Հայաստանն ու Արցախը պետք է ջանքերը կենտրոնացնեն տնտեսությունների վերականգնման վրա
Գրանցվում են ռազմական գործողությունների վերսկսման հետեւանքով իրենց տները լքած քաղաքացիների՝ Ստեփանակերտ վերադառնալու բավականին բարձր տեմպեր։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 16-ին, ԱԺ-ում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ Արցախ վերադարձող մարդկանց թիվն ամեն օր գերազանցում է 1000-ը, եւ այդ տեմպերն աճում են։ Վարչապետը կարևորել է մարդկանց վերադարձին, տների, ենթակառուցվածքների և տնտեսությունների վերականգնմանն աջակցելը: «Տնտեսությունը պետք է նորից սկսի աշխատել։ Եվ Հայաստանի կառավարությունը, և Արցախի կառավարությունը պետք է կենտրոնացնեն իրենց ջանքերը հենց դա ապահովելու համար։ Այս բոլոր գործընթացներին կամավորների ներգրավումը նույնպես չափազանց կարեւոր է», - ասել է Փաշինյանը։
Այսօր կբացվի Լաչինի միջանցքով դեպի Ստեփանակերտ ճանապարհը, նշել է վարչապետը՝ հավելելով, որ կապահովվի ճանապարհային միջանցքի անխափան գործողությունը, ինչը մեծապես կնպաստի վերոնշյալ գործընթացներին։