՀ-ի տրանսպորտային-կոմունիկացիոն մեկուսացման հերթական փորձի շուրջ, այլ կերպ այսպիսի «շռայլությունը» չի կարելի բացատրել:

ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանի կարծիքով, այդ վարկով Բաքուն փորձում է Կարս-Ախալքալաք-Բաքվի նմանությամբ ծրագիր իրականացնել իրանական ուղղությամբ, սակայն նույնպես շրջանցելով ՀՀ-ը:

«Ադրբեջանը ցանկանում է Թեհրանի ուշադրությունը շեղել հայկական ուղղությունից:Հայտնի է, որ Երևանն ու Իրանը քննարկում են կոմունիկացիոն նախագծեր, մասնավորապես Պարսից ծոց-Սև ծոց միջանցքը: Այս առումով մեր դիվանագիտությունը պետք է ակտիվ լինի և առաջարկի երկկողմ ծրագրերի իրականացման ձեռնտու մեխանիզմներ», - նշել է Ոսկանյանը VERELQ-ի հետ զրույցում:

Ինչպես հայտնել են իրանական ԶԼՄ-ները, ադրբեջանական վարկը հիմնականում ուղղվելու է Աստարա գետի վրա երկաթգծային կամրջի շինարարությանը: Սակայն բաց է մնում Ռեշտ-Աստարա գծի շինարարության հարցը, որի երկարությունը կազմում է մոտ 140 կմ, դրա համար անհրաժեշտ են լրացուցիչ գումարներ: Նախագծի ընդհանուր արժեքը կազմում է մեկ միլիարդ դոլար: «Ի դեպ, այն խոսակցությունները, որ Իրան-Ադրբեջան երկաթգիծն ավելի էժան է, քանի հայ-իրանական նախագիծը, շինծու են», - նշում է Ոսկանյանը:

Նրա կարծիքով, չնայած իրանա-ադրբեջանական տնտեսական կապերի որոշակի ակտիվացմանը, Թեհրանը միշտ էլ հայկական ուղղությունն իր համար առաջնային է համարել: «Եթե մենք կարողանանք անհրաժեշտ գումարները գտնել երկկողմ համաձայնագրերի իրականացման համար, ապա Իրանի համար մեր ուղղությունն ավելի նախընտրելի է, քանի ադրբեջանականը», - նշել է փորձագետը: Ինչ վերաբերվում է Ադրբեջանի փորձերին փոխելու Թեհրանի դիրքորոշումը ղարաբաղյան հարցում, ապա, ըստ Ոսկանյանի Իրանի դիրքորոշման փոփոխությունն այդ հարցում քիչ հավանական է:

Իրանն իր համար վաղուց որոշել է, թե ինչ դիրքորոշում պետք է որդեգրի Ղարաբաղի հարցում: Ինչքան կարճ լինի իրանա-ադրբեջանական սահմանն, այնքան ավելի հարմարավետ կլինի Իրանին: Իսլամական Հանրապետության համար ձեռնտու չէր, եթե հայկական ուժերը հետ քաշվեին այն տարածքներից, որոնք սահմանակցում են Արաքսին:Նա նշել է, որ Բաքվի ու Թեհրանի հակասությունները, օրինակ Կասպից ծովի, պատմա-մշակութային հուշարձանների շուրջ հակասություններն այնքան խորն են, որ ոչ մի վարկային համաձայնագիր չի կարող շտկել այդ հակասությունները:

Ավելի սկեպտիկ է վերավերվում իրանա-ադրբեջանական համագործակցության ապագային Լեռնային Ղարաբաղի նախկին ԱԳ նախար Արման Մելիքյանը: Նրա խոսքով, ժամանակը ցույց կտա, թե ինչքան երկարաժամկետ կլինի Ադրբեջանի ու Իրանի համագործակցությունը: Աշխարհաքաղաքական գործընթացները զարգանում են շատ արագ և չի բացառվում, որ մոտակա ժամանակներս Բաքուն չի կարողանա ոչ մի բանի համար վարկեր տրամադրել, անգամ սեփական վարկերի համար վճարել: «Բացի այդ, Իրանը, ինքանով ես գիտեմ նրանց պետական համակարգի առանձնահատկությունները, այն երկիրը չէ, որին կարելի է գնալ ի վնաս իր ազգային շահերի:Պաշտոնական Թեհրանը հստակ պատկերացնում է տարածաշրջանային սպառնալիքներն ու կարողանում է արդյունավետ դրանք կանխել», - VERELQ հետ զրույցում նշել է նա: Փորձագետը նշել է, որ իրանական կողմը կկարողանա բալանսավորել իր հարաբերություններն Ադրբեջանի հետ, որպեսզի դրանք չզարգանան ի վնաս ՀՀ-ի ու ԼՂՀ շահերի: