23.11.2024
ՌԴ և Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարները կքննարկեն իրավիճակը Ղարաբաղում
prev Նախորդ նորություն

Ալի Հասանով. Պուտինի նախաձեռնությամբ ինտենսիվ բանակցություններ կսկսվեն Ղարաբաղի հարցով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ մոտակա ժամանակներս կարող են ինտենսիվ բանակցություններ սկսվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի հասարակական-քաղաքական հարցերով օգնական Ալի Հասանովը:

«Նախաձեռնությունը ստացվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից: Նա դիմել է երկու երկրների նախագահներին և համապատասխանաբար այժմ պատրաստվում է բանակցային գործընթաց:Հավանաբար մոտակա օրերս կսկսվի բանակցությունների ինտենսիվ փուլը», -նշել է Հասանովը Հազար հեռուստաընկերության եթերում:

Պաշտոնական Երևանը ևս հաստատեց բանակցությունների ակտիվացման վերաբերյալ ՌԴ իշխանությունների դիմումի մասին տեղեկատվությունը: VERELQ-ի հետ զրույցում, ՀՀ նախագահի մամլո խոսնակ Վլադիմիր Հակոբյանը նշեց, որ առաջիկա ժամերին հայկական կողմը կհայտնի իր դիրքորոշման մասին:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ապրիլի 14-ին ժողովրդի հետ ուղիղ կապի ժամանակ անդրադարձել էր ապրիլի սկզբին Ղարաբաղում իրավիճակի կտրուկ սրմանը՝ նշելով, որ ղարաբաղյան հակամարտությանը պետք է «շատ զգուշորեն մոտենալ»: Նա նաեւ հավաստաիացրել էր, որ առաջիկայում ՌԴ-ն մեծ ներդրում կունենա խնդրի կարգավորման հարցում:

Լեռնային Ղարաբաղում զորքերի շփման գծում ապրիլի 2-ին իրավիճակը կտրուկ լարվել է՝սկսվել են ռազմական թեժ բախումները, ինչից հետո հակամարտության կողմերը միմյանց են մեղադրել հրադադարի խախտման համար:Ապրիլի 5-ին ժամը 12.00-ին կրակի դադարեցման պայմանավորվածություն է ձեռք բերվել: Այն ձեռք է բերվել Մոսկվայում ՀՀ և Ադրբեջանի ԳՇ պետերի հանդիպման ընթացքում: Սակայն դրանից հետո Ադրբեջանը հրադադարի խախտման և դիվերսիոն փորձեր է իրականացրել: