ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ Մովսես Հակոբյանը, որը նախօրեին ազատման դիմում է գրել, այսօր ասուլիսի ժամանակ խոսել է բանակի սպառազինման հարցում վերջին 2,5 տարում թույլ տրված սխալների մասին և «Սու-30 ՍՄ» կործանիչների ձեռք բերման գործարքի մասին:
Նրա խոսքով, 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո ռազմաքաղաքական ղեկավարությունը կազմել է Զինված ուժերի զարգացման պլանը, քանի որ վստահ է եղել՝ ապագա պատերազմն այլ կերպ է լինելու:
«Այդ ժամանակ կազմվել է սպառազինությունների ձեռքբերման պլան: Նշանակվել եմ ՊՆ փոխնախարար, սպառազինությունների ձեռք բերման բոլոր պայմանագրերը ես եմ կնքել: 2017-ին ձեռք է բերվել «Սմերչ» կայաններ, «Տոռ»-եր, «Իգլա»-ներ, «Վերբա»-ներ: Դրանք այն զինատեսակներն են, որոք այս պատերազմում կռվել են, խոցում են իրականացրել: Ձեռք է բերվել մեծ քանակությամբ նռնականետեր, խնդիր է դրվել մեծ քանակությամբ հրետանային հրթիռներ ձեռք բերելու համար», - ասել է նա:
Մովսես Հակոբյանը նշել է, որ զիված ուժերի 2018-2022 թվականի զարգացման պլանով խնդիր է դրվել ձեռք բերել երկու դիվիզիոն «Տոռ»: «Ընդ որում մեկը 2018-ին, որի 10 տոկոս կանխավճարն արդեն փոխանցված է եղել: Այդ պլանը վերացական չի եղել: Հստակ է եղել գումարը որտեղից է վերցվում: Գումարները կար, սա ցանկությունների պլան չէր: Պետք է ձեռք բերվեր մեկ դիվիզիոն «Սմերչ» իր մարտալրակազմով, պիտի կատարելագործվեր «Իսկանդեր»-ի համակարգը, պիտի ձեռք բերվեր «Կոռներտ»-ներ և մեծ քանակությամբ զինամթերք», - նշեց նա:
Նա հայտարարեց, որ 2018 թվականի բանակի սպառազինության պլանը փոխել են ներկայիս իշխանությունները և ձեռք են բերել Սու-30 ՍՄ, «Զու-23» և հետագայում նաև «ՕՍԱ-ԱԿ» ՀՕՊ միջոցներ: «Հիմա հարց՝ դրանցից քանիսն են կռվել այս պատերազմում: Ոչ մեկը», - հարցրեց ու պատասխանեց նա՝ հավելելով, որ այդ միջոցները ձեռք են բերել, քանի որ չեն պատկերացրել պատերազմն ինչ է:
«Երբ իմացել եմ, որ Սու-30 ՍՄ կործանիչների պայմանագրերը կնքված են, ես վարչապետի գրասենյակում ասել եմ, որ սա հանցագործություն է և սրա համար պատասխան եք տալու», - հիշեցրեց նա:
Հակոբյանի խոսքով, Սու-30 ՍՄ կործանիչները կամ «ՕՍԱ-ԱԿ» ՀՕՊ միջոցները մշտապես առաջարկվել են Հայաստանին:
«Երբ ես եղել եմ Գլխավոր շտաբի պետ կամ դեպարտամենտի ղեկավար, ինչ-որ երկիր եմ այցելել, դրանք վաճառողները մշտապես ինձ սպասել են այն հյուրանոցի ընդունարանում, որպեղ ես եմ եղել: Հետո իմացա իմ տեղաշարժման ուղեգիծն ով է տալիս, որ գան և ինձ նման առաջարկություն անեն: Ինձ 2016 թ.-ից առաջարկել են Սու-30 ՍՄ ձեռք բերել: Ես դա մերժել եմ և հիմանավորել եմ երկրի նախագահին, ինչու դա մեզ պետք չէ: Եվ չի կարող ներկայիս ղեկավարությունը հերքի, որ ինքը զենք է ձեռք բերել՝ չկարդալով ՌԴ կառավարության որոշումը, որ զինամթերք իրենց չեն վաճառելու: ՌԴ կառավարության որոշմամբ արգելված է այդ զինամթերքը, որը կարող է 130 կմ հեռավորության վրա խոսցել, վաճառել այլ երկրի: Դրա համար Սու-30-ներն այսօր գտնվում են մեր երկրում առանց զինամթերքի», - ասել է նա:
Նրա խոսքով, Սու-30-ներ ձեռք բերելու վրա ծախսվել են «ՏՈՌ» գնելու համար նախատեսված գումարները: Հաջորդ տարի որոշել են ոչ թե «ՏՈՌ» գնել, այլ «ՕՍԱ-ԱԿ» ՀՕՊ միջոցները՝ պատճառաբանելով, որ «ՏՈՌ» ՀՕՊ միջոցները ձեռք բերելը երկար գործընթաց է: «Ես պնդել եմ, որ դա սխալ է, լինելու է նոր սերունդի պատերազմ: Ես դա պնդել եմ՝ իմանալով, որ այսօր «ՕՍԱ-ԱԿ» ՀՕՊ միջոցների հրթիռ կամ մասեր չեն արտադրում: Դա ասվել է, սակայն որոշվել է արագ ինչ-որ բան առնել ու հայտարարել, որ օդը փակվել է», - ասաց է նա:
Վերջում նա հավելեց, որ արցախյան պատերազմի ժամանակ ԱԹՍ-ները հինականում խոցել են «Իգլա-Ս», հրաձգային զեների ու «ՏՈՌ» ՀՕՊ միջոցներով: