Թուրքիան տարածաշրջանում նոր, ապակառուցողական ու վտանգավոր դեր է ստանձնել, որի նպատակը տարածաշրջանն ապակայունացնել է՝ Հարավային Կովկասը դարձնելով մի տարածաշրջանի, որը կնմանվի Մերձավոր Արևելքի: Ահաբեկիչների ներմուծումը Հարավային Կովկաս դրա վառ ապացույցն է: Այս մասին ասուլիսում հայտարարեց «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահ Արման Ղուկասյանը:
Նրա խոսքով, այս իմաստով տարածաշրջանի բոլոր երկրները կանգնած են լրջագույն սպառնալիքի առաջ, քանի որ Թուրքիայի այս քաղաքականությունը բոլորին սպառնում է քաոսով ու ապակայունացմամբ.
«Թուրքիայի այս քայլերը ու գործադրվող ջանքերը ի վերջո հանգեցնելու են տարածաշրջանում քաոտիկ վիճակի և բոլորը դա պետք է գիտակցեն: Մենք ևս պետք է հասկանանք, որ Հայաստանը կանգնած է լրջագույն ու երկարաժամկետ մարտահրավերների առաջ, ինչը ենթադրում է, որ պետք է ունենանք երկարաժամկետ տեսլական այս մարտահրավերին պատասխանելու ու դիմագրավելու համար»,- նշեց նա:
Այս իմաստով բանախոսը կարևորեց Ռուսաստանի դերը: Ղուկասյանը նշեց, որ տարիներ շարունակ մենք խոսել ենք այն մասին, որ հայ-ռուսական հարաբերություններն ունեն շատ կարևոր նպատակ: Այն է՝ այդ հարաբերությունները կարևոր ու պիտանի ոչ միայն մեր երկրի անվտանգության տեսանկյունից, այլ միտված են ամբողջ տարածաշրջանի կայունության ապահովմանը: Եվ այս պատերազմում էլ Ռուսաստանը ցույց տվեց, որ միակ գերտերությունն է, որն իսկապես ռեալ ջանքեր է գործադրում պատերազմը դադարեցնելու համար.
«Մենք գիտենք, որ ՌԴ զինված ուժերը այս մեկ ամսվա ընթացքում Սիրիայում շատ լուրջ վնաս հասցրեցին թուրքամետ տարբեր ահաբեկչական օջախներին, ինչը, հաշվի առնելով նաև Էրդողանի արձագանքը, լուրջ վնաս է հասցրել: Եվ սա միանշանակ պետք է կապել ղարաբաղյան այս հակամարտության հետ»,- ասաց նա, հիշեցնելով, որ Ռուսաստանը նաև այլ ֆրոնտով է հարված հասցնում Թուրքիային ու Ադրբեջանին, մասնավորապես՝ արգելելով գյուղատնտեսական ապրանքների ներմուծումն այս երկրներից:
«Սա ուղիղ մեսիջ է Անկարային ու Բաքվին, որպեսզի զերծ մնան իրավիճակն էլ ավելի սրելուց»,- շեշտեց բանախոսը:
Ղուկասյանը հիշեցրեց, որ տարիներ շարունակ Հայաստանում որոշ շրջանակներից վճարվող գործիչներ փորձել են նսեմացնել ՌԴ դերակատարությունը տարածաշրջանի կայունության գործում և պահանջել, որպեսզի մեր երկրից դուրս բերվի ռուսական ռազմաբազան: Բայց այսօր, ընդգծեց նա, մենք լավ տեսնում ենք, թե ինչի համար էր պետք ռազմաբազան, որն այսօր, փաստացի, զերծ է պահում մեր երկիրը ուղիղ հարձակումից:
Ինչ վերաբերում է այն բոլոր կոչերին, թե ՌԴ-ն պետք է ուղիղ կերպով միջամտի ու բախման գնա Ադրբեջանի հետ, դրանք, ըստ բանախոսի, միտում ունեն էլ ավելի ապակայունացնել իրավիճակը, ինչպես նաև միտում ունեն Հայաստանը վերածել լուրջ ռազմական թատերաբեմի.
«Եթե Ռուսաստանը ուղղակի միջամտի ղարաբաղյան այս պատերազմին, դա կնշանակի ուղիղ բախում Թուրքիայի հետ, իսկ դա էլ, իր հերթին, նշանակում է ուղիղ բախում ՆԱՏՕ-ի հետ: Ստացվում է, որ մենք ուզում ենք, որ Հայաստանը դառնա լրջագույն հետևանքներով ռազմական թատերաբեմ գերտերությունների համա՞ր: Սա, կարծում եմ, չի բխում առաջին հերթին հենց Հայաստանի շահերից»,- ընդգծեց Ղուկասյանը:
Վերջինս հիշեցրեց, որ այս 40 օրերի ըթնացքում մենք ականատես եղանք, թե ինչպես շատ ու շատ երկրներ, որոնց վրա մենք հույս էինք դնում, դրանք ուղղակի ֆիկտիվ հայտարարություններ են անում առանց ռեալ քայլերի: Ավելին, բանախոսը վստահ է, որ շատ դեպքերում անգամ այդ արձագանքը չէր լինի, եթե այդ երկրներում մենք չունենայինք հայկական համայնքներ: Եվ փաստացի միակ ռեալ ջանքերը, որ գործադրում է, դա Ռուսաստանի Դաշնությունն է.
«Պետք է արձանագրեմ, որ անցած 2-2,5 տարվա ընթացքում հայ-ռուսական հարաբերությունները որոշակի անկում են ապրել, արտաքին քաղաքականության հարցում կան բազում սխալներ: Մեր նպատակն այն պետք է լինի, որ մենք կարողանանք մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ բարձրացնենք նոր մակարդակի, բարձրացնենք ՌԴ-ում ՀՀ կառավարության հանդեպ վստահության մակարդակը և այնպես անենք, որ այդ հարաբերությունները երկարաժամկետ առումով լինեն ամուր և կայուն: Հայ-ռուսական հարաբերություններն այն երաշխիքն են, որոնք թույլ կտան մեզ արձագանքել այն մարտահրավերներին, որոնք այսօր էլ և վաղն էլ առկա են լինելու»,- հավելեց նա: