23.11.2024
Սերժ Սարգսյանը կայցելի Իտալիա և Վատիկան
prev Նախորդ նորություն

Մամուլի տեսություն. ինքնաթիռով Հայաստանից մեկնել եւ չի վերադարձել 11 հազար 536 մարդ

Verelq.am-ը ներկայացնում է հայաստանյան տպագիր մամուլի տեսությունը, որում ներառված է շաբաթվա կարևոր իրադարձությունների մասին ընդգրկուն տեղեկատվություն:

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Աբովյանում տեղակայված ԲՀԿ գրասենյակում օրերս նախկին և ներկա մի շարք ԲՀԿ-ականներ «նիստ» են արել, քննարկել քաղաքապետի թեկնածուի հարցը: Մեր տեղեկություններով, այն վարել է Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետը՝ Էդոն: Որոշվել է առաջադրել Ծառուկյանի օգնականին՝ Վահագն Գևորգյանին: Անգամ քննարկվել է, թե ով պետք է լինի նրա շտաբի պետը, ավագանու անդամ Գեղամ Հայրապետյանը: Վերջինս մեզ հետ զրույցում նախ նշեց, որ նոր է լսում այդ մասին, կճշտի, կասի, ապա հավելեց. «Ես չեմ եղել, բայց տենց նիստ չի եղել: Դա ԲՀԿ-ի գրասենյակը չի, նախկինում է եղել, ընկերական տեղ է, ուղղակի հավաքատեղի, առանց կուսակցական որևէ բանի՝ միշտ էլ այնտեղ հավաքվում ենք, նման քաղաքական կամ թեկնածության թեմա չկա»»:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այս տարվա առաջին երեք ամիսներին, ըստ պաշտոնական վիճակագրության, ինքնաթիռով Հայաստանից մեկնել եւ չի վերադարձել 11 հազար 536 մարդ: Ըստ այդ տվյալների, որոնք հրապարակել է ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը, Հայաստանի երկու` «Զվարթնոց» եւ «Շիրակ» օդանավակայաններից ընդհանուր հաշվով մեկնել է 123 հազար 164 ուղեւոր, իսկ ժամանել` 111 հազար 628-ը: Ուշագրավ է նաեւ այն փաստը, որ այս տարվա առաջին եռամսյակի տվյալներով՝ կտրուկ նվազել են ինքնաթիռով բեռների փոխադրման ծավալները: Անցած տարի ինքնաթիռով Հայաստանից առաքվել է 1029 տոննա բեռ, այս տարի` 648 տոննա: Անցած տարի ինքնաթիռով Հայաստան է բերվել 544 տոննա բեռ, այս տարի` 398 տոննա»: