ԱԳՆ. չի կարելի թույլ տալ Բաքվին օգուտ քաղել ռազմական ագրեսիայից
Երևանում կարծում են, որ չի կարելի թույլ տալ, որպեսզի բանակցությունների ընթացքում Բաքուն օգուտ քաղի ռազմական ագրեսիայից: Այդ մասին ապրիլի 21-ի կառավարության նիստից հետո լրագրողներին հայտնել է Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:
Այսօր Երևան է ժամանելու Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ քննարկելու ՀՀ ղեկավարության հետ ղարաբաղյան հիմնախնդիրը: Ռուսաստանյան պարբերականներ՝ Известия-ն ու Коммерсантъ-ը, նախորդ օրերին գրեցին, որ Ռուսաստանի նախագահ Պուտինն անձամբ է մասնակցելու առաջիկայում մեկնարկող բանակցություններին: Ըստ այդ հրապարակումների ՌԴ-ն ունի հակամարտության կարգավորման սեփական պլանը, որը հետևյալն է․ Ադրբեջանին պետք է վերադարձվեն տարածքների մի մասը, խաղաղապահներ տեղակայվեն, վերադառնում են նաև փախստականները, բացվում են սահմանները, և հետո, երբ կրքերը հանդարտվեն, Ղարաբաղի կարգավիճակի մասին հանրաքվե կանցկացվի:
Նրա հավաստիացմամբ, հայկական կողմը հետեւողական կլինի, որ բանակցությունները նման ընթացք չստանան: «Չի կարելի հաշվի չառնել Ադրբեջանի ագրեսիվ պահվածքը, որն արդեն երեք եռակողմ պայմանագիր է խախտել, եւ ապագա բանակցային գործընթացը որպես մեկնակետ կունենա հետեւյալ դրույթները: Նախ` անհրաժեշտ է դադարեցնել կրակը, որովհետեւ երբ կրակում են, անհնար է բանակցություններ վարել: Երկրորդ` անհրաժեշտ է հաշվի առնելմ, որ մենք գործ ունենք մի սուբյեկտի հետ, որը հրաժարվում է սեփական միջազգային պարտավորություններից: Նշանակում է` ապագայում եւս որեւէ փուլում նրանք կարող են հաժարվել իրենց ստորագրություններից», - նշել է փոխնախարարը:
«Փաստաթուղթը Մադրիդն է, Կազանն է, բայց կոնկրետ այս պահին փաստաթուղթ չկա: Լավրովը գալիս է ոչ թե պատասխան ստանալու համար, այլ սա իր այցն է, որի ընթացքում քննարկվելու է հարաբերությունների լայն շրջանակ: Եվ բնական է՝ չի կարող շրջանցվել, այն էլ Ադրբեջանի այս վերջին ագրեսիայից հետո, իրավիճակը՝ կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ»,- պարզաբանեց փոխարտգործնախարարը:
Ըստ նրա, շրջանառվում է նաև «հետաձգված հանրաքվեի» գաղափարը, որը միջնորդներն առաջարկել են, որպեսզի Ադրբեջանի իշխանությունները կարողանան փրկել իրենց դեմքը և ժամանակ ունենան իրենց ժողովրդին հանրաքվեի անհրաժեշտությունը հրամցնելու համար: «Բայց, այս ժամանակահատվածը ցույց տվեց, որ Բաքուն ոչ թե օգտագործում է այդ ժամանակը՝ դեմքը փրկելու համար, ավելի ճիշտ՝ իր ժողովրդին բացատրելու համար դրա անխուսափելիությունը, այլ գործում է հակառակ ուղղությամբ: Սա արդեն ստիպում է այդ հարցում բանակցել այլ մոտեցումների շուրջ»,- լրագրողներին ասաց փոխարտգործնախարար Շավարչ Քոչարյանը: